Փետրվարի 10-ը նշվում է որպես Էպիլեպսիայի միջազգային օր: Այն առանցքային նախաձեռնություն է ԱՀԿ 10-ամյա միջոլորտային գլոբալ գործողությունների պլանի (IGAP 2022-2031) իրականացման համար: Վերջինս միտված է ամրապնդելու էպիլեպսիայի նկատմամբ հանրային առողջության մոտեցումը և երկու գլոբալ նպատակները՝ աշխարհում էպիլեպսիայով պացիենտների բուժման հիմնական խնդիրները նվազեցնելու և էպիլեպսիայով անձանց իրավունքները պաշտպանելու և խարանի նվազեցման համար:
Էպիլեպսիան գլխուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է, որին բաժին է ընկնում հիվանդությունների համաշխարհային բեռի զգալի մասը՝ 50 միլիոն հիվանդության դեպք: Այն բնութագրվում է կրկնվող ցնցումային նոպաներով, որոնք ակամա շարժման կարճ դրվագներ են և կարող են ընդգրկել մարմնի մի մասը (մասնակի) կամ ամբողջ մարմինը (ընդհանրացված)՝ ուղեկցվելով գիտակցության կորստով կամ աղիների ու միզապարկի աշխատանքի ֆունկցիայի անկառավարելիությամբ: Ներկայումս ակտիվ էպիլեպսիայով ընդհանուր բնակչության մասնաբաժինը կազմում է 4-10 (1000 մարդու հաշվով): Գնահատվել է, որ աշխարհում տարեկան 5 միլիոն մարդու մոտ ախտորոշվում է էպիլեպսիա: Բարձր եկամուտ ունեցող երկրներում տարեկան ախտորոշվում է 49 դեպք/100.000: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը կարող է հասնել 139-ի: Էպիլեպսիա ունեցող մարդկանց 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Հայաստանում 2022թ.-ին արձանագրվել է էպիլեպսիայի 739 նոր դեպք, որից 50%-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ: 2023թ.-ին արձանագրվել է 941 դեպք, որից 43%-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ: Հիվանդացության ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 31 և 25, այսինքն՝ ավելացել է 1.2 անգամ: Հարկ է նշել, որ էպիլեպսիա ունեցող մարդիկ հաճախ են ունենում ֆիզիկական խնդիրներ՝ վնասվածքներ, կոտրվածքներ և կապտուկներ, ինչպես նաև հոգեբանական խանգարումներ՝ անհանգստություն և դեպրեսիա: «Էպիլեպսիա» ախտորոշում ունեցող մարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը երեք անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր բնակչության շրջանում, իսկ վաղաժամ մահացության ամենաբարձր ցուցանիշները նկատվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում և գյուղական վայրերում: Դրանց պատճառների զգալի մասը կապված են ընկնելու, խեղդվելու, այրվածքներ ստանալու հետ: Էպիլեպսիայի պատճառները տարբեր են և շատ դեպքերում՝ անհայտ: Այն կարող է զարգանալ հետևյալ պատճառներով՝ գլխուղեղի, ներարգանդային կամ ծննդաբերական վնասվածքներ, բնածին անոմալիաներով կամ գենետիկ հիվանդություններով պայմանավորված, գլխուղեղի արատներ, գլխուղեղի ծանր վնասվածք, կաթված, որը սահմանափակում է թթվածնի մատակարարումը, որոշ վարակներ, ինչպիսիք են մենինգիտը, էնցեֆալիտը կամ նեյրոցիստիցերկոզը, գլխուղեղի ուռուցքները: Կարևոր է նշել, որ էպիլեպսիայի դեպքերի 25%-ը հնարավոր է կանխել և վերահսկել: Էպիլեպսիա ունեցող մարդկանց մինչև 70%-ը կարող է ազատվել նոպաներից՝ հակաէպիլեպտիկ դեղամիջոցների պատշաճ օգտագործման միջոցով կամ վիրահատական միջամտությամբ:
Կարևոր է իմանալ էպիլեպսիայի կանխարգելման միջոցառումները.
Կարևոր է նաև իմանալ, թե ինչպես վարվել մարդու մոտ էպիլեպսիայի նոպայի առաջացման դեպքում: Մասնագետների խորհրդով՝ պետք չէ փորձել մատների միջոցով լեզուն պահել, քանի որ լեզուն կուլ գնալ չի կարող և այդ ընթացքում դուք կարող եք ձեզ վնասել: Սկզբում անհրաժեշտ է ապահովել անվտանգ միջավայր, եթե գլխով հատակին հարվածելու վտանգ կա, գլխի տակ փափուկ իր դնել՝ նրան վնասվածքներից պաշտպանելու համար: Քանի որ ցնցման ընթացքում կարող է լինել փսխում կամ թքարտադրություն, ուստի ցնցվող մարդուն պետք է թեքել կողքի, որպեսզի այդ զանգվածները չանցնեն շնչուղիներ։ Պետք է անպայման ֆիքսել ժամանակը, թե երբ եղավ ցնցումը՝ բժշկին հայտնելու համար, և կանչել շտապօգնություն։