Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երազանքները նպատակի վերածել ու շարժվել առաջ. անվանական կրթաթոշակառու Հասմիկ Գասպարյան

Երազանքները նպատակի վերածել ու շարժվել առաջ. անվանական կրթաթոշակառու Հասմիկ Գասպարյան

ԵՊԲՀ-ն շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ նպաստելով կրթված մասնագետներ ձևավորելուն և ոգևորիչ օրինակ դարձնելով ապագա բժիշկների համար:

2022-2023թթ. ուսումնական տարում բժշկական համալսարանն ունի 5 անվանական կրթաթոշակառու, որոնց թեկնածությունն առաջիկայում կհաստատվի ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստում:

«Վահան Արծրունու անվան» կրթաթոշակի հավակնորդ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Հասմիկ Գասպարյանը  վստահ է՝ բժշկի կոչմանը արժանի լինելու համար պետք է գիտակցել պատասխանատվության, ազնվության, մարդու արժեքը կարևորելու խնդիրը։

«Ինձ հաճախ են հարցրել ինչու հենց բժիշկ։ Կարծում եմ՝ բոլորն ունեն իրենց պատմությունը։ Իմ պատասխանը շատ պարզ ու հստակ է եղել․ երազանք։ Իսկ երազանքները նպատակի վերածել ու առաջ շարժվել, անշուշտ, կյանքում հասցնել է պետք։ Այսօրվա պես հիշում եմ, դեռ տարիներ առաջ, երբ հայրիկիս հետ քայլում էինք գլխավոր մասնաշենքի կողքով, անհավատալի էր թվում, որ իմ անունն էլ կգրվի համալսարանի պատին՝ ընդունվածների շարքում, այն էլ անվճար։ Ես երջանիկ էի, հարազատներս՝ հպարտ»,-ուրախությամբ պատմում է հերացիականը:

Հասմիկը անսահման սեր տածելով երեխաների նկատմամբ, որոշել է որպես նեղ մասնագիտություն ընտրել մանկաբուժությունը. «Փոքրիկների ժպտացող աչքերը կլինեն իմ ուժն ու եռանդը»։

Անդրադառնալով արժանացած կրթաթոշակին և բարձր առաջադիմությամբ սովորելուն, նշում է՝ չնայած դժվարություններին, եղել են մարդիկ, որոնք իր կողքին են եղել, աջակցել դժվար օրերին: «Ուրախացել են իմ հաջողություններով ու վերելքով, և աջակցել հիասթափության ժամանակ։ Շնորհակալ եմ բոլորիցդ»,-հավելում է նա։

Բժշկությունից բացի արդյոք որևէ այլ մասնագիտության մեջ պատկերացնու՞մ է իրեն, Հասմիկը ընդգծում է. «Ինձ ասում են, թե ես արվեստի մարդ եմ, հետևաբար եթե ոչ բժիշկ, ապա ինձ կտեսնեիք բեմերում։ Գուցե շնորհալի արտիստ լինեի»։

Հավելենք, որ բուհն անվանական կրթաթոշակ տրամադրում է այն հավակնորդներին, որոնք ունեն բացարձակ գերազանց առաջադիմություն, տպագրված գիտական աշխատանքներ, օտար լեզվի իմացություն, մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ներգրավվածություն բուհի, ֆակուլտետների ուսանողական և հասարակական աշխատանքներին: