Բնակչության ծերացումը համընդհանուր սոցիալ-առողջապահական և տնտեսական հիմնախնդիր է 21-րդ դարում, ինչն առավել ցայտուն դրսևորում ունի զարգացած երկրներում:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` «EUROSTAT» վիճակագրական կայքում վերջերս տպագրված հոդվածի համաձայն 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԵՄ բնակչության միջին տարիքը հասել է 44.7-ի։
Սա նշանակում է, որ ԵՄ բնակչության կեսը 44.7 տարեկանից բարձր է, իսկ մյուս կեսը՝ ավելի երիտասարդ: ԵՄ երկրներում այս ցուցանիշը տատանվում էր Իռլանդիայում գրանցված ամենացածր ցուցանիշից` 39.4, մինչև Իտալիայում գրանցված ամենաբարձր ցուցանիշը` 48.7:
Միջին տարիքը 2014-ի համեմատ աճել է 2.2 տարով. 2014թ.-ին այն 42.5 է եղել: Աճը գրանցվել է ԵՄ բոլոր երկրներում, բացառությամբ Մալթայի (-0,7 տարի) և Գերմանիայի (-0,1 տարի):
Բնակչության ծերացումը առավել ցայտուն է եղել Հունաստանում, Իտալիայում, Պորտուգալիայում և Սլովակիայում, որտեղ միջին ցուցանիշն աճել է 4.0 տարով: Կիպրոսում, Իսպանիայում և Լեհաստանում միջին տարիքը աճել է 3.8 տարով։
Ըստ վիճակագրության, 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԵՄ անդամ երկրներում ծնված բնակչության միջին տարիքը 2 տարով ավելի բարձր էր, քան արտերկրում ծնված բնակչության տարիքը (45.1՝ 43.1 տարվա դիմաց), «արտերկրում ծնված բնակչություն» համարվում են հաշվետու երկրներից դուրս ծնված մարդիկ:
Բնիկ բնակչության համեմատ՝ օտարերկրյա ծագում ունեցող անձինք հիմնականում պատկանում են 20-ից 54 տարիքային խմբին, մինչդեռ նրանք բավականին քիչ են ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ տարիքային խմբերում: Ընդհանուր առմամբ, արտասահմանում (ԵՄ-ից դուրս) ծնված բնակչության 59.7%-ը 20-ից 54 տարեկան է, իսկ ԵՄ բնիկ բնակչության միայն 42.1% է 20-54 տարեկան:
Բնիկ բնակչությունը վերաբերում է հաշվետու երկրում ծնված մարդկանց՝ անկախ նրանից, թե նրանց ծնողները բնիկ են, թե ծագումով օտարերկրացիներ:
Բնակչության ծերացման մեկ այլ խնդիր է ամենատարեց բնակչության ծերացումը, քանի որ շատ ծեր մարդկանց թիվը հարաբերականորեն աճում է ավելի արագ տեմպերով, քան ԵՄ բնակչության ցանկացած այլ տարիքային խումբ: Կանխատեսվում է, որ 80 և ավելի բարձր տարիքի անձանց մասնաբաժինը ԵՄ բնակչության մեջ 2024-2100 թվականներին կավելանա 2.5 անգամ ՝ 6.1%-ից հասնելով 15.3%-ի:
Կանխատեսվում է, որ 2024թ.-ից 2100 թվականներին աշխատանքային տարիքի բնակչության մասնաբաժինը կնվազի, մինչդեռ տարեցները, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ մասնաբաժին կունենան ընդհանուր բնակչության մեջ. 65 և ավելի բարձր տարիքի անձինք մինչև 2100 թվականը կկազմեն ԵՄ բնակչության 32.5%-ը՝ 2024 թվականի 21.6%-ի համեմատ:
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԵՄ բնակչությունը գնահատվել է 449.3 միլիոն մարդ, իսկ նրանցից ավելի քան մեկ հինգերորդը (21.6%) կազմել են 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ:
Տարիքային խմբերի միջև բնակչության վերաբաշխման արդյունքում կանխատեսվում է, որ ԵՄ-ում ծերության մասնաբաժինը գրեթե կկրկնապատկվի՝ 2024 թվականի 33.9%-ից մինչև 59.7% մինչև 2100 թվականը, իսկ տարիքային ընդհանուր մասնաբաժինը կանխատեսվում է, որ կավելանա 2024 թվականի 56.8%-ից մինչև 83.9% մինչև 2100 թվականը: Սպասվում է, որ միջին տարիքը կավելանա 5.5 տարով՝ 2024 թվականի 44.7-ից` 2100 թվականին հասնելով 50.2-ի:
ԵՄ երկրների շարքում 2024 թվականին ընդհանուր բնակչության մեջ երեխաների ամենաբարձր մասնաբաժինը նկատվել է Իռլանդիայում (18.9%), Շվեդիայում (17.1%) և Ֆրանսիայում (17.0%), մինչդեռ ամենացածր մասնաբաժինը գրանցվել է Իտալիայում (12.2%), Մալթայում (12.3%) և Պորտուգալիայում (12.8%): 2024 թվականին երեխաների մասնաբաժինը բնակչության մեջ մնացել է անփոփոխ, մինչդեռ այլ երկրներում այն նվազել է: Ինչ վերաբերում է ընդհանուր բնակչության մեջ տարեցների մասնաբաժնին, ապա ամենաբարձր ցուցանիշներն ունեցել են Իտալիան (24.3%), Պորտուգալիան (24.1%), Բուլղարիան (23.8%), Ֆինլանդիան (23.4%), Հունաստանը (23.3%) և Խորվաթիան (23.0%), մինչդեռ Լյուքսեմբուրգը (15.0%) և Իռլանդիան (15.5%) ունեցել են ամենացածր համամասնությունները: 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ԵՄ 26 երկրներում տարեցների մասնաբաժինը աճել է, և միայն Մալթայում է այն նվազել։
Հայաստանում ըստ 2024թ.-ի Ժողովրդագրական ժողովածուի տվյալների` 2023թ.-ին գրանցված բնակչության միջին տարիքը կազմել է 39.2, ընդորում տղամարդկանց միջին տարիքը եղել է 37.1, իսկ կանանցը` 41.1:
Եթե համեմատենք 2014թ.-ին Հայաստանում արձանագրված միջին տարիքի հետ, որն այդ ժամանակ եղել է 35.9, ապա կարող ենք ասել, որ 10 տարվա կտրվածքով, ինչպես ԵՄ անդամ երկրներում, այնպես էլ մեր երկրում նկատելի է միջին տարիքի ցուցանիշի աճ` 1.1 անգամ /3.3 տարով/:
Բնակչության ծերացման պատճառով առաջացած խնդիրները ոչ միայն ժողովրդագրական բնույթ են կրում, դրանք մեծացնում են սոցիալ-տնտեսական և առողջապահական բեռը երկրի տնտեսության վրա և պահանջում են տևական ու համալիր աշխատանք բացասական միտումների ուղղությունը փոխելու նպատակով: