Նոյեմբերի 29-ին ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց: Նիստի օրակարգի առանցքում էր Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ամենամյա հաշվետվությունը: Ներկայացվեց հետազոտական գործունեությունը 2019-2022/2023 թվականների կտրվածքով։
Փաստերով ու թվերով պրոռեկտորը խոսեց բժշկական համալսարանում իրականացվող միջազգային հետազոտական դրամաշնորհների մասին։
Դրանցից գլխավոր չորսն են՝ COBRAIN-ը (Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing) Հայաստանի համակարգմամբ իրականացվող առաջին Հորիզոն 2020 նախագիծն է:
Ծրագրի նպատակն է բարձրացնել բուհի հետազոտական և նորարարական կարողությունները՝ ուժեղացնելով ուղեղի հետազոտության ոլորտը։ «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագիրը բժշկական բուհի երկրորդ Twinning ծրագիրն է, որի հիմնական նպատակներից է ստեղծել կարևոր ենթակառուցվածքներ քաղցկեղի ուսումնասիրման ոլորտում մոլեկուլյար ախտորոշման համար: SCAUT-ը (Ser-Col; from finger to laboratory; personalized and automated serum collection for laboratory diagnostics) Հայաստանում իրականացվող ԵՄ Հորիզոն 2020 եզակի հետազոտական ծրագրերից է։
«Արագ առաջընթաց դեպի նորարարություն» գործողության այս ծրագրի շրջանակում հետազոտական թիմը վալիդացրել է արյան նմուշառման վակուտայներին փոխարինող նոր սարքը, որը կիրառվել է ախտորոշիչ տարբեր նպատակներով:
Հաջորդ կարևոր ծրագիրը Համաշխահային բանկի հետ համագործակցությամբ իրականացված «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» նախագիծն է, որի արդյունքում ստեղծվել է տեխնիկապես հագեցած ուղեղի հետազոտությունների կենտրոնը:
Վերջերս մեկնարկել է ՀԲ համագործակցությամբ իրականացվող երկրորդ դրամաշնորհային ծրագիրը՝ «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա», որի արդյունքում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի կազմում կստեղծվի գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները միավորող ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա:
«Ուշադրության է արժանի այն փաստը, որ իրականացվող ծրագրերն ինտեգրվել են և ազդեցություն են ունեցել համալսարանի հետազոտական նոր էկոհամակարգի ձևավորման վրա»,- նշեց պրոֆեսոր Ենկոյանը՝ անդրադառնալով նաև գիտակրթական դրամաշնորհներին։
ԱՄՆ ազգային առողջապահության ինստիտուտի հետ իրականացվող հանրային առողջության ոլորտի ծրագիրը, Էնդոկրինոլոգիայի, Սրտաբանության, Նյարդաբանության և Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնների կլինիկական փորձարկումները նույնպես խթան են գիտության զարգացմանը։
Գիտական սարքերի ձեռքբերման դրամաշնորհների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ գործակցության, այլ գործընթացների մասին ևս անդրադարձ կար հաշվետվության մեջ։
Համալսարանականների` գիտությանը վերաբերող հարցերին արձագանքելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր ամբիոն պարտավոր է համալսարանական գործունեության, առաքելության շրջանակում իրականացնել գիտական աշխատանք։
Նա շեշտեց, որ գիտական ցուցանիշների բարեփոխումների տրամաբանությունը հաշվառելի գիտություն իրականացնելն է, խոսքը այդ թվում Web of Science շտեմարանի ազդեցության գործոն ունեցող հետազոտական հոդվածների մասին է։
Դրանց թիվը բժշկական բուհում աճել է վերջին հինգ տարում ` հասնելով 390-ի, իսկ վերջին տարիներին տարեկան շուրջ 100 հոդվածի:
Ռեկտորի գնահատմամբ՝ գիտական ատենախոսությունների պաշտպանությունների և ազդեցության գործոն ունեցող գիտական պարբերականներում հրապարակվող հոդվածների թվաքանակի աճը զուգահեռաբար գիտության իրական արտացոլումը պետք է լինի։
Պրոռեկտորը ևս նկատեց, որ գիտությունը տարածելու գլխավոր սկզբունքը հնարավորինս շատ հետազոտական աշխատանք իրականացնելն է` ձգտելով զարգացնել հետազոտական դարանները, ներգրավելով նոր հետազոտողների տարբեր ամբիոններից։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հարցերը բազմաթիվ էին, վերաբերում էին կրթությանը զուգահեռ դասախոսական կազմի գիտությամբ զբաղվելու հնարավորություններին, ժամանակի արդյունավետ բաշխվածությանը։
Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով և գիտության զարգացումն ու ուսանողության ակտիվ մասնակցությունը այդ պրոցեսներում շեշտադրելով՝ Արմեն Մուրադյանը մանրամասնեց օրեր առաջ ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի մասին` տեղեկացնելով, որ այցելել է աշխարհի առաջին տասնյակում գտնվող բժշկական հաստատություններ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ կրթաթոշակների, ուսումնական, այլ ուղղություններով։
Նա շեշտեց, որ երիտասարդների գիտությամբ զբաղվելու հեռանկարներից է նաև կապն ու գործակցությունը ԵՊԲՀ անվանի շրջանավարտների հետ, որոնք մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր անկյունների հեղինակավոր առողջապահական կազմակերպություններում, համալսարաններում։ Արտերկրում մեկդարյա կրթագիտական հաստատության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև հայ համայնքի, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ։
ԵՊԲՀ գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը ներկայացրեց անվանական կրթաթոշակի հավակնող կլինիկական օրդինատորների թեկնածությունները։
Գիտական խորհրդի հաստատմամբ, ամիսներ առաջ սահմանված ակադեմիկոս, անվանի բժիշկ-գիտնական Գուրգեն Բադալյանի անունը կրող կրթաթոշակը կտրամադրվի Սրտաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Արտյոմ Աղաբաբյանին:
Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի նախկին երկարամյա վարիչ, պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի անվան կրթաթոշակ է ստանալու նույն ամբիոնի կլինիկական օրդինատոր Լիլիթ Սարգսյանը։
Անվանական կրթաթոշակառուներին շնորհավորելով՝ բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ նրանք հպարտությամբ կկրեն բժշկագիտության նվիրյալների կրթաթոշակառու լինելու բարձր հնարավորությունն ու պատիվը։
Նիստը եզրափակվեց Թերապևտիկ ստոմատոլոգիայի, ինչպես նաև Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությամբ։
Ամբիոնի վարիչների թեկնածուներ՝ Աննա Վարդանյանը և Լազար Եսայանը ներկայացրին զարգացման իրենց տեսլականները՝ հաշվի առնելով, որ ստոմատոլոգիայի զարգացումը համալսարանի համար օրակարգային նշանակություն ունի։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Աննա Վարդանյանն ընտրվեց Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի, Լազար Եսայանը վերընտրվեց Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի, իսկ Մարինա Մարգարյանը և Վահե Ազատյանը նույն ամբիոնի պրոֆեսորների պաշտոններում:
Ստոմատոլոգիայի բնագավառի վերաբերյալ խոսքը եզրափակելով ` ռեկտորը կարևորեց կատարվող բարեփոխումների իրականացումը հետագա ծրագրային հավատարմագրման տեսանկյունից։
Զեկուցվեցին և հաստատվեցին մի շարք կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։