Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ հյուրերն էին «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամները

ԵՊԲՀ հյուրերն էին «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամները

Բժշկական համալսարանի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը հյուրընկալել էր համանուն ծրագրի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամներին՝ «Ալցհեյմերի հիվանդության կանխարգելում 2020» կազմակերպության նախագահ «Alzheimer’s & Dementia» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Զավեն Խաչատուրյանին, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նյարդաբանության և դեղաբանության լաբորատորիայի ղեկավար, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նյարդաբանության և դեղաբանության լաբորատորիայի ղեկավար, Նեյրոգիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆին, Լոզանի համալսարանի բջջային և մոլեկուլյար նեյրոթերապիայի լաբորատորիայի ղեկավար Նիկոլ Դեգլոնին, Մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, լաբորատորիայի ղեկավար, մոլեկուլային և բջջային նեյրոկենսաբանության փորձագետ Ջասեկ Ջավորսկուն:

Առաջատար մասնագետների այցի նպատակը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական ռազմավարության քննարկումն էր:

Գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ»  կենտրոնի գլխավոր գիտաշխատող  Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, հանդիպեցին բժշկական համալսարանի հետազոտողների հետ՝ կիսվելով իրենց հարուստ փորձով:

«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամներին ընդունեց նաև ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ողջունելով հյուրերին՝ բուհի ղեկավարը նշեց, որ մեծ պատիվ է նրանց հետ աշխատելը։ «Մեծ հույս ունեմ, որ այս աշխատանքի արդյունքում մեր երիտասարդների մոտ կարթնանա գիտական մտքի ամբողջական ներուժը։ Համալսարանը պահպանում է իր ինքնավարությունը, և միայն դրա հաշվին է, որ մենք կարողացանք այսպիսի գիտական բեկում ապահովել։ Մենք բոլորս շատ դժվար ժամանակներում ենք ապրում, և այդ ամենի մեջ պահել ցանկությունը՝ տեսնելու քեզնից լավ սերունդ, կարծում եմ, ամենակարևորն է։ Մեզ համար դա թիվ մեկ առաքելությունն է։ Չեմ թաքցնում, որ այս աշխատանքներում մենք շատ մեծ սպասումներ ունենք ձեզնից»,- նշեց Արմեն Մուրադյանը։    

Հայազգի գիտնական Զավեն Խաչատուրյանը, որը մոտ 30 ինստիտուտ է հիմնադրել ԱՄՆ-ում, շեշտեց, որ ցանկանում է Հայաստան բերել հետազոտական և ժամանակակից տեխնոլոգիաների կարողությունները։ «2005 թվականին մենք Լաս Վեգասում զրոյից ստեղծեցինք կլինիկա, որն առաջինն էր աշխարհում Ալցհեյմերի և  նման այլ հիվանդությունների բուժման ոլորտում։ Հայաստանի համար մեծ հնարավորություններ կան՝ միանալու առողջ ուղեղի ուղղությամբ ներդրվող համաշխարհային ջանքերին՝ Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Հարավային Ամերիկա, Աֆրիկա։ Հայաստանը ևս պետք է միանա այս ցանցին», – ընդգծեց նա։    

Հետազոտությունը, գիտնականի խոսքով, բժշկական կրթության կարևոր մասն է։

«Անհրաժեշտ է ամուր պարտավորվածություն՝ հետազոտություններ կատարելու և բժշկական կրթության որակը բարձրացնելու համար», – հավելեց Զավեն Խաչատուրյանը։ 

Ռեկտորի համոզմամբ՝ գիտության ոլորտում կատարվող ծախսերը միանշանակ պետք է ավելացնել, և կրթությունը պետք է առաջընթաց ունենա գիտության միջոցով։

«Կարծում եմ, եթե կա թիմ, որի անդամները մտածում են միանման, վստահում են միմյանց և ունեն նույն նպատակը, ապա մենք անպայման կգտնենք հնարավորություններ։ Եթե գիտությունը չունի կիրառական հատված, այն դժվար է ընկալվում երիտասարդների կողմից։ Եվ երկրորդ, եթե գիտնականն ապահովված և պաշտպանված չէ, նա ազատ չէ, և դա ևս դժվար է ընկալվում։ Մենք փորձեցինք կարծրատիպեր կոտրել, ապացուցեցինք, որ միասին կարող ենք իրագործել ամենաանհավանական նախագիծը։ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը մեզ համար գիտության մեջ բեկում էր, բայց համալսարանը չի կարող միայն մեկ ուղղություն ունենալ։ Այնուամենայնիվ, սա մեր գլխավոր ուղղությունն է։  Մենք ուզում ենք խաղաղություն, սա վերաբերում է ամբողջ աշխարհին։ Բոլոր ժամանակներում պատերազմներն են զարգացրել բժշկությունը, բացի 21-րդ դարից, որովհետև հիմա շատ մեծ հնարավորություններ կան առանց ավելորդ մարդկային զոհերի զարգացնել գիտությունը և բժշկությունը», -փաստեց Արմեն Մուրադյանը։

Նեյրոգիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆի խոսքով՝ պատմականորեն Հայաստանը մշտապես եղել է նեյրոգիտության առաջատարներից մեկը։

«Մյուս կողմից, ուղեղն այսօր կենսաբժշկության գլխավոր թիրախն է։ Ուղեղն ամենաբարդ օրգանն է։ Եվ բժշկական համալսարանը եզակի հնարավորություն ունի՝ լինելու ազգային առաջնորդ կենսաբժշկության այս կարևորագույն ոլորտում», – ընդգծեց նա։  

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամները մի քանի օր Երևանում, Ուղեղի կենտրոնում են լինելու: