Բժշկական համալսարանի գիտական մտքի էպիկենտրոնում` «ՔՈԲՐԵՅՆ»-ում ամռան ամիսներին ևս գիտահետազոտական ակտիվ աշխատանքներ են իրականացվում:
Մասնավորապես, շարունակվել են կորոնավիրուսային համավարակից հետո իմունային համակարգին վերաբերող ուսումնասիրությունները, որոնք ավելի կենտրոնացել են հակամարմինների որակի, նրանց չեզոքացող հատկության վրա: Ուսումնասիրվում են նաև կորոնավիրուսից հետո հումորալ իմուն պատասխանի տարիքային առանձնահատությունները, տարեցների և երիտասարդների մոտ դրանց տարբերությունները: Գրեթե ավարտին է հասցվել կաթվածի կենդանական մոդելի վրա նեյրոնալ ստիմուլյացիայի արդյունքում ուղեղում վերականգնման պրոցեսների գնահատմանը ուղղված գիտական նախագծի փորձարարական հատվածը: Շարունակվում են նաև Հայաստանում աուտիզմի սպեկտրի խանգարման ռիսկի գործոնների և կորոնավիրուսից հետո պացիենտների կոգնիտիվ խանգարումների դրսևորման ուսումնասիրման աշխատանքները:
Կայացել է «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի միջազգային խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը, քննարկվել են կենտրոնի զարգացման հեռանկարները: Տրվեց Labship ծրագրի մեկնարկը, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են կենտրոնի 3 լաբորատորիայի գործունեությանը, ձեռք բերել գործնական հմտություններ, ինքնուրույն իրականացրել փորձարարական աշխատանքներ: Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի թիմը հանդիպել է Sante_Armenia թիմի անդամների հետ, քննարկել կլինիկական փորձարկումների զարգացմանն ուղղված հետագա համագործակցությունը։ Կենտրոնի դռները արձակուրդային շրջանում ևս բաց էին բոլոր հետաքրքրվածների առաջ: Հանրապետության տարբեր մարզերի դպրոցների ավագ դասարանների շուրջ 50 աշակերտ հյուրընկալվեց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում: «Ուսանողի տուն» կազմակերպության նախաձեռնությամբ բնագիտական ուղղվածությամբ գիտելիքները խորացնել ցանկացող դպրոցականներն այցեր կատարեցին կենտրոն: Առցանց ձևաչափով հանդիպումներ են անցկացվել արտերկրի գիտնականների հետ: Կենտրոնի կողմից հեղինակվել են հոդվածներ, որոնք նեկայացված են գիտական հանդեսներին և մշակման փուլում են, ինչպես նաև թիմի անդամները մասնակցել են նեյրոգիտության եվրոպական կոնգրեսին:
Բժշկական բուհը, ի դեմս կենտրոնի, մասնակցություն է ունեցել նաև Horizon Europe նախաձեռնության հավաքին, որը նոր միջազգային ծրագրերի նախապատրաստման համար կարևոր դեր ուներ: Համալսարանական գիտական թիմը ուսումնական տարվա մեկնարկին նոր ուժերով ու գաղափարներով կներկայանա Հայաստանի ու արտերկրի գիտական հանրությանը: