Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆարմակոգնոզիայի ամբիոնի ասիստենտը ներգրավված է գիտահետազոտական աշխատանքներում

Ֆարմակոգնոզիայի ամբիոնի  ասիստենտը ներգրավված է գիտահետազոտական աշխատանքներում

ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի  ասիստենտ Արշալույս Ղազարյանը ներգրավվել է նարդես (բոխ) բուսատեսակի պոպուլյացիաները հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով ամբիոնում ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի համաձայն կատարվող գիտահետազոտական աշխատանքի շրջանակում ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի գիտարշավային խմբում:

Գիտարշավի շնորհիվ հնարավոր է եղել հայտաբերվել բույսի աճման վայրերը` Արագածոտնի մարզ, Բյուրական:

Բուսաբանների ջանքերի շնորհիվ (Հայաստանի ֆլորայի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ՝ Անուշ Ներսիսյան, առաջատար գիտաշխատողներ՝ Ալեքսանդր Ռուդով, Սոնա Գալստյան) հայտնաբերված բուսատեսակը նույնականացվեց որպես նարդես կոշտավուն (Ferula rigidula DC):

Նշենք, որ  Նարդեսը  (Ferula L.), նեխուրազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է:  Հայտնի է մոտ 130, իսկ մեր հանրապետությունում՝ 4 տեսակ՝ Ն պարսկական (F.persica), Ն. Սովիչի (F. szowitsiana), Ն. կոշտավուն (F. rigidula) և Ն. արևելյան (F.orientalis):

Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին:  Ծաղկում է վաղ գարնանը:   Միջազգային գիտական աղբյուրների տվյալներով՝ արմատի հանուկը կիրառվում է որպես հակաբորբոքային, կծկանքալույծ և ցավազրկող, իսկ տերևների և խոտի հեղուկ հանուկը՝ որպես հակահելմինթային և խորխաբեր միջոց:  Բույսի պատրաստուկները խթանում են մարսողությունը և ցուցաբերում գազահան ազդեցություն:  Ուսումնասիրվում  է նաև  բույսի հակադիաբետիկ ազդեցությունը: Բույսը  պարունակում է եթերայուղ և խեժային նյութեր: Հասունացած պտուղները օգտագործում են որպես համեմունք:

Հայաստանի ֆլորայի այս բուսատեսակը նախագծի շրջանակում հետաքրքրություն է ներկայացնում որպես դեղամիջոց և սննդի կենսակտիվ հավելում:

Բույսը ներկայացվել է հերբարիզացման ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտում:

ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի ասիստենտ  Արշալույս Ղազարյանը հետազոտում է  բույսի վերգետնյա և ստորգետնյա հատվածներից անջատված լուծամզվածքների բաղադրությունը և  եթերայուղի բաղադրությունը: