ԵՊԲՀ-ն բոլոր ժամանակներում կայացել ու զարգացել է առաջին հերթին մարդկային ներուժի շնորհիվ: Գործի գիտակներ, որոնք չնայած երիտասարդ տարիքին առաջատար են իրենց ընտրած ոլորտում՝ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով զինված:
Կարճ ժամանակ առաջ բժշկական բուհում ամփոփվեց գիտական կարևոր իրադարձություններից մեկը՝ «Ուղեղի ճանաչման շաբաթը», որի շրջանակում ակտիվ մասնակցություն ունացավ Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս Հասմիկ Հարությունյանը: Բացահայտելով երիտասարդ մասնագետին՝ նրա հետ զրուցել ենք մասնագիտական թեմաների շուրջ:
-Ինչպե՞ս ընտրեցիք կենսաբանությունը, կենսաքիմիան որպես մասնագիտացում:
-Դպրոցում, երբ առաջին անգամ իմացա, որ մենք կազմված ենք բջիջներից, մտածեցի, որ եթե ուզում ենք ինքներս մեզ լավ ճանաչել, պետք է ճանաչենք մեր բջիջները: Այդ օրվանից էլ որոշեցի դառնալ կենսաբան: Ընդունելության ժամանակ միստիկա տեղի ունեցավ: Գնացել էի գործերս հանձնելու՝ հստակ կենսաբան դառնալու որոշմամբ: Լրացրեցի հայտաթերթիկը և վրան ջնջում արեցի: Ինձ նոր թերթիկ տվեցին ու խնդրեցին այլևս ջնջում չանել: Գրեցի կենսա ու կարծես ինչ-որ մեկը ձեռքս բռնեց ու ինքնաբերաբար քիմիա գրեցի: Այդպես էլ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ՝ «Կենսաքիմիա» մասնագիտությամբ: Երևի պետք էր, որ կենսաքիմիկ դառնայի:
-Որպես ԵՊՀ շրջանավարտ՝ կպատմե՞ք ԵՊԲՀ Ձեր մուտքի, այստեղ ծավալած մասնագիտական գործունեության մասին:
-Մագիստրատուրա ընդունվելիս ընտրեցի «Բժշկական կենսաքիմիա» մասնագիտացումը: Դիպլոմս ստանալուց մի քանի օր հետո ինձ զանգեցին Բժշկական համալսարանից և հարցրեցին ուզում եմ արդյոք այստեղ աշխատել: Դրական պատասխանից հետո ինձ հրավիրեցին հարցազրույցի ու ես հայտնվեցի ԵՊԲՀ-ում: Շատերը կանխատեսում էին, որ այստեղ երկար չեմ մնա, քանի որ հաճախ եմ փոխում հետաքրքրություններիս ոլորտը: Դասավանդում եմ արդեն 11 տարի ու համոզված կարող եմ ասել, որ գտել եմ իմ կյանքի գործը:
-Այսօր բացի դասախոսական աշխատանքից, որպես գիտական մեծ թիմի անդամ, ի՞նչ գիտական ուղղվածություն եք ընտրել, որի շուրջ աշխատում եք, գիտական ի՞նչ ծրագրերում եք ներգրավված:
-ԵՊԲՀ-ում գիտական գործունեությունս սկսվել է Կենսաքիմիայի ամբիոնի լաբորատորիայում կենտրոնական նյարդային համակարգում ցավի մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրմամբ: Ժամանակի ընթացքում սահուն անցում տեղի ունեցավ նեյրոգիտության մեկ այլ ոլորտ: Վերջին մի քանի տարվա ընթացքում պրոֆեսոր Գայանե Վարդանյանի ղեկավարությամբ զբաղվում եմ ճարպակալման ժամանակ ուղեղի պարգևատրման համակարգի հիմքում ընկած կենսաքիմիական մեխանիզմների ուսումնասիրմամբ: Թեմայի ընտրությունը պայմանավորված է աշխարհում ճարպակալման արագ աճով, որի ալիմենտար և ամենից տարածված տեսակը պայմանավորված է ուղեղի պարգևատրման համակարգի աշխատանքում տեղի ունեցող խանգարումներով: Ներկայումս ունենք մի շարք լոկալ և միջազգային համագործակցություններ և արդեն տպագրել ենք աշխատանքներ միջազգային ամսագրերում: Մոտ ապագայում պլանավորում ենք բժշկական համալսարանում գերակա նեյրոգիտության այլ ուղղությունները ներգրավող մի շարք միջդիսցիպլինար հետազոտություններ իրականացնել:
-«Ուղեղի ճանաչման շաբաթը» միջոցառման շրջանակում ուսանողներին ներկայացրեցիք ինտելեկտի և պարգևատրման համակարգի բիոքիմիական մեխանիզմները: Կմանրամասնե՞ք թեմայի կարևորության մասին: Ինչու՞ հենց այս թեման ընտրեցիք:
-Մենք ապրում ենք հաճույք ստանալու համար: Եթե ուշադիր հետևենք մեր կենսակերպին, կարելի է ակնհայտորեն տեսնել, որ առավել նախընտրելի է այն գործունեությունը, որը հաճելի է: Ընկերների հետ շփվելը, համեղ սնվելը, սուրճ խմելը, առավոտյան արթնանալն ու անկողնու մեջ փակ աչքերով պառկելը բազմաթիվ օրինակներից մի քանիսն են: Հաճույքի մեդիատորը դոֆամինն է, որն արտադրվում է ուղեղի պարգևատրման համակարգում, որը նաև պատասխանատու է կախվածությունների առաջացման համար, որոնցից հաճախ դժվար է ազատվել: Միաժամանակ, պարգևատրման համակարգը ներգրավված է հիշողության գործընթացներում: Տեղյակ լինելով այս մեխանիզմներին, կարելի է ինքնուրույն կառավարել մեր կյանքը և նոր տեղեկատվության յուրացման գործընթացը դարձնել զգալիորեն ավելի արդյունավետ:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ երիտասարդ հետազոտողին, առաջին քայլերն անող բժիշկ-գիտնականին հաջողության հասնելու համար:
-Ցանկացած մարդու, անկախ մասնագիտությունից, նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համառություն: Շատ հեշտ է սկսած գործը կիսատ թողնել, շատերն են այդպես անում: Դեպքերի մեծամասնությունում դրա հիմնական պատճառը գիտության մասին սխալ պատկերացումներն են: Գիտությունն ամենօրյա ծանր աշխատանք է, հաճախ կրկնվող, երբեմն անսպասելի վերջնարդյունքով և մի քանի ամսվա արածը կրկնելու անհրաժեշտությամբ: Շատերը հիասթափվում են, որովհետև սպասելիքներն ու իրականությունը իրար չեն համապատասխանում: Նշանակալի արդյունքը ոչ ոքի հեշտ չի տրվում, իսկ նպատակին հասնելու ուղին երբեք հարթ չի: Պետք չէ վախենալ բարդություններից. դրանք մարդուն ավելի ուժեղ են դարձնում, ուղղակի անհրաժեշտ է շարունակել շարժվել առաջ: Գիտնական դառնալու համար պետք է անընդհատ կատարելագործվել: Նպատակին հասնելու ճանապարհին մյուս կարևոր պայմանը գործը սիրելն է: Ոչ մի շահ ի վիճակի չէ ստիպել մարդուն դառնալ գիտնական:
-Փոքր-ինչ շեղվելով աշխատանքային թեմայից…Երեք երեխա ունեք, դժվար չէ՞ համատեղելը մայրիկի բարդ աշխատանքը մասնագիտական գործունեության հետ:
-Երեխաները մեծ պատասխանատվություն են, իսկ երեք՝ 5, 6 և 7 տարեկան երեխան՝ երեք անգամ ավելի շատ պատասխանատվություն: Իրականում ուղղակի պետք է անսահման սիրել նրանց, լինել ընկեր ու ուղղորդող, բացահայտել ու զարգացնել տաղանդները, սեր առաջացնել դեպի գեղեցիկը, խրախուսել հետաքրքրասիրությունն առանց ճնշելու ու կոմպլեքսներ ձևավորելու: Սա ամենօրյա բարդ, ծանր, բայց չափազանց հաճելի ու հետաքրքիր աշխատանք է: Դաստիարակել, բառի հայտնի իմաստով, երեխաներին պետք չէ: Ամեն ծնող ինքն իրեն պիտի դաստիարակի, միևնույն է երեխաները նրանց են կրկնօրինակելու: Բացի այդ, երեխաները ցանկացած ծնողի դարձնում են ավելի կազմակերպված, սովորեցնում են ճիշտ տնօրինել ժամանակը, գնահատել ընտանիքի հետ անցկացրած ժամանակը: Համոզված կարող եմ ասել, որ իմ երեխաներն են ինձ մեծամասամբ դարձրել այն, ինչ կամ այսօր:
Լուսանկարները՝ Հասմիկ Հարությունյանի անձնական արխիվից