Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանդիսավորությամբ նշվեց անվանի բժիշկ-գիտնական Գուրգեն Բադալյանի 100-ամյա հոբելյանը

Հանդիսավորությամբ նշվեց անվանի բժիշկ-գիտնական Գուրգեն Բադալյանի 100-ամյա հոբելյանը

Բժշկական մեկդարյա բուհում բժշկագիտության նվիրյալներին`  նահապետներին մեծարելու ավանդույթը կարևոր արժեք ու խորհուրդ ունի:

Այսօր համալսարանականներն անվանի բժիշկ-գիտնական Գուրգեն Բադալյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնկացելու հնարավորություն ունեցան:

Միջոցառումը նախաձեռնել էին բժշկապետի աշակերտները և ընտանիքը` հրաշալի առիթ ստեղծելով հարազատ կրթօջախում մեծարելու, հիշելու մեծանուն բժշկին:

«Հիշարժան օր է, քանի որ ականավոր բժշկապետի, պրոֆեսոր Բադալյանի 100- ամյա հոբելյանն է, որը նաև բժշկական բուհի 1947 թվականի շրջանավարտ է: Սա առանձնահատուկ կարևորում ենք` հաշվի առնելով, որ այս համալսարանն իր 100-ամյա պատմության ընթացքում կարողացել է, ոչ միայն շրջանավարտներ, այլև դպրոցներ ստեղծել և այդ դպրոցների ականավոր կերտողներից մեկը հենց Գուրգեն  Բադալյանն է, որը ոչ միայն պրակտիկ, այլև ակադեմիական գործունեության ընթացքում մեծ նպաստ է բերել հայկական և միութենական բժշկության զարգացմանը», – ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ականավոր բժշկական ընտանիքի ներկայացուցչին հաջողվեց ստեղծել իր դպրոցը, պատիվ  բերել իր համալսարանին, բժշկական համայնքին:

 Բժշկական բուհի ղեկավարն առանձնակի կարևորեց նման միջոցառման անցկացումը ապագա մասնագետների մասնակցությամբ:

Առաքինի և ազնվաբարո անձնավորություն, ոչ միայն բժիշկ, այլև մտավորական. այսպես բնութագրեց հոբելյարին պրոֆեսոր Մուրադյանը.

«Գուրգեն Բադալյանը և իր սերնդակից շատերը ստեղծեցին 20-րդ դարի հայկական բժշկությունը, ինչպես նաև չշրջանցեցին աշխարհի ձեռքբերումները և փոխանցեցին մեզ»:

Պրոֆեսորի անցած կենսագրական ուղին ներկայացրեց նախկին ուսանողը` Սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը.

«Մեծ պատիվ է ներկայացնել ակադեմիկոս Բադալյանի կենսագրությունը և մասնակցել այս միջոցառմանը, հատկապես, որ երեք տարի եղել եմ պրոֆեսորի ուսանողն իր ղեկավարած ամբիոնում: Վառ հիշողություններ ունեմ»։ 

Անվանի բժիշկ-գիտնականի մասին հուշերով կիսվեցին իր կոլեգաները: Նրանցից պրոֆեսոր, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն ընդգծեց, որ միասին երկար ճանապարհ են անցել։

«Նա իմաստուն էր, բացառիկ իր տեսակով։ Ուսուցիչ էր, ոչ թե միայն լսարանում դասախոսություն կարդացող դասախոս, այլ գուրու, որը սովորեցնում էր չպարտադրելով, նրա օրինակը վարակիչ էր շատերիս համար»,- շետեց Ոսկանյանը:

Ներկաները հիշեցին հետաքրքիր դեպքեր, դիպվածներ։

Ակադեմիկոս Բադալյանի դուստրը` Գայանե Բադալյանը շնորհակալություն հայտնեց բժշկական բուհին, բոլոր կազմակերպիչներին իր հայրիկի հիշատակին նվիրված միջոցառումը կյանքի կոչելու համար:

Թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գուրգեն Հովհաննեսի Բադալյանը ծնվել է 1923թ. մարտի 5-ին,  Երևանում: 1947թ. ավարտել է բժշկական ինստիտուտը:

Ակադեմիկոս Բադալյանի գիտական գործունեությունը նվիրված է սուր և քրոնիկական սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության պաթոգենեզի  հարցերի ուսումնասիրությանը:  Հետազոտել  է արյան շրջանառության տարբեր աստիճանի անբավարարության ժամանակ բրոնխիալ անցանելիության  վիճակը և արտաքին շնչառական ֆունկցիան:

Նա մեծ համբավ ուներ նախկին Խորհրդային միության սրտաբանների, թերապևտների շրջանում, իր կողմից հրապարակված գրքեր կան՝ սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության վերաբերյալ:

Ցուցադրվեց արխիվային լուսնակարներով ու մարդկային ջերմությամբ լեցուն տեսաֆիլմ, որ դիտողին բացահայտում էր 20-րդ դարում ապրող և արարող բժշկի կերպարը, նվիրվածությունը մասնագիտությունը ու ծառայությունն իր երկրին ու հայրենիքին:

Բադալյանի մասնագիտական կայացման ճանապարհին  հեղինակություններ էին Հայաստանում թերապիայի և սրտաբանության հիմնադիր Լևոն Հովհաննիսյանը, Ռուսաստանում կլինիկական ֆարմակոլոգիայի հիմնադիր, ակադեմիկոս Բորիս Վոտչալը, թերապևտ, պրոֆեսոր Արսեն Սիմոնյանը, որոնցից նա սովորեց և ձեռք բերեց հսկայական տեսական և գործնական գիտելիքներ: Իսկ կլինիկական հմտությունների ձեռքբերման հարցում երախտապարտ էր  իր առաջին ուսուցչին՝ թերապևտ Տիգրան Մնացականյանին:  

Պրակտիկ բժշկությունից բացի զբաղվում էր նաև գիտական գործունեությամբ: Բադալյանը 150-ից ավելի գիտական հրատարակության,  այդ թվում 4 գրքի հեղինակ է:

Շուրջ երկու տասնամյակ եղել է Խորհրդային Հայաստանի գլխավոր թերապևտը, քառորդ դար շարունակ գլխավորել է Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը, եղել է թերապևտիկ և սրտաբանական ծառայության ղեկավար առաջատար կլինիկայում: Միևնույն ժամանակ ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի սրտի իշեմիկ հիվանդության ուսումնասիրության լաբորատորիան: Նախագահել է Հայաստանի թերապևտների գիտական ընկերությունը և անդամակցել է ինտերնիստների միջազգային ընկերությանը:

Եղել է «Թերապևտիկ արխիվ», «Փորձարարական և կլինիկական բժշկություն», «Արյան շրջաանառություն» ամսագրերի խմբագրական կազմի անդամ, մեծ բժշկական Հանրագիտարանի 3-րդ թողարկման համախմբագիր:

1974 թվականին Երևանում հրավիրել է Հայաստանի թերապևտների առաջին համագումարը: Որից հետո շարունակաբար կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ մեր երկրում՝ հրավիրելով մասնագետների տարբեր երկրներից:  Վարել է Խորհրդային միության 17-րդ համագումարը, որը վերաբերում էր Ժառանգականության դերին սիրտանոթային հիվանդությունների առաջացման ժամանակ:  Բժիշկ-գիտնականի ստեղծած ֆորմուլան, որը վերաբերում է արտաքին շնչական ֆունկցիայի գնահատմանը, տարիներ շարունակ լայնորեն կիրառվել է  Խորհրդային միությունում և դրա սահմաններից դուրս: Նաև դասավանդում էր, իր գիտելիքները փոխանցում երիտասարդ սերնդին: Նրա ուսանողներն այսօր  առաջատար մասնագետներ են ողջ հանրապետությունում:

Գուրգեն Բադալյանին կինը՝ Թամարա Զաքարյանը ևս մասնագիտությամբ բժիշկ էր: Նրանք հանդիպեցին բժշկական ինստիտուտում և ամուսնացան 1957 թվականին:  Գուրգեն Բադալյանի և Թամարա Զաքարյանի զավակները՝ Անահիտ, Գայանե և Արմեն Բադալյանը, ևս ընտրեցին բժշկի մասնագիտությունը:

Ժամանակակիցները հիշում են, որ Գուրգեն Բադալյանը ճանապարհ էր հարթում բոլորի համար, և եթե կարող էր օգնել, անում էր դա առանց ժամանակ կորցնելու:

Չնայած մեծ զբաղվածությանը, երբեք չդադարող աշխատանքին, ժամանակ էր հատկացնում բոլորին և այն ամենին, ինչ սիրում էր:

Արվեստի նկատմամբ սերը Գուրգեն Բադալյանի մոտ սկսվել էր դեռ մանկության տարիներից, գուցե հենց այն ժամանակներից, երբ ինքնուրույն սովորել էր տրոմբոն նվագել: Եվ այդ սերը շարունակվեց ամբողջ կյանքի ընթացքում:

Հոբելյարը մարդկային բացառիկ հատկանիշներ ուներ: Նա կարողանում էր լսել, առաջնորդել, կազմակերպել և օգնել: Իսկ աշխատանքից դուրս գործընկերները նաև իր ընկերներն էին:

Պրոֆեսոր Բադալյանն անցել է մի ճանապարհ, որի մասին կարող է երազել յուրաքանչյուր բժիշկ:  Իսկ նրա անունը այսօր այն մասնագետների կողքին է, որոնք իր համար եղել են ուսուցիչ և հեղինակություն:

Հիշատակի երեկոյի առաջին` հանդիսավոր մասն ամփոփելուց առաջ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը տեղեկացրեց ներկաներին, որ այս միջոցառման ձեռքբերումներից է  այն, որ ծրագրվում է  առաջիկայում Գիտական խորհրդին ներկայացնել պրոֆեսոր Բադալյանի անվան կրթաթոշակի սահմանման հարցը, ինչպես նաև մեծանուն բժիշկ-գիտնականին նվիրված լսումներ, ուսանողական համաժողովների կազմակերպումը շարունակական դարձնել:

Հանդիսավոր միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեցին երիտասարդ թերապևտների և ուսանողների կլինիկական հետաքրքիր դեպքերից ընտրված զեկույցները:  Լավագույններին գրքեր շնորհվեցին: