Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկաբուժության և ծերաբուժության հիմնախնդիրները` մասնագետների դիտակետում

Մանկաբուժության և ծերաբուժության հիմնախնդիրները` մասնագետների դիտակետում

Մանկաբուժության և ծերաբուժության հիմնախնդիրներն էին այսօր բժշկական մեկդարյա բուհում հայ և օտարերկրացի մասնագետների ուշադրության կենտրոնում:

«Մանկաբուժություն և ծերաբուժություն. բժշկագիտության երկու «հսկաներ», արդի խնդիրները և լուծումները»  խորագրով համաժողովին հրավիրված էին  Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ:

«Կարծես թե մեր առօրյայում երեխայի հետ կապված խնդիրներն ամբողջությամբ լուծված են` հաշվի առնելով, թե' երեխայամետ հայ ընտանիքները, թե' ծնողապաշտ ընտանեկան մոտեցումները, սակայն մենք ունենք բացեր: Դիտարկելով ցուցանիշները մենք կարողացել ենք բավականին լուրջ կրճատել նորածնային և մանկական մահացությունը 30 տարվա ընթացքում, ավելացնել բյուջեն, որը բավականին բարենապաստ է անդրադարձել համակարգի վրա:  Այսօր քննարկման թեման ենք դարձնում գիտական հենքի վրա դրված առողջապահական ծառայությունների վերաբաշխման խնդիրը»,- ողջունելով  մասնակիցներին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` շեշտելով առաջնային բուժօղակում առողջություն ստեղծելու, այն պահպանելու գաղափարախոսությունը:

«Հայաստանը կարող է իր ցուցանիշնելով հանդես գալ հպարտությամբ, սա լոկ խոսքեր չեն, քանի որ ամենաբարձր ամբիոններից, այդ թվում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի ձեռքբերումներն մանկաբուժության ոլորտում ի ցույց են դրված աշխարհին»,- նշեց ռեկտորը` մտահոգիչ համարերով այն փաստը, որ մանկաբուժությունը քիչ գրավիչ է դարձել ուսանողության համար և մասնագիտության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ շարունակական աշխատանքներ են տարվում:

Կարևորելով արտերկրի  գործընկերների հետ համաժողովի ընձեռած փորձի փոխանակման հնարավորությունը` նա խոսեց նաև ծերաբուժության մասին` տեղեկացնելով, որ որպես հասարակություն մենք ծերացող հասարակություն ենք, քանի որ  60 տարեկան մարդիկ 12 տոկոսից ավել են:

Կրկին խոսելով թվերով, Արմեն Մուրադյանը նկատեց, որ 1990 թվականին մեր երկրում ծնվել է 80 000, 2000թ.` 32 000, իսկ այսօր ` 36 000 երեխա. սա վկայում է այն մասին, որ ժողովրդագրական ցուցանիշները, առողջ սերունդ ձևավորելու խնդիրները լուրջ քննարկումների առարկա պետք է դառնան:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ շեշտելով մանուկների առողջության պահպանման կարևորության մասին:

«Պետք է հատուկ ուշադրություն դարձնենք երեխաների առողջությանը ոչ նրա համար, որ մենք ավելի ջերմ հակումներ ունենք դեպի երեխաները, այն նրա համար, որ հասկանանք՝ մենք գնո՞ւմ ենք առողջապահություն, թե՞ հիվանդաբուժություն: Այսօր պետք է կարողանանք միավորվել, ստեղծել այն համակարգը, որը կշարունակի զարգացնել մանկաբուժության այն մոտեցումները, որոնք կտան հնարավորություններ՝ ապահովելու մեր ապագան, մեր բնակչության առողջությունը»,-ընդգծեց Արա Բաբլոյանը: 

Մանկաբուժությունը, ոլորտի ներկայացուցիչների փոխանցմամբ, մեր երկրում խոցելի վիճակում է երկու պատճառով: Առաջինը` ունենք հիվանդացության բարձրացում, երկրորդը`  դիմելության բարձրացում, ինչպես նաև ոլորտի մասնագետների պակաս: Կարևոր խնդիրներից է նաև մանկաբույժի միջին տարիքը, որը  68 տարեկանն է, ինչը  բավականին մտահոգիչ ցուցանիշ է:

Մտահոգիչ ցուցանիշներ են գրանցված մանկական առողջության վերաբերյալ. դպրոցն ավարտող երեխաների ընդամենը 7.5 տոկոսն է բացարձակ առողջ:

Մասնագիտական այս հավաքը նպատակ ունի վերլուծել մանկության հիմնական խնդիրները, առողջության հետ կապված հարցերը:

ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Հերացի 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմեն Ավոյանն անդրադարձավ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման ժամանակակից մեթոդներին՝ խոսելով տարատեսակ միֆերի, առասպելների մասին՝ ներկայացնելով կարևոր փաստեր:

Մանկաբույժ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյան խոսեց կանաչապատման կարևորության մասին՝ շեշտելով, որ քաղաքային միջավայրում կանաչապատումը նպաստում է շրջակա միջավայրի, բնակչության առողջության պահպանմանը:

Գինեկոլոգ, «Բեգլարյան» ԲԿ հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, Հայկական հակատարիքային բժշկության ասոցիացիայի նախագահ Իննա Պերսոյանն հանդես եկավ «Պերիմենոպաուզալ շրջանի մենեջմենթը» թեմայով։

Թերապևտ, սրտաբան Եվրասիական թերապևտների ասոցիացիայի փոխնախագահ, Ղազախստանի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ԱԱԻ սրտաբանության ամբիոնի հրավիրված պրոֆեսոր Ալեքսանդր Հարությունովն անդրադարձավ կոմորբիդ հիվանդների մոտ բակտերիալ վարակներին:

Թերապևտ, սրտաբան, ծերաբույժ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Թերապևտների եվրասիական ասոցիացիայի պատվավոր անդամ և տարածաշրջանային միության համակարգող, Ծերաբանության և ծերաբուժության հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ,  Լամարա Մանուկյանը խոսեց «Ատիպիկ միկրոֆլորան արտահիվանդանոցային թոքաբորբերի կառուցվածքում: Ռացիոնալ հակաբակտերիալ թերապիայի ընտրությունը» թեմայի մասին:

Արդիական թեմաներով հանդես եկան նաև տարբեր մասնագետներ՝ թոքաբան, ուրոլոգ, ալերգոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, մանկաբույժ, էնդոկրինոլոգ և այլն՝ ներկայացնելով մասնագիտության առանձնահատկությունները, կարևորությունը՝ կիսվելով հրատապ խնդիրներով, առաջարկելով լուծումներ:

Երկօրյա համաժողովը նախաձեռնել է Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան և ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնը:

Աշխատանքները կշարունակվեն նաև նոյեմբերի 19-ին` գերհագեցած ու հետաքրքրական թեմաներով, բժշկագիտության տարբեր ոլորտների առաջատար բժիշկ-գիտնականների մատուցմամբ: