Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտելիք, ուշադրություն և ազնվություն. ապագա բժշկից համակարգչային քննությանը ներկայանալու հիմնական պահանջը. ֆոտոռեպորտաժ

Գիտելիք,  ուշադրություն և ազնվություն. ապագա բժշկից համակարգչային քննությանը ներկայանալու հիմնական պահանջը. ֆոտոռեպորտաժ

Ուսումնառության տարիների ընթացքում կրթական ծրագրի շրջանակում՝ կախված ֆակուլտետից, յուրաքանչյուր ապագա բժիշկ ուսումնառում և ատեստավորվում է միջինում 50 («Բուժական գործ» կրթական ծրագրի շրջանակներում՝ 67) դասընթացներից:

Ուսումնական տարվա ընթացքում ապագա բժիշկները միջինում յոթ անգամ ստուգվում և գնահատվում են նաև համակարգչային քննությամբ: Էլեկտրոնային թեստավորման եղանակը աշխարհում կիրառման լայն փորձ ունի:

ԵՊԲՀ համակարգչային քննությունների կազմակերպման բաժինը (ՀՔԿԲ) համալսարանական այն ստորաբաժանումն է, որը Ուսումնական աշխատանքների գժով պրոռեկտորի անմիջական ղեկավարմամբ կազմակերպում է էլեկտրոնային քննությունները, դրանց արդյունքների ամփոփումն ու բողոքարկման գործընթացը: Գիտելիքների համապարփակ ստուգման հետ զուգահեռ այս դեպքում շատ կարևորվում է ակադեմիական ազնվության խնդիրը:

Յուրաքանչյուր քննությունից առաջ Համակարգչային քննությունների կազմակերպման բաժնի պատասխանատուները՝ պետ, Ֆարմացիայի ամբիոնի դոցենտ Շուշան Աֆրիկյանը, առաջատար մասնագետ Վիկտորյա Սոսյանը ուսանողներին ևս մեկ անգամ հիշեցնում են քննությունների անցկացման կանոնները խստիվ պահպանելու մասին:

Րոպեներ անց համակարգչային սրահում միայն համակարգչի մկնիկի քլիքերի ձայներն են առանձնանում քար լռության մեջ:

Ընթացիկ քննություններից մինչև մարումներ և ամփոփիչ ատեստավորում` բոլոր փուլերում ճերմակ խալաթը կրող ապագա մասնագետը պարտավոր է լինել ուշադիր և պատասխանատու, ինչպես և վայել է կոչմամբ բժշկին: 

 

Էլեկտրոնային թեստային քննությունները կազմակերպվում են կանոնակարգի համաձայն

Նշենք, որ ԵՊԲՀ-ում 2017 թվականից գործում է  «Էլեկտրոնային թեստային քննությունների և հարցումների կազմակերպման» բուհի Գիտական խորհրդի որոշմամբ հաստատված կանոնակարգը, որի միջոցով կարգավորվում է էլեկտրոնային թեստային քննությունների և հարցումների կազմակերպման, դրանց արդյունքների ստուգման և բողոքարկման հետ կապված հարաբերությունները:

«2011 թվականից բժշկական համալսարանում ներդրված է էլեկտրոնային թեստավորման ձևաչափը՝ ընթացիկ քննությունների գործընթացում: Նախքան այդ միայն ամփոփիչ ատեստավորման թեստային փուլն էր կազմակերպվում էլեկտրոնային տարբերակով»,- ասում է Շուշան Աֆրիկյանը:

Նրա ղեկավարած բաժնի կողմից տարեկան 50.000-ից ավելի քննական գործըթնացներ են կազմակերպվում:  2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում քննական գործընթացների քանակն ավելացել է, ինչը   պայմանավորված է ուսանողների թվի աճով:

«Առաջին կուրսեցիները նոյեմբերին մասնակցում են փորձնական քննության, որտեղ ծանոթանում են քննական ծրագրին, կանոնակարգին, համակարգչային  լսարաններին: Ձմռանը` դեկտեմբերի վերջից սկսած  մտնում են քննաշրջան և ուսումնառության ամբողջ ընթացքում տարբեր հաճախականությամբ (կախված կուրսից) անցկացնում են քննությունները և, իհարկե, ամփոփիչ  ատեստավորուման թեստային փուլը»,-նշում է համակարգչային քննությունների անցկացման գլխավոր պատասխանատուն: 

 

Գիտելիքների ստուգման ի՞նչ եղանակ է էլեկտրոնային թեստավորումը

Բժշկական կրթության մեջ թեստային համակարգը գիտելիքների ստուգման և գնահատման փուլերից մեկն է (բանավոր քննությունների, գործնական ունակությունների գնահատման հետ համատեղ): Սա օբյեկտիվ բաղադրիչ է, որն օգնում է ապագա բժիշկների փոխատեղման մրցույթի` ռոտացիայի խիստ օբյեկտիվ իրականացման գործընթացին:

Այս ձևաչափի հիմնական առավելությունն այն է, որ ստուգվում է ուսանողների տեսական գիտելիքների ամբողջ ծավալը (նշենք, որ բոլոր ուսանողների քննական փաթեթներում տվյալ առարկայի հարցերի բաշխումը ըստ թեմաների նույնն է և ընդգրկում է նախատեսված ամբողջ նյութը): 

Քննությունները ներքին` լոկալ ցանցով են կազմակերպվում: Ուսանողը համակարգչի դիմաց որևէ այլ գործողություն կատարելու, համացանցից օգտվելու հնարավորություն չունի:

Համակարգչային քննությունների կազմակերպման բաժնի պետը փաստում է, որ ոչ բոլոր բուհերում է, որ նման ծավալի համակարգչային լսարաններ կան: Մեկ հերթափոխի ընթացքում  համակարգչային քննությանը կարող է մասնակցել 289 ուսանող: 

 

Ի՞նչ առավելություններ ունի էլեկտրոնային եղանակով թեստային քննությունների կազմակերպումը

Ինչպես նշեցինք, այս ձևաչափը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել ամբողջ նյութը՝ ուսպլանում նախատեսված բաժինների համամասնությամբ, այլև խիստ օբյեկտիվ է և հեշտացնում է տվյալների ամփոփումը, մշակումը և վերլուծությունը:

Համակարգչային քննությունների կազմակերպման բաժինը ուսումնական տարվա ընթացքում իրականացնում է տարատեսակ վերլուծություններ և ներկայացնում հաշվետվություններ՝ բուհի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորին, Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնին և այլ ներքին շահառուներին (դեկաններին, ամբիոնի վարիչներին) ըստ անհրաժեշտության:

Այս վերլուծություններն ամփոփվում և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից ներկայացվում են, որպես տարեկան հաշվետվության բաղադրիչ: Դրանց ներակայացման ընթացքում արվում են առաջարկություններ, կայացվում են որոշումներ և տրվում են հանձնարարականներ:

ՀՔԿԲ վերլուծությունները և հաշվետվությունները ծառայում են նաև ուսումնական գործընթացում ներդրված նոր գործիքների և այլ բաղադրիչների ներդրմանը, օրինակ՝ 1-3-րդ կուրսերում ներդրված «0,5» միավոր համակարգի,  կիրառման մշտադիտարկման և արդյունավետության գնահատման համար: 

 

Ի՞նչ կասեք համակարգչային քննությունների բողոքարկման գործընթացի մասին: Ի՞նչ կարևոր նշանակություն ունի այն կրթական գործընթացում 

Ելնելով այն սկզբունքից, որ հետադարձ կապը ուսուցմանն աջակցող և կրթական նվաճումներին նպաստող շարժիչ ուժերից  է, համալսարանը մշակել և կիրառում է բողոքարկման ընթացակարգը, համաձայն որի ուսանողը կարող է բողոքարկել ստացած գնահատականը՝ իր համար որոշ անհասկանալի հարցեր պարզելու համար: Հատկանշական է, որ կարգով նախատեսված է նաև, տեսակով եզակի, կրկնակի բողոքարկում:

ՀՔԿԲ-ն բողոքարկման գործընթացի արդյունքների վերլուծությունն իրականացվում է յուրաքանչյուր կիսամյակ և ներկայացվում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորին:

Բացի այդ, ըստ անհրաժեշտության կիսամյակի ընթացքում ՀՔԿԲ-ի կողմից կարող են իրականացվել այդ գործընթացի հետ կապված այլ վերլուծություններ: Այսպես, օրինակ՝ կրկնակի բողոքարկման վիճարկելի դեպքերը քննելիս իրականացվում են նպատակային վերլուծության տարբեր տեսակներ՝ բողոքարկող թեստերին ճիշտ/սխալ պատասխանած ուսանողների տոկոսային հարաբերության հաշվարկ, որոշակի տեսակի առաջադրանքներ կատարելու կարողության ընդհանուր պատկեր և այլն: Այս վերլուծությունները հնարավորություն են տալիս բացահայտել առկա խնդիրները:

Ավելին. վիճարկելի դեպքերը քննարկելու և վերջնական որոշում կայացնելու համար կրկնակի բողոքարկման ժամանակ  հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել տվյալ ոլորտի, երբեմն նաև հարակից առարկաների այլ մասնագետներ: Այս միջոցով երբեմն բացահայտվում են հարակից առարկաների միջև առկա որոշակի անհամապատասխանությունները (ծրագրային, բովանդակային, ավելի հաճախ թերմինաբանական), ինչը մեծ դեր է խաղում առարկաների ծրագրերի ուղղահայաց և հորիզոնական ինտեգրման հարցում: Այսպիսով, բողոքարկման այս գործընթացը, բացի հիմնական նպատակին ծառայելուց (ուսանողների իրավունքների պաշտպանություն) մի մեխանիզմ է, որն ապահովում է ուսումնական գործընթացում ընգրկված բոլոր շահառուների փոխադարձ կապը և օգնում է ավելի թիրախային բացահայտել կրթական համակարգում առկա թերությունները, ինչպես նաև հիմք է հանդիսանում նշված թերությունների շտկման և /կամ վերացման համար նախատեսված միջոցառումների՝ քննական թեստային փաթեթների վերանայում, ուսումնական նյութերի լրամշակում, գրականության թարմացում և/կամ նորի ստեղծում, հարակից առարկաների ծրագրերի համապատասխանեցում, իրականացման համար:

 

Անազնվությունը պատժելի է

Համակարգչային քննություններին ոչ ազնիվ կերպով գնահատական ստանալու հնարքներ ապագա բժիշկները, ցավոք, երբեմն կիրառում են, սակայն կա մի կարևոր բայց, այս եղանակին դիմելու դեպքում` գործող կանոնակարգի համաձայն ուսանողը կրում է իր պատիժը՝ ընդհուպ մինչև հեռացվում է համալասարանից:

Ոչ շատ, բայց նման միջադեպեր հատկապես մարումների շրջանում են գրանցվում, քանի որ հաճախ ուսանողը հայտնվում է «անելանելի», ըստ իրեն, վիճակում և համալսարանից դուրս չմնալու համար փորձում է դիմել նման միջոցների:

Նկարահանող գրիչներից, ժամացույցներից մինչև  հագուստում թաքնված տեսախցիկ ու հեռահաղորդակցման միջոցներ. բոլոր դեպքերը նկատելի են և պատժելի:

Յուրաքանչյուր քննությունից առաջ գործող կարգապահական կարգը հայտնվում է ապագա բժշկի էկրանին` հիշեցնելով  խախտելու դեպքում պատասխանատվություն  կրելու մասին:

Հաջորդիվ, արձանագրված խախտումը քննարկվում է բուհական Կարգապահական հանձնաժողովում:

Այնուամենայնիվ, բարդություններից, անցանկալի հետևանքներից խուսափելու համար Շուշան Աֆրիկյանը խորհուրդ է տալիս լավ սովորել և հույսը դնել ոչ թե տեխնիկական գերժամանակակից միջոցների, այլ միայն ու միայն գիտելիքի վրա, որը թանկ է ամեն ինչից: