Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ոչ միայն կորոնավիրուսային համավարակի, այլև նրան նախորդող շրջանում պարբերաբար կոչ է անում հանրությանը հակաբիոտիկներն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, Հայաստանում հակաբիոտիկները հիմնականում չարաշահվում են:
ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ, դեղագործական գիտությունների թեկնածու Մարթա Սիմոնյանը նշում է, որ վերջին երկու տարում Covid-19-ի տարածման պատճառով հակաբիոտիկների ոչ տեղին կամ սխալ կիրառումն է՛լ ավելի է տարածվել, ինչը շատ վտանգավոր է հակաբիոտիկների հետագա ռեզիստենտականության (կայունության) և բարդությունների առաջացման համար։
«Վիճակագրության համաձայն՝ հակաբիոտիկների սպառումը աճել է 3️6%-ով։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բնակչության 46%-ը կարծում է, թե հակաբիոտիկները ոչնչացնում են ինչպես վիրուսները, այնպես էլ բակտերիաները: Իսկ Եվրոպայում, համաձայն փորձագետների ստացած արդյունքների, հակաբիոտիկակայունությունից տարեկան 2️5 հազար մարդ է մահանում: Խնդիրը լայն տարածում ունի այն երկրներում, որտեղ հակաբիոտիկները նշանակվում են առանց դեղատոմսի, ինչպես, օրինակ, Հայաստանում», – ընդգծում է համալսարանական մասնագետը:
Նրա խոսքով՝ մարդիկ, երբեմն ինքնուրույն հակաբիոտիկներ կիրառելով, չեն պատկերացնում, որ կարող են նպաստել լուրջ խնդրի առաջացմանը՝ հակաբիոտիկակայունությանը, ինչն էլ կարող է նպաստել հետագա անհրաժեշտ բուժման խաթարմանն ու առողջության վատթարացմանը։
«Այսինքն՝ անհրաժեշտ հակաբիոտիկն այլևս չի կարող օգնել, քանի որ մարդու օրգանիզմը կայուն է վերջինիս հանդեպ», – պարզաբանում է Մարթա Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսը բուժվում է հակաբիոտիկներով միայն այն դեպքում, երբ վիրուսին «միանում է» մանրէային ֆոնը։
Մասնագետի խոսքով՝ կան թոքաբորբի տեսակներ, որոնք կոչվում են ատիպիկ, քանի որ դրանք պայմանավորված են այլ պաթոգեններով, օրինակ՝ գրիպի վիրուսով կամ SARS-CoV-2-ով (COVID 19) և այլ միկրոօրգանիզմներով։ «Այսինքն՝ կորոնավիրուսի թոքաբորբը վիրուսային է, իսկ հակաբիոտիկները անօգուտ են և կարող են առաջացնել այլ, ավելի լուրջ խնդիրներ։ Իհարկե, կան իրավիճակներ, երբ COVID-19 հիվանդին իսկապես անհրաժեշտ է հակաբիոտիկներ նշանակել, բայց՝ միայն բժշկի ցուցմամբ», – եզրափակում է դեղագետը՝ կոչ անելով երբեք չզբաղվել ինքնաբուժմամբ, պատասխանատու լինել առողջությանը վերաբերող յուրաքանչյուր որոշման համար:
Նշենք, որ հաճախ բժիշկներն իրենք էլ հիվանդներին հակաբիոտիկները նշանակում են ոչ պատշաճ ու ոչ տեղին:
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության շրջանակում ԱՀԿ-ն հանրային իրազեկման արժավ է հայտարարում՝ փորձելով աշխատել բժշկական կազմակերպությունների, բժիշկների հետ և մշակելով հստակ կանոնակարգեր:
Ամեն տարի՝ նոյեմբերի 18-24-ը, ԱՀԿ որոշմամբ, աշխարհում անցկացվում է Հակաբիոտիկների իրազեկման շաբաթ, որը ներառում է հինգ նպատակ՝ իրազեկության բարձրացում, մոնիթորինգի և հետազոտությունների ավելացում, վարակների նվազեցում, հակամանրէային դեղամիջոցների լավագույն օգտագործում և «կայուն ներդրումներ» կատարելու պարտավորություն: