Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համագործակցության խորացում Ֆրեզնոյի հետ

Համագործակցության խորացում Ֆրեզնոյի հետ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս, ԱՄՆ-ից ժամանած բժշկական առաքելության  ղեկավար Պերճ Աբգարյանին և Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Մայք Քարբասսիին:

«Պարոն Աբգարյանի հետ համագործակցությունն ունի տարիների պատմություն և շատ արդյունավետ է: Կրթական և բժշկագիտական ոլորտներում  մեր համագործակցությունն անցել է ժամանակի քննությունը»,-ողջունելով պատվիրակներին՝  նշեց Արմեն Մուրադյանը` ներկայացնելով իր ղեկավարած մեկդարյա կրթագիտական հաստատության հիմնական առաքելությունը, որն է  պատրաստել բժշկական կադրեր և զարգացնել գիտությունը միջազգային կրթական ծրագրերին համահունչ:

100-ամյա բուհն ունի 6 ֆակուլտետ, «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոն, ավագ դպրոց:  

Այսօր բժշկական համալսարանում կրթություն է ստանում 33 երկրից շուրջ 2000 օտարերկրացի ապագա բժիշկ, իսկ 8000 շրջանավարտ մասնագիտական գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրում:

Վերջին հինգ տարվա տվյալներով՝ 500 ԵՊԲՀ շրջանավարտ աշխատում է Կալիֆորնիայում: Համալսարանական երեք հիվանդանոցում («Հերացի», «Մուրացան», «Միքայելյան») տարեկան բժշկական օգնություն է ստանում 100.000 բուժառու, որոնցից 40.000-ը` ստացիոնար պայմաններում:

Արմեն Մուրադյանը խոսեց նաև բժշկական բուհի միջազգային հավատարմագրման գործընթացի իրականացման մասին, որի ուղղությամբ կարևորեց համագործակցությունը:

Նա ներկայացրեց նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի` «Զինվորի տան» աշխատանքը և հանդիպմանը ներկա տնօրենին` Հայկուհի Միասյանին:

Ռեկտորն ընդգծեց, որ համահայկական և միջազգային ճանաչում ստացած այս կենտրոնում  վերջին տարիներին շուրջ 7000 զինծառայող վերականգնողական բուժում ստանալու հնարավորություն է ունեցել: 

Կարևորելով համագործակցության խորացումը՝ Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Մայք Քարբասսին ներկայացրեց Ֆրեզնոյի պետական համալսարանի գործունեությունը:

Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամը հետաքրքրվեց, թե որ ոլորտներում է գործակցության սերտացումն առավել նպատակահարմար: 

Ռեկտորը մատնանշեց մանկաբուժությունը և գիտությունը: Այս և այլ ոլորտներում փորձի փոխանակումը, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումն ու գիտական հրապարակումների հեղինակումը դրական ձեռքբերում կլիներ: 

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս, ԱՄՆ-ից ժամանած բժշկական առաքելության  ղեկավար Պերճ Աբգարյանն առաջարկեց համատեղ մասնագիտական հավաքների անցկացման գաղափարը՝ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի առաջատար բժիշկների մասնակցությամբ: 

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնելու համագործակցությունը` ի նպաստ բժշկագիտության զարգացման և արդեն ձևավորված փոխհարաբերությունների ամրացման: 

Նշենք, որ այս օրերին ԱՄՆ-ից ժամանած բժշկական առաքելությունը հերթական այցով Հայաստանում է: 2015 թվականից սկսած՝ Պերճ Աբգարյանի ղեկավարությամբ ԱՄՆ-ից բժշկական խմբեր են գալիս Հայաստան`  մարզերի և Արցախի բնակչությանը բժշկական սպասարկում տրամադրելու նպատակով: Մշտապես պատվիրակության կազմում են արտերկրում բնակվող հայ բժիշկները, որոնց նպատակն է մարդասիրական մասնագիտությամբ պիտանի և օգտակար լինել հայրենիքին: