Գերմանիայի Ժողովրդագրական հետազոտությունների Մաքս Պլանկ ինստիտուտի (Max Planck Institute for Demographic Research) գիտաշխատող, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Աննա Օքսուզյանը վստահ է, որ խելամիտ վարվելակերպի և բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ յուրաքանչյուրը կարող է իր չափով վերահսկել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը:
Եվրոպայի առաջատար ակադեմիական հաստատություններից մեկում լուրջ հաջողություններ գրանցած հայ բժիշկ-գիտնականի հետ զրուցել ենք Երևանից դեպի Ռոստոկ մասնագիտական հարուստ ուղու, հայրենիքը ժամանակավորապես թողնելու որոշման, հայաստանյան և համալսարանական ուրախ հիշողությունների, ինչպես նաև ներկայում գրեթե ողջ աշխարհը ցնցած նոր համավարակի մասին:
Պատմեք, խնդրեմ, թե ինչպես հայտնվեցիք Գերմանիայում:
1992 թվականին ես ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարան և 1998 թվականին ավարտեցի այն: 1997-1999 թվականներին ընդհանուր պրակտիկա անցա Համալսարանական թիվ 1 կլինիկայում, միաժամանակ, Առողջապահության համաշխահային կազմակերպությունում (WHO) աշխատող իմ բարեկամներից մեկի խորհրդով, ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA)՝ Master of Public Health ծրագրով սովորելու: Այնտեղ ուսումս ավարտեցի 2001 թվականին: Ու որոշեցի մնալ հենց այդ գիտական ասպարեզում: Ուսումնառության ընթացքում՝ մինչև 2003 թվականը, Ամերիկյան համալսարանի և Առողջապահության ոլորտի հետազոտությունների կենտրոնի (Center for Health Services Research – CHSR) ծրագրով աշխատում էի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Հենց 2003 թվականին ես առաջին անգամ եկա Մաքս Պլանկ ինստիտուտ՝ Գերմանիա՝ վիճակագրության կուրսեր անցնելու, և միաժամանակ փնտրում էի տեղ Եվոպայում՝ դոկտորական ատենախոսություն գրելու համար: 2007-2010 թվականներին ես` որպես PhD գիտական աստիճանի հավակնորդ, հայտնվեցի Հարավային Դանիայի համալսարանում՝ Օդենսում: Ատենախոսությունս պաշտպանելուց հետո՝ մինչև 2013 թվականը, աշխատում էի այնտեղ: Այնուհետև ինձ առաջարկեցին Հարավային Դանիայի համալսարանում պաշտոնավարել որպես պրոֆեսորի օգնական: Չնայած պրոֆեսորադասախոսական կազմի լիակատար աջակցությանը՝ ես հրաժարվեցի, քանի որ ցանկանում էի ստեղծել իմ հետազոտական խումբը: 2014 թվականին երկփուլ, բարձր մրցակցային ընտրության գործընթացից հետո ինձ տրվեց 1,5 միլիոն եվրո` Գերմանիայի Ռոստոկ քաղաքում՝ Ժողովրդագրական հետազոտությունների Մաքս Պլանկ ինստիտուտոմ(MPIDR), Max Planck հետազոտական խումբ հիմնելու համար: Եվ այդպես ես մնացի Գերմանիայում:
Արդյո՞ք հեշտ որոշում էր թողնել հայրենիքը և տեղափոխվել աշխատանքի այլ երկիր:
Այո, իհարկե, շատ հաճախ եմ մտածում Հայաստան վերադառնալու մասին: Ես միշտ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ փորձում եմ ընտանիքիս հետ Հայաստան գալ: Ես այստեղ եմ ծանոթացել ամուսնուս հետ, հիմա արդեն 2 տղա ունենք՝ Արեգը և Արամը՝ 8 և 6 տարեկան: Ամուսինս գերմանացի է, մասնագիտությամբ ինժեներ է, բայց հիմա աշխատում է տուրիզմի ասպարեզում: Ծնողներս ապրում են Հայաստանում:
Հայաստանի հետ կապված ի՞նչն եք ավելի շատ կարոտում:
Իհարկե, մեր մրգերն ու բանջարեղենը, լավաշը:
Ո՞րն է Ձեր սիրած հայկական ուտեստը:
Կանաչ տոլմա, քյուֆթա, հայրիկիս սարքած հայկական խորովածը: Սպաս այստեղ էլ պատրաստում եմ, բայց, իհարկե, այն չէ, ինչ Հայաստանում:
Եթե համեմատենք Հայաստանը և Գերմանիան, ըստ Ձեզ, ի՞նչ տարբերություններ կան 2 երկրների միջև: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կյանքը Հայաստանում և Ձեր կյանքը Գերմանիայում:
Որպես գիտնական՝ պետք է ասեմ, որ տարբերությունը հնարավորությունների և հեռանկաների մեջ է, որովհետև Հայաստանում դրանք շատ ավելի սահմանափակ են: Եվ հենց դա էր պատճառներից մեկը, որ ես դուրս եկա Հայաստանից, քանի որ աճի տեղերը մեր երկրում բավարար չեն: Բնականաբար, դա կապված է տնտեսության հետ. Հայաստանի բյուջեն չես կարող համեմատել Գերմանիայի բյուջեի հետ, թե առողջապահության և թե գիտական ասպարեզում:
ԵՊԲՀ-ի հետ կապված ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք: Ի՞նչն է հատկապես վառ տպավորվել, որ այսքան տարի անց հիշում եք:
Ուսանողական տարիները, երևի թե, միշտ էլ ամենաուրախը, տպավորիչն ու հաճելին են: Շատ լավ տարիներ էին: Իմ խումբը շատ լավ խումբ էր. փորձում ենք ժամանակ առ ժամանակ հանդիպել. դժվարությամբ է ստացվում, որովհետև շատերն են ապրում ու աշխատում արտասահմանում: Ես շատ կուզենայի Հայաստանում հանդիպել իմ խմբակիցներին: Մեծ սիրով կմիանամ ԵՊԲՀ Շրջանավարտների ակումբին:
Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ բժիշկներին, որոնք պլանավորում են աշխատել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանում:
Եթե հնարավորութուն ունեն, գոնե 6 ամսով կամ 1 տարով փորձեն պրակտիկա անցնել Հայաստանի սահմաններից դուրս: Դա, ինձ թվում է, շատ կարևոր է ոչ միայն տեսական և պրակտիկ գիտելիքների առումով, այլև մտահորիզոնն ընդլայնելու և մշակութային կապիտալը մեծացնելու տեսանկյունից: Բժշկի աշխատանքը էմոցիոնալ և ֆիզիկական առումներով ծանր ու դժվարին է, այդ պատճառով բոլորը չէ, որ կարող են դրան դիմանալ: Մասնավորապես՝ շատ դժվար է համատեղել ընտանեկան և մասնագիտական կյանքը, և այստեղ՝ Գերմանիայում, շատ կանայք լքում են կլինիկաները երեխաներ ունենալուց հետո:
Ինչպե՞ս կբնորոշեք նոր կորոնավիրուսը: Ինչպե՞ս է պետք արդյունավետորեն պայքարել դրա դեմ:
Իմ կարծիքով՝ դեռ շատ հետազոտություններ պետք է անցկացվեն՝ հասկանալու համար, թե որ միջոցներն են առավել արդյունավետ: Օրինակ՝ Դանիան առաջին երկիրն էր Եվրոպայում, որ պարտադրեց կարանտին և խստացրեց ֆիզիկական հեռավորություն պահպանելու պահանջը: Նույնը կարելի է ասել Գեմանիայի մասին: Շվեդիայում սահմանափակումները շատ թույլ էին, դրանք վերաբերում էին միայն բարձր ռիսկայնությամբ վայրեր, օրինակ՝ հիվանդանոցներ, ծերանոցներ, այցելելուն:
Պետք է ասեմ, որ համաճարակաբանության վերաբերյալ բոլորիս տարրական գիտելիքները վկայում են, որ ձեռքերը լվանալը վիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու ամենաարդյունավետ և հնագույն միջոցներից է:
Կարո՞ղ ենք ասել, որ Դանիան և Գերմանիան կորոնավիրուսի տարածումը կանխելու արդյունավետ փորձեր են ձեռնարկել:
Այդ երկրներն արդյունավետ են եղել հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը կանխելու առումով: Եվ այժմ այդ երկրներում վարակվածության դեպքերի զգալի նվազում է նկատվում: Մեզ մոտ՝ Գերմանիայում, արդեն մասամբ աշխատում են դպրոցները, բաց են մանկապարտեզներն ու նախակրթարանները, խանութները նույնպես բաց են, չնայած՝ խանութում գտնվելու ընթացքում պարտադիր է կրել դիմակ, բաց են ռեստորանները, սակայն գործում է սահմանափակում: Ռեստորանների և հյուրանոցների զբաղվածությունը չպետք է գերազանցի 60%-ը: Իսկ հաջորդ շաբաթվանից բոլոր հյուրանոցներն արդեն կաշխատեն 100%-ով: Ես կարծում եմ՝ այդ որոշումը մեծապես պայմանավորված է տնտեսական խթաններով:
Հայաստանում վարակվածության և մահացության ցուցանիշներն, իրոք, շատ անհանգստացնող են: Եվ լուրջ մտավախություն կա, որ Հայաստանը կհայտնվի այն իրավիճակում, որում հայտնվել էին Հյուսիսային Իտալիան և Իսպանիան, որտեղ հիվանդանոցային մահճակալները չէին բավականացնում՝ բոլոր հիվանդներին ընդունելու համար:
Ի՞նչ կասեք մարդկանց, որոնք, այնումենայնիվ, չեն հավատում վիրուսի գոյությանը:
Ես կարող եմ ապավինել միայն մարդկանց գիտակցությանը, սոցիալական պատասխանատվությանը: Մեր և մեր ընտանիքի անդամների առողջությունը հենց մեր ձեռքերում են, և յուրաքանչյուրն, իրենից բացի, ուրիշ որևէ մեկին չի կարող մեղադրել՝ կանոններին չհետևելու և անցանկալի հետևանքների համար: Հետևաբար՝ ամեն ինչ մեր ձեռքերում է. մենք կարող ենք վերահսկել վիրուսի տարածումը:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան