Ապրելով Շվեյցարիայում և աշխատելով Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնական գրասենյակում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Իրինա Պապիևան շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի, ինչպես պաշտոնապես, այնպես էլ հոգեպես, իսկ հարմար առիթի դեպքում ընդգծում է, որ իր և իր երեխաների ապագան Հայաստանում է։
1997 թվականին Իրինա Պապիևան ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ապա՝ 2000 թվականին, մասնագիտացել Առողջապահության ազգային ինստիտուտի՝ Ալերգոլոգիա և իմունոլոգիա ամբիոնում: 2005 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության դպրոցում: 2006 թվականին Իրինա Պապիևան աշխատել է Հայաստանում ԱՀԿ գրասենյակում, իսկ 2014 թվականին՝ Հնդկաստանում ԱՀԿ գրասենյակում: Այժմ նա Ժնևում ԱՀԿ միջազգային փորձագետների հետ միասին մարտնչում է աշխարհի առջև ծառացած մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի դեմ:
– Բժիշկ Պապիևա, ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:
Իմ բժիշկ դառնալու պատմությունը սկսվեց դեռևս 1988 թվականին, երբ ես ականատես եղա երկրում տիրող քաղաքական անկայունության առաջին նշաններին, ինչպես նաև ավերիչ երկրաշարժի հետևանքներին: Այդ ժամանակ ես սովորում էի դպրոցում, արդեն իսկ որոշված մասնագիտական ուղղությամբ. ես ուզում էի դառնալ դիվանագետ, քանի որ ինձ շատ էին հետաքրքրում լեզուները, գրականությունը, աշխարհագրությունը, պատմությունը, փիլիսոփայությունը, և ես ուզում էի ուսումնասիրել, թե ինչպես են այս բոլոր գիտությունները փոխկապակցված, ինչպես դրանց հիմնական հասկացություններն ու սկզբունքները կարող են նպաստել խաղաղության և կայունության հաստատմանն ամբողջ աշխարհում: Դա էր իմ երազանքը: Սակայն երկրաշարժը շեղեց ինձ գլոբալ մտքերից և տեղափոխեց ծանր իրականություն, որտեղ մարդիկ պարզապես պայքարում էին կյանքի համար: Ինձ շատ ցավալի էր հետևել այն ամենին, ինչ տեղի էր ունենում այդ օրերին, բայց միաժամանակ ինձ մոտ ձևավորվում էր մի այլ կարծիք կյանքի առաջնահերթությունների և իրական արժեքների մասին: Այսպիսով, 1988 թվականի դեկտեմբեր ամսին ես կտրուկ որոշում ընդունեցի դառնալ բժիշկ՝ համոզված լինելով, որ հենց սա է այն մասնագիտությունը, որն ամենակարևորն է և թույլ կտա ծառայելու ողջ մարդկությանը:
– Ի՞նչ դժվարությունների է բախվում բժիշկը:
Իրականում բժիշկները բախվում են բազմաթիվ դժվարությունների։ Օրինակ, կարծում եմ, որ բժիշկներն իրենց մասնագիտության մեջ ամենամեծ պատասխանատվությունն են կրում՝ անկախ մասնագիտական ոլորտից կամ զբաղեցրած պաշտոնից, այդ իսկ պատճառով բժիշկների համար լիովին հանգստանալն ուղղակի անհնար է դառնում: Դրանից բացի, լավ բժիշկ լինելը ակնկալում է սովորելու և նոր հմտություններ ձեռք բերելու անվերջ ընթացքի մեջ լինել, քանի որ բժշկությունը շատ արագ զարգանում է, և չափազանց կարևոր է ետ չընկնել ոլորտային զարգացումներից ու նոր մոտեցումների մշտական հոսքից։ Խոսելով գիտելիքներից և հմտություններից՝ կարևոր է նաև նշել, որ ցանկացած բժիշկ, նույնիսկ մասնագիտանալով մեկ ոլորտում, չի կարող սահմանափակել իր գիտելիքների և հմտությունների շրջանակը միայն այդ ոլորտով: Նա պետք է միշտ պատկերացնի ամբողջական պատկերը և համապարփակ մոտեցում ցուցաբերի ցանկացած խնդիր լուծելիս։ Նաև կուզենայի նշել, որ ցանկացած մասնագիտություն, այդ թվում բժշկությունը, որն ակնկալում է մարդկանց հետ անմիջական շփում, ինքն իրենով մարտահրավեր է, որովհետև մասնագետը պետք է գտնի հատուկ և, ինչու ոչ, եզակի մոտեցում յուրաքանչյուր մարդու՝ անկախ նրա տարիքից, սեռից, կրթության մակարդակից, կրոնական պատկանելությունից, քաղաքական հայացքներից։
– Ի՞նչ առավելություններ ունի բժիշկը:
Մարդկանց հետ անմիջական շփումը, ինչպես հանդիսանում է մարտահրավեր, այնպես էլ մեծ առավելություն է բժիշկների համար։ Ցանկացած հաղորդակցություն հարստացնող է երկու կողմի համար, և, իմ սեփական փորձից ելնելով, կարող եմ վստահորեն ասել, որ սովորում եմ ամեն շփումից ինչ-որ մի բան, անկախ նրանից՝ շփվում եմ գործընկերների, հիվանդների, նրանց ընտանիքների թե կառավարության, կրթական կամ գիտական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ավելին, ինձ համար առողջապահության ոլորտի ցանկացած մասնագիտություն շարունակում է մնալ առավել մարդկային և անհրաժեշտ, քանի որ միայն առողջ հասարակությունն է հանդիսանում զարգացման նախապայմանը։
– Կխնդրեի պատմեք մի փոքր Ձեր մասնագիտական ուղու մասին: Ես գիտեմ, որ այն հարուստ է նշանակալի ձեռքբերումներով:
1997 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի՝ բուժական գործով բժշկի որակավորում ստանալուց հետո ես շարունակեցի իմ կրթությունը Առողջապահության ազգային ինստիտուտի՝ Ալերգոլոգիա և իմունոլոգիա ամբիոնում՝ աշխատելով որպես կլինիկական օրդինատոր Արաբկիր բժշկական կենտրոնում: Ես ընտրել էի այդ մասնագիտությունը, քանի որ այն դեռ լիովին զարգացած չէր մեր երկրում և պահանջում էր ավելի խորը ուսումնասիրություններ և նորանոր մոտեցումների կիրառում։ Ես շատ էի սիրում իմ գործը և բավարարված էի ինձ զգում հիվանդանոցում, մասնավորապես՝ հիվանդների հետ աշխատանքի ընթացքում։ Սակայն, ժամանակի ընթացքում ձեռք բերելով գիտելիքներ և փորձ թե մասնագիտական ոլորտում, թե առողջապահական համակարգի գործունեության վերաբերյալ, ես հասկանում էի, որ լավ բժիշկ լինելը բավարար չէ՝ ապահովելու հիվանդների լիովին բուժումն ու ապաքինւմը։ Ես հասկանում էի, որ առողջապահական համակարգը պետք է բավականաչափ հզոր լինի և ի վիճակի լինի ապահովելու կայուն աջակցություն բոլոր հիվանդներին, հատկապես, եթե խոսքը գնում է քրոնիկ հիվանդություններով մարդկանց մասին։ Ինձ մոտ շատ հարցեր էին առաջանում, և այդ իսկ պատճառով ես որոշեցի շարունակել իմ ուսումը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության դպրոցում։ Սովորելու ընթացքում (2003-2005թթ.) ես օգտագործում էի ամեն առիթ` աշխատելու, սովորելու և զարգացնելու իմ հմտությունները հանրային առողջապահության ոլորտում՝ հասկանալով, թե ինչքան հետաքրքիր և բազմազան ոլորտ է, և ինչ կարևոր դեր ունի այն առողջապահական համակարգերի զարգացման գործընթացում: 2005 թվականին հանրային առողջապահության մագիստրոսի կոչում ստանալուց մեկ տարի հետո՝ 2006 թվականին, ես ընդունվեցի աշխատանքի Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), որտեղ աշխատում եմ և մինչ այժմ: ԱՀԿ-ի իմ փորձն էլ է շատ հետաքրքիր: Ես սկսեցի իմ աշխատանքն ԱՀԿ-ի՝ համեմատաբար փոքր հայաստանյան գրասենյակում, որտեղ 8 տարի աշխատել եմ գրիպի պատրաստվածության, ճգնաժամերի կառավարման, առողջապահության միջազգային կանոնակարգերի և առողջապահության համակարգի ամրապնդման ոլորտներում: 2014 թվականին տեղափոխվեցի ԱՀԿ Հնդկաստանի գրասենյակ, որտեղ երկրի մակարդակով ԱՀԿ-ն ունի ամենամեծ ներկայացուցչությունն, ինչպես ազգային, այնպես էլ ֆեդերալ մակարդակով: Այնտեղ աշխատանքի ծավալը շատ մեծ էր, սակայն համակարգային խնդիրները, որոնց հետ մենք գործ ունեինք, տարբեր բնույթի էին, ինչպիսիք էին, օրինակ՝ հիմնական ենթակառուցվածքների բացակայությունը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կրկնակի բեռը, առողջապահության մասնագետների կրիտիկական պակասը, չվերահսկվող մասնավոր սեկտորը և համակարգի ծայրահեղ մասնատումը: Հնդկաստանում իմ պորտֆոլիոն ներառում էր հիվանդների անվտանգության և բժշկական ծառայությունների որակի բարելավման ծրագրերը: 2017 թվականին տեղափոխվեցի ԱՀԿ գլխավոր գրասենյակ՝ Շվեյցարիա, որտեղ իմ աշխատանքի ոլորտը նույնպես կապված է հիվանդների անվտանգության և բժշկական ծառայությունների որակի բարելավման հետ, և ես աշխատում եմ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ՝ գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում:
– Արդյո՞ք Ձեզ հաջողվում է հանգստանալ: Եթե այո, ինչպե՞ս: Ունե՞ք նախընտրելի հոբբի:
Ցավոք, ես հանգստի շատ սահմանափակ ժամանակ ունեմ, հատկապես՝ վերջին տարիների ընթացքում, քանզի ԱՀԿ գլխավոր գրասենյակում աշխատանքը բավականին դժվար և լարված է: Եթե ունեմ ժամանակ, ապա փորձում եմ այն անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ: Ես սիրում եմ կարդալ և ազատ ժամանակ փորձում եմ կարդալ ինչ-որ բան, որը մասնագիտական գրականության հետ ոչ մի կապ չունի (չնայած՝ դա վերջին տարիների որոշումներից է): Ես նաև յոգայով եմ զբաղվում, որը սովորել եմ Հնդկաստանում, պարում եմ և միշտ փորձում եմ սովորել ինչ-որ նոր բան` լինի դա նոր ուտեստ կամ նոր լեզու, նոր պար կամ նոր հմտություն, քանի որ ես հավատում եմ, որ սա է կյանքի բանալին. մարդը կյանքում պետք է երբեք չդադարի սովորել ու զարգանալ:
– Պատմեք, խնդրում եմ, մի փոքր Ձեր ընտանիքի մասին: Ստացվու՞մ է համատեղել անձնական և մասնագիտական կյանքը:
Անձնական և մասնագիտական կյանքը համատեղելը հեշտ չէ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ անում եմ հնարավոր ամեն ինչ՝ հավասարակշռությունը գտնելու համար: Միգուցե այն փաստը, որ ես հիանալի երեխաներ ունեմ, ինչ-որ կերպ արտացոլում է իմ հաջողությունն այս հարցում: Իմ որդին՝ Արամը, ավարտել է Հայ- ռուսական սլավոնական համալսարանը և արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնագետ է։ Նա չափազանց խելացի և զարգացած երիտասարդ է, և պարծանքով կարող եմ նաև ասել՝ իր ոլորտում հմուտ և հաջողակ մասնագետ է։ Նա դեռ 23 տարեկան է, բաjց ունի մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ Google Summer of Code-ի շրջանավարտ է և OORES Startup-ի համահիմնադիր, որի հիմանական ձեռքբերումներից է նույն անվանումով App Store-ում հասանելի հավելվածը՝ նախատեսված հանդիպումների արագ և էֆեկտիվ կազմակերպման համար։ Իմ դուստրը՝ Էլինան, ով 19 տարեկան է, կարող է հեշտությամբ կոչվել «գլոբալ քաղաքացի», քանզի նա շատ բարի, հեշտությամբ շփվող, հանդուրժող և հոգատար անձնավորություն է: Երբ ես տեղափոխվեցի Հնդկաստան, նա տեղափոխվեց ինձ հետ և այնտեղ ավարտեց բրիտանական միջազգային դպրոցը: Այնուհետև նա ուսումը շարունակեց UWC Dilijan-ում, որտեղ նա ոչ միայն ստացավ IB դիպլոմը, այլև կարողացավ նպաստել համայնքի զարգացման շատ նախագծերի իրականացմանը, որոնցից մի քանիսը ամբողջությամբ նախագծվել և ղեկավարվել են նրա կողմից: Այժմ նա սովորում է հոգեբանություն և կենսաբանություն ԱՄՆ-ի համալսարանում։ Նա նաև տաղանդավոր պարուհի է և օժտված է չտեսնված ստեղծագործական մտածողությամբ և արդեն իսկ սկսել է ուսումնասիրել արվեստի և հոգեբանության կապը՝ շարունակելով մեզ ուրախացնել իր նորանոր ձեռքբերումներով: Ես հպարտանում եմ իմ երեխաներով և համարում եմ, որ դա է իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը։
– Դուք Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ եք: Ի՞նչ կհիշեք Ձեր ուսանողական տարիներից: Արդյո՞ք պահպանում եք կապը Ձեր կուրսընկերների հետ:
Ես ուսում էի ստանում Երևանի պետական բժշկական համալսարանում մեր երկրի համար շատ դժվար ժամանակահատվածում, երբ սահմանափակ էին նույնիսկ հիմնական հարմարությունները, ինչպիսիք էին՝ էլեկտրաէներգիան, ջուրը, գազը և այլն։ Երկիրը ծանրագույն վիճակում էր քաղաքական անկայունության և տնտեսական ճգնաժամի պատճառով։ Այնուամենայնիվ, ուսանողական տարիների հիշողությունները շատ ջերմ ու բարի են: Մենք կապ ենք պահպանում կուրսընկերների հետ և անհրաժեշտության դեպքում միշտ օգնում ենք միմյանց: Մի քանի տարի առաջ մենք հավաքվեցինք՝ նշելու մեր ավարտելու քսանամյակը, և, իհարկե, շատ հաճելի էր հանդիպել կուրսընկերների հետ տարիներ անց և կիսվել հաջողություններով: Ես չգիտեի Շրջանավարտների ակումբի մասին, բայց հենց լսեցի այդ մասին, հաճույքով միացա ակումբին և ուրախ եմ կապ հաստատելու բուհի շրջանավարտների հետ: Ինչ վերաբերում է բժշկական կրթությանը, կարծում եմ, որ այն բավականաչափ լավ էր այդ ժամանակահատվածի համար, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մեր կրթական համակարգում պահանջվում են արմատական բարեփոխումներ՝ արագ և անընդհատ փոփոխվող մարտահրավերներին արձագանքելու համար:
– Լինելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հեղինակավոր փորձագետ՝ ինչպե՞ս կբնորոշեք նոր կորոնավիրուսը (COVID-19): Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը: Կարող ե՞ք նշել որևէ երկիր կամ երկրներ, որոնք արդյունավետորեն կանխել կամ պայքարել են վիրուսի տարածման դեմ: Ի՞նչ կասեք մեր երկրում ձեռնարկված միջոցառումների մասին:
COVID-19- ը աշխարհի համար նոր մարտահրավեր է, և մենք դեռ շարունակում ենք ուսումնասիրել վիրուսն ու այն ամենը, ինչ կապված է նրա հետ։ Նոր տեղեկություններ և փաստեր ի հայտ են գալիս ժամ առ ժամ՝ թե վիրուսի փոխանցման, թե կլինիկական դրսևորումների, թե իմունային համակարգի պատասխանի վերաբերյալ, որոնց հիման վրա էլ մշակվում են համավարակի դեմ պայքարի ռազմավարությունների և միջամտությունների բազմաթիվ ուղեցույցներ։ Օրինակ, ԱՀԿ-ն մեկ օրվա մեջ ուսմնասիրում է միջինում մոտ հազար գիտական հոդված՝ տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող, տարբեր հեռանկարներ նկարագրող, տարբեր որակական ցուցանիշներ ունեցող, երբեմն խիստ հակասական փաստեր և վերլուծություններ նկարագրող։ Ամենակարևորն այն է, որ առողջապահության ոլորտի մասնագետները բախվել են աննախադեպ մարտահրավերի ամբողջ աշխարհի մակարդակով, և, հետևաբար բոլորը դեր ունեն այս մարտահրավերը հասցեագրելու գործում։ Այդ իսկ պատճառով ես կուզենայի ոչ թե նշել՝ որոնք են այսօրվա դրութամբ համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցառումները, այլ կուզենայի շեշտը դնել վստահության, համագործակցության ու միասնության գաղափարների կարևորության վրա, որովհետև դա է հաջողության հասնելու բանալին: Դրանք բարձր խոսքեր չեն, այլ պարզապես կոչ է՝ վստահելու և հետևելու մասնագետների և իշխանությունների խորհուրդներին՝ անկախ սեփական կարծիքից ու համոզմունքներից, սերմանել միասնության գաղափարը հասրակության մեջ, որն էլ ավելի կարևոր է մեր ազգի համար, և, իհարկե, համագործակցել կառուցողական և մասնագիտական ձևաչափով։
– Հայաատանի հետ կապված ի՞նչն եք կարոտում:
Այն, ինչն ամենաշատը կարոտում եմ Հայաստանում, իմ ընտանիքն է և ընկերներս: Ես ունեմ մեծ ընտանիք և շատ լավ ընկերներ, և նրանց հետ իմ ցանկացած շփումը ինձ շատ է հարստացնում՝ տալով մի տեսակ պաշտպանվածության զգացողություն: Ես ինձ շատ հանգիստ և երջանիկ եմ զգում Երևանում: Եվ, անկասկած, ես գերագույն հաճույք եմ ստանում՝ պարզապես զբոսնելով Երևանի փողոցներով, վայելելով հայկական սուրճի բույրը և նայելով շատրվաններին, ճանապարհորդելով Երևանի մետրոպոլիտենով, ինչպես նաև այցելելելով Հայաստանի մարզեր և ամեն անգամ հայտնաբերելով նոր հրաշալի վայրեր՝ բացահայտելով մեր հարուստ պատմությունն ու ավանդույթները:
– Պլանավորու՞մ եք վերադառնալ Հայաստան՝ ընդմիշտ բնակության:
Ես շարունակում եմ մնալ ՀՀ քաղաքացի, ինչպես պաշտոնապես, այնպես էլ հոգեպես: Եվ սա նշանակում է, որ իմ ապագան Հայաստանում է։ Կասեմ ավելին, վերջին տարիներին ես նկատում եմ մի հետաքրքիր միտում. երբ մարդը որոշակի փորձ, հմտություններ և կարողություններ է ձեռք բերում, ինչպես նաև հասնում է պրոֆեսիոնալիզմի մի մակարդակի, ուժեղ ցանկություն է առաջանում անպայման ինչ-որ բան վերադարձնել հասարակությանը, մարդկությանը, և, իհարկե, հիմնականում մարդիկ վերադառնում են իրենց արմատներին՝ փորձելով իրենց ներդրումն ունենալ իրենց երկրի զարգացման գործընթացում: Կարծում եմ՝ ես արդեն այդ ճանապարհին եմ, և օրերից մեկ օր անպայման կուզենամ մի հնարավորություն ունենալ՝ իմ փորձով կիսվելու գործընկերներիս և, ինչու ոչ, ապագա սերունդների հետ։
– Որպես հարուստ մասնագիտական ճանապարհ անցած փարձառու մասնագետ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա կոլեգաներին՝ սկսնակ բժիշկներին:
Սովորեք և երբեք մի դադարեք սովորելը և նոր բաներ ուսումնասիրելը: Սա զարգացման և հաջողության հասնելու հիմք է հանդիսանում: Եղեք բաց, ճկուն և միշտ պատրաստ՝ արագ փոփոխվող միջավայրում նոր մարտահրավերներ ընդունելու: Եղեք համագործակցող բոլորի հետ՝ թե ձեր դասընկերների, թե հիվանդների և նրանց ընտանիքների հետ, թե գործընկերների հետ՝ անկախ նրանց մասնագիտությունից կամ զբաղեցրած պաշտոնից։ Միշտ բաց և պատրաստ եղեք՝ քննարկելու ցանկացած խնդիր, և փորձեք միասին գտնել լուծումներ: Երբեք մի հանձնվեք։ Ցանկացած հարցում միշտ կա դրական կողմ և շատ հնարավորություններ։ Միշտ փորձեք գտնել հավասարակշռություն մասնագիտական և մարդկային մոտեցումների միջև:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան