Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ այցելու պրոֆեսորն ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս կարևորել սեփական հետաքրքրությունները

ԵՊԲՀ այցելու պրոֆեսորն ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս կարևորել սեփական հետաքրքրությունները

Մեր հայրենակից Թալին Բաբիկյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Երեխաների և դեռահասների հոգեբուժության բաժանմունքի դոցենտ է: Միացյալ Նահանգներում հեղինակություն վայելող կլինիկական նյարդահոգեբանի ինքնակենսագրությունը 20 էջից ավելի է. բժիշկ Բաբիկյանը բազմաթիվ մասնագիտական գրքերի, հրապարակումների և հոդվածների հեղինակ է: Հազարավոր ընտանիքների օգնած հայ մասնագետի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսորի հետ զրուցել ենք մանկության երազանքների, մասնագիտության ընտրության, բժիշկ լինելու առավելությունների և դժվարությունների, ինչպես նաև նախասիրությունների մասին: 

– Եկե՛ք սկսենք բժիշկ դառնալու՝ Ձեր որոշումից: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:

Ես շատ երազանքներ ունեի, մեծանալով՝ սկսեցի շատ հետաքրքրվել լրագրությամբ. այն ինձ համար աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր: Երազում էի նաև տիեզերագնաց դառնալու մասին, քանի որ թվում էր, թե դա կնպաստի տիեզերքով ճանապարհորդելու իմ արկածախնդիր ձգտմանը: Ես մի քանի հետաքրքրություն ունեի ակադեմիական տեսանկյունից. մեկ դուռը բացում էր մյուսը: Այդ պատճառով, կարելի է ասել, որ հասա իմ ներկա մասնագիտությանը՝ հետևելով այդ շրջանում իմ հետաքրքրություններին, այլ ոչ թե մանկության երազանքներիս:

– Ինչպիսի՞ դժվարությունների է բախվում բժիշկն իր գործունեության ընթացքում:

Հետաքրքիր հարց է. ես ավելի շատ մարտահրավերներ եմ տեսնում, քան դժվարություններ: Մարտահրավերները ներառում են հավասարակշռված կյանքը, որը ենթադրում է ընտանիքի հետ անցկացված ժամանակն, հոբբիները, հոգեկան առողջության մասին հոգալը: Մենք պետք է նախ հոգ տանենք մեր մասին, որպեսզի կարողանանք օգնել մեր սիրելիներին: 

– Ի՞նչ առավելություններից է օգտվում բժիշկը:

Ինձ համար բժիշկ լինելը կյանքի ամենագոհացուցիչ փորձառություններից մեկն է, երբ զգում եմ, որ օգնել եմ երեխային՝ աջակցելով նրա ընտանիքին, ուսուցիչներին կամ բժիշկներին ավելի լավ հասկանալ նրան:

– Մի փոքր պատմե՛ք Ձեր կարիերայի մասին: Գիտեմ, որ դա երկար ժամանակ կպահանջի, քանի որ Ձեր ձեռքբերումները շատ են, բայց կխնդրեմ համառոտ ներկայացնել դրանք:

Ասպիրանտուրայից առաջ ես աշխատում էի UCLA-ի (University of California, Los Angeles) Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների մագիստրոսի կոչման վրա` կենտրոնանալով հայ գրականության ոլորտում: Ես փափագում էի ավելի լավ հասկանալ իմ մշակույթը և պատմությունը, որոնք ուսումնասիրեցի երկու տարի: Այնուհետև ընդունվեցի Կալիֆոռնիայի Լոմա Լինդայի համալսարանի կլինիկական հոգեբանության ասպիրանտուրան՝ ենթադրելով, որ կդառնամ հոգեբույժ: Մեկ տարի անցկացրի Լոնդոնում և, իսկապես, հիացած էի անձի զարգացմամբ և նրանով, թե ինչպես են կյանքի փորձառությունները ձևավորում մեր «ես»-ը: Բայց նորից, գնալով իմ հետաքրքրասիրության հետևից, երեխաների զարգացման միջոցով սկսեցի ուսումնասիրել ուղեղի և վարքի միջերեսը (interface), ինչպես նաև հետազոտության մեթոդները: Մինչև ասպիրանտուրան ավարտելը ես աշխատում էի կենսաբանական վիճակագրության ոլորտում հանրային առողջության մագիստրոսի կոչման վրա: Իմ ատենախոսությունը վերաբերում էր երեխաների գլխուղեղի վնասվածքներին` օգտագործելով նոր տեխնիկա վերականգնման բնական ընթացքի ուսումնասիրության համար: Այնուհետև ես ստացա կրթաթոշակ՝ UCLA- ում այս ուղղությունը շարունակելու համար: Այդ ժամանակվանից ի վեր մնացի համալսարանում՝ որպես դասախոս:

Այժմ շարունակում եմ աշխատել նյարդահոգեբանական խնդիրներով ընտանիքների և երեխաների հետ մասնավոր ոլորտում արևմտյան Լոս Անջելեսում: UCLA-ում ես աշխատում եմ հետազոտողների և բժիշկների բացառիկ թիմի հետ, որն ուսումնասիրում է երիտասարդների գլխուղեղի վնասվածքները: Ես մշակեցի վերապատրաստման ծրագիր նյարդահոգեբանների համար, որոնք հետաքրքրված են ուղեղի վնասվածքներով, մասնավորապես՝ սպորտով պայմանավորված վնասվածքներով: Ինձ բախտ է վիճակվել ամեն օր աշխատել բացառիկ մասնագիտական ​​թիմի հետ, որը բուժում և ուսումնասիրում է երեխաների ուղեղի վնասվածքները, կրթում համայնքին և նյարդահոգեբանների հաջորդ սերնդին: Երբեք իմ ամենախենթ երազներում նույնիսկ չէի պատկերացնի, որ կունենամ այսպիսի հագեցած մասնագիտություն: Ես հաճախ եմ կատակում, որ եթե նույնիսկ փողի համար աշխատելու կարիք չունենայի, միևնույն է, կանեի այն, ինչ անում եմ, միգուցե, մի փոքր ավելի քիչ:

– Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ հոբբիներ ունեք:

Սիրում եմ ժամանակ անցկացնել տղաներիս հետ: Ես ապրում եմ Խաղաղ օվկիանոսին մոտ և յուրաքանչյուր հնարավորության դեպքում այցելում եմ: Նաև մասնակցում եմ առագաստանավերի մրցումներին. երբ ես ջրի վրա եմ, ինձ թվում է՝ մտովի, ֆիզիկապես և հոգեպես համահունչ եմ: Այս ամառ ես ԱՄՆ-ի թիմերից մեկի կազմում եմ. մասնակցելու ենք միջազգային մրցավազքի, և շատ ոգևորված եմ:

– Խնդրում եմ, մի փոքր պատմե՛ք ձեր ընտանիքի մասին:

Ունեմ երկու  տղա՝ 11 և 14 տարեկան. նրանք լուսավորում են իմ կյանքը: Նրանցից անընդհատ սովորում եմ բարություն և երախտագիտություն: 

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում բժշկության ոլորտը:

Հայաստանում կան շատ տաղանդավոր և նվիրված բժիշկներ, որոնք կատարում են իրենց կյանքի աշխատանքը. նրանք օգնում են իրենց հիվանդներին՝ անկախ ամեն ինչից:

– Երբևէ եղե՞լ եք Հայաստանում:

Այո, բազմիցս, առաջին անգամ՝ 1997 թվականին՝ որպես պրակտիկանտ, իսկ վերջերս՝ 2019 թվականին՝ ընտանիքիս հետ, ինչպես նաև մի քանի անգամ ՝ աշխատանքի, զբոսաշրջության համար:

Հայրենիքի հետ կապված ի՞նչն եք կարոտում:

Պատկանելության զգացումը: Ծնվել եմ Իրանում՝ հայ ընտանիքում, իսկ ԱՄՆ տեղափոխվել եմ 70-ականների Իսլամական հեղափոխությունից հետո: Որքան ինձ հիշում եմ, ներգաղթյալ եմ եղել և ուրիշի հայրենիքն իմն եմ դարձրել: Հայաստանն այլ է: Բոլորն իրենց զգում են ինչպես մի մեծ ընտանիքում` եղբայրներ և քույրեր տարբեր ծնողներից:

– Պլանավորու՞մ եք ապագայում այցելել Հայաստան:

Այո, հույս ունեմ պարբերաբար վերադառնալ, ընտանիքիս հետ միասին:

– Որպես հարուստ մասնագիտական ուղի անցած փորձառու բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին:

Մի՛ կենտրոնացեք մասնագիտության, կոչման վրա և մի՛ հետապնդեք փող կամ հեղինակություն ձեռք բերել: Դա կարող է օգնել ձեզ աշխատանք գտնել, բայց դրանք չեն տանի ձեզ դեպի ձեր կյանքի նպատակը: Կարևորե՛ք ձեր հետաքրքրությունները, արժևորե՛ք այն ամենն, ինչը ձեզ հուզում է: Ձեր ձգտումները ձեր հոգու ձայնն են, դրանք երբեք ձեզ չեն խաբի:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան