Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն մեզ տալիս է որակյալ կրթություն ստանալու հնարավորություն. հնդիկ ուսանողը ցանկություն ունի ապրել և աշխատել Հայաստանում

ԵՊԲՀ-ում տարեցտարի ավելանում է օտարերկրյա ուսանողների թիվը, այս տարի 1-ին կուրս ընդունված ուսանողների 37 տոկոսը օտարերկրացիներ են:

Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան Գայանե Ավետիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ սովորողների ընդհանուր թիվը 1348 է: Դեկանի խոսքով՝ և՛ հետաքրքրության շրջանակը, և՛ առաջադիմությունը բավականին բարձր ցուցանիշի վրա են, ինչը երկուստեք աշխատանքի արդյունք է:

«Այս կիսամյակ մենք բավականին բարձր առաջադիմություն ունենք` մոտ 60 տոկոս, եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապա պետք է փաստել, որ այն բարձրացել է: Դա գալիս է թե՛ ամբիոնների լավ աշխատանքից, թե՛ ուսանողներից, որոնց լավ բժիշկ դառնալու ցանկությունը մեծ է»,- ասաց Գայանե Ավետիսյանը:

Առաջադեմ ուսանողներից մեկն էլ Հնդկաստանից ժամանած Ռոհիտ Շարանն է, ով,  դեկանի բնութագրմամբ՝ ակտիվ, աշխատասեր և պատրաստակամ ուսանող է:

Ռոհիտ Շարանը սովորում է 6-րդ կուրսում, ընտրել է ընտանեկան բժշկի մասնագիտությունը: Հնդիկ ուսանողը մեզ հետ զրույցում պատմեց բժիշկ դառնալու որոշման, ԵՊԲՀ-ում սովորելու առանձնահատկությունների և այլնի մասին:

-Ռոհի՛տ, ինչո՞ւ որոշեցիք բժիշկ դառնալ: Ի՞նչը նպաստեց, որ ընտրեք այս մասնագիտությունը: 

-Ինձ ոգեշնչել է մայրս: Նա մասնագիտությամբ բժիշկ է: Բժշկությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է:

Ինչո՞ւ ընտրեցիք Հայաստանը, ի՞նչ ակնկալիքներով եք եկել այստեղ սովորելու:

-Ինչպես Դուք գիտեք Հնդկաստանում բնակչության թիվը մեծ է՝ մոտ 1,5 միլիարդ: Դպրոցն ավարտելուց հետո շատ դժվար է միանգամից ընդունվել բժշկական համալսարան, ստանալ կրություն: Իսկ այստեղ բարձր առաջադիմության դեպքում ԵՊԲՀ-ն մեզ տալիս է որակյալ կրթություն ստանալու հնարավորություն:

Ուսումնական ծրագրերը գոհացնու՞մ են:

-Շատ գոհ եմ ԵՊԲՀ-ում ստացած կրթությունից: Բացի տեսական առարկաներից, մենք անցնում ենք նաև կլինիկական առարկաներ: Արդեն երեք տարի է՝  ուսումնական ծրագրերի մի մասն անցկացնում ենք հիվանդանոցում, որտեղ շատ հիվանդների հետ եմ շփվում: Հիվանդանոցում կատարած աշխատանքը մեծ գիտելիքներ և փորձ է տալիս:

-Ի՞նչ կասեք դասախոս-ուսանող հարաբերությունների, դեկանատի աշխատանքի արդյունավետության մասին: 

-Թե՛ դասախոսները, թե՛ դեկանը շատ ընկերական են, մեզ շատ գիտելիքներ են փոխանցում: Դասախոսները գիտեն, թե ինչպես անեն, որ ուսանողները սովորեն: Մեր դեկանը հիանալի տիրապետում է ուսանողների հետ շփման ձևերին:

– Ռոհի՛տ, կպատմեք Ձեր առօրյայից: Ի՞նչ եք անում դասերից հետո:

-Հայաստանում ես երկու համալսարանում եմ սովորում՝ ԵՊԲՀ-ում և Ամերիկյան համալսարանում: Իմ օրվա մի մասը անցկացնում եմ հիվանդանոցում, իսկ մյուս մասը դաս եմ անում: Ամերիկյան համալսարանում ես ռուսերեն էլ եմ սովորում, արդեն մի քիչ գիտեմ: Դասերից հետո ընկերներիս հետ սիրում եմ ֆիլմ դիտել, զբոսնել քաղաքում՝ Ազատության, Հանրապետության Հրապարակում: Հաճախ օգտվում եմ սննդի կետերից, հատկապես, շատ եմ սիրում հայկական խորովածը:

-Հետաքրքի՞ր է գտնվել Հայաստանում: Հայ ընկերներ ձեռք բերե՞լ եք: 

-Շատ հետաքրքրիր է գտնվել Հայաստանում: Սիրում եմ Հայաստանը: Ամեն հայ էլ իմ ընկերն է, ես շատ ընկերներ ունեմ այստեղ, որոնց հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնում:

– Բժշկական համալսարանն ավարտելուց հետո ի՞նչ եք պատրաստվում անել: Կցանկանա՞ք Հայաստանում մնալ:

-Մայրս, հայրս էլ են գալու Հայաստան: Եղբայրս նույնպես բժիշկ է դառնալու և սովորում է ԵՊԲՀ-ում, արդեն չորրորդ կուրսի ուսանող է: Ես մեծ ցանկություն ունեմ ապրել ու աշխատել Հայաստանում:

 

Հարցազրույցը՝ Արփինե Թովմասյանի

Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի