ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում դրանց տարածվածության ակնհայտ ավելացման և դրա ծանր հետևանքների առաջացման հետ:
Առողջապահության Համաշխարhային Կազմակերպության տվյալներով աշխարհում 160 երեխաներից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում:
Աուտիզմի ուսումնասիրությունների միջազգային գիտական ասպարեզում իր առաքելությունն ունի նաեւ ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիան:
Նեյրոգիտության ոլորտի հայաստանյան զարգացումների եւ աուտիզմի հետազոտությունների մասին զրուցել ենք ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ԵՊԲՀ Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆ. Ենկոյանի հետ:
– Պարոն Ենկոյան, Հայաստանում ե՞րբ սկսվեցին աուտիզմի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունները:
– Դեռևս 10 տարի առաջ ԵՊԲՀ-ում իրականացված առաջին հետազոտությունն ուղղված էր աուտիզմի ախտորոշմամբ երեխաների արյան և մեզի մի շարք մետաբոլիտների, ծանր մետաղների քանակական որոշմանը, իմուն համակարգի հնարավոր շեղումների գնահատմանը։ Այդ հետազոտական նախագիծը իրականացվում էր ԵՊԲՀ եւ ԱՄՆ մի շարք լաբորատորիաների հետ համատեղ։
Որոշ ժամանակ անց կազմավորվեց COBRAIN Armenia-ի հետազոտական թիմը, որի հետազոտությունների շրջանակներում ընդգրկված են նաեւ աուտիզմի սպեկտրի խանգարումները:
– Ի՞նչ փուլում են գտնվում աուտիզմի գիտական հետազոտությունները, եւ ի՞նչ արդյունքներ ունենք այս պահի դրությամբ:
– Վերջին տարիների ընթացքում ձեռք բերված նորագույն սարքավորումների շնորհիվ նեյրոգիտության լաբորատորիան հնարավոր է դարձնում օրգանիզմից դուրս արհեստական պայմաններում ունենալ կենդանի բջիջներ հետազոտությունների համար։ Սա թույլ է տալիս ստանալ նյարդային բջիջների առաջնային կուլտուրաներ, ոսումնասիրել առաձին բջիջների նյութափոխանակությունը, ինչպես նաև դրանց զարգացման և տարբերակման գործընթացը։ Նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել կենսաթափոնների ծավալները հետազոտությունների ընթացքում:
Ներկայումս հետազոտություններ կան ուղղված աուտիզմի սպեկտրի խանգարումների մոդելավորմանը լաբորատոր կենդանիների վրա։ Շուրջ հինգ կենդանական մոդել է հետազոտվել, վերջիններս վալիդացվել և գնահատվել են տարբեր վարքաբանական, կենսաքիմիական, մորֆոլգիական և էլեկրտաֆիզիոլոգիական մեթոդներով։
Հետազոտությունների արդյունքները պարբերաբար տպագրվում են միջազգային բարձր վարկանիշային գիտական ամսագրերում և ներկայացվում միջազգային գիտաժողովների ընթացքում։
– Ի՞նչ մասշտաբներ ունեն Հայատանում աուտիզմի հետազոտությունները:
– Մեր հետազոտությունների շրջանակներում Երևանի և ՀՀ բոլոր մարզերի առողջապահական կենտրոններում գրանցված աուտիզմի սպեկտրի հիվանդություններ ունեցող 0-18 տարեկան երեխաների բժշկական քարտերն ուսումնասիրվում և տվյալները մուտքագրվում են համապատասխան բազա-ռեեստրում։ Հետագայում իրականացվելու է դեպքերի քարտեզագրում ARC GIS համակարգչային ծրագրի միջոցով: Կատարվելու է հիվանդությունների տարածվածության և դրանց կառուցվածքի (ըստ սեռի, բնակության վայրի, ախտահարման կոնկրետ ձևի և այլն) վիճակագրական վերլուծություն:
– Չնայած այն հանգամանքին, որ էթիոլոգիական տեսանկյունից աուտիզմը մինչեւ վերջ դեռեւս բացահայտված չէ, այնուամենայնիվ, որո՞նք են մանկական աուտիզմի առաջացման հիմնական պատճառները:
– Աուտիզմի սպեկտրի խանգարումների առաջացման մեջ հստակ դեր ունեն գենետիկական, ինչպես նաև շրջակա միջավայրի մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել նախածննդյան և հետծննդյան շրջաններում, ինչպես նաև հղիության ընթացքում:
Մանկական աուտիզմի առաջացման պատճառներից մեկը ծանր մետաղների առկայությունն է արտաքին միջավայրում, ուստի ծանր մետաղների դերակատարումը եւ մեր գիտնականների ուշադրության կենտրոնում է: Սրանով պայմանավորված` ծնողների համաձայնությամբ աուտիզմի ախտորոշմամբ երեխաների շրջանում կկատարվեն մազերի նմուշառումներ և կկատարվեն լաբորատոր հետազոտություններ: Նմուշներում ուսումնասիրվելու է կապարի, սնդիկի, պղնձի, արսենի և կադմիումի քանակական պարունակությունը: Բացի այդ, ռիսկի գործոն է համարվում հղիության ընթացքում որոշ տեռատոգեն, օրինակ՝ հակաէպիլեպսիկ (հակացնցումային) ադեցությամբ, դեղամիջոցների օգտագործումը։
ԱՄՆ-ում և Եվրոպայում ժառանգականության ներկայիս գնահատումները տատանվում են 50%-95%-ի միջակայքում: Շրջակա միջավայրի ռիսկի գործոնների բացահայտումը հատկապես կարևոր է, քանի որ ի տարբերություն գենետիկ ռիսկի գործոնների, դրանք կարող են կանխարգելվել:
Աուտիզմ ախտորոշում ունեցող մարդիկ կարող են և պետք է լինեն երջանիկ, եւ իրենց լիարժեք ու ապահով կյանքի իրագործման մեջ յուրաքանչյուրս կարող ենք եւ պետք է ունենանք մեր ներդրումը։