Յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն աչքի է ընկնում ոչ միայն իր կրթության որակով, գիտելիքներ փոխանցելու անխախտ օրենքներով, այլև այնպիսի ուսանողներով, ովքեր տրված գիտելիքներն ամբողջությամբ ամբարում են` գիտակցելով, որ դա է լավ մասնագետ դառնալու ամենակարևոր պայմանը: ԵՊԲՀ-ն հպարտությամբ կարող է նշել, որ գիտելիքներն արժևորող և լավ մասնագետ դառնալու ձգտմամբ ուսանողները բազմաթիվ են: Ահա այդպիսիք են ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրապետական նշանակության «Լավագույն ուսանող» մրցույթում բժշկագիտության բնագավառում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղը գրաված ԵՊԲՀ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սենիկ Մատինյանը և բակալավրի կրթական ծրագրով առաջին տեղը գրաված ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի, ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության գիտական նախագծերի պատասխանատու Լուսինե Հովհաննիսյանը:
ԵՊԲՀ լավագույն ուսանողների հետ զրուցել ենք ոչ միայն իրենց բարձր առաջադիմության, այլև իրենց կողմից ծավալվող գիտական գործունեության և այլ թեմաների մասին:
–Հպարտությամբ կարող ենք ասել, որ Դուք այս տարի ճանաչվել եք ԵՊԲՀ լավագույն ուսանողը: Լավագույն ուսանող ասելիս հասկանում ենք մեծ ջանքեր, նպատակասլացություն ու պայքար: Կմանրամասնեք՝ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին և ինչպե՞ս եք կարողանում լավագույն ուսանողի Ձեր կոչումը պահպանել:
Սենիկ Մատինյան – Մրցույթին մասնակցելու իմ պատմությունը երկար է: Առաջին անգամ մասնակցել եմ երկրորդ կուրսում, այդ ժամանակ անվանակարգերը մի քիչ տարբեր էին, հիմա կա բժշկագիտություն, իսկ այն ժամանակ ընդհանուր բնագիտական էր, ինչն ավելի դժվար էր: Այն ժամանակ գրավեցի երրորդ տեղը, նպատակ եղավ գրավել երկրորդ կամ առաջին տեղը: Երկրորդ անգամ մրցույթին մասնակցելու փորձը եղավ չորրորդ կուրսում, որտեղ ես բակալավրի կրթական ծրագրով հաղթեցի: Իսկ այս անգամ մասնակցել եմ մագիստրոսի կրթական ծրագրով: Մրցույթը կարևոր է այն առումով, որ այն եզակի մրցույթներից է, որտեղ կարևորվում է նաև գիտական ակտիվությունը: Տարբեր մրցույթներ կան, որի ժամանակ գնահատվում է ՄՈԳ-ը, հասարակական ակտիվությունը, այս մրցույթը հնարավորություն է տալիս ուսանողներին, ովքեր նաև գիտական ակտիվություն ունեն, մասնակցեն և գնահատված զգան իրենց, որ զբաղվում են գիտական գործունեությամբ և, որ այդ հանգամանքն ինչ-որ տեղ արձանագրվում է: Այս պատճառով է մրցույթն ինձ համար յուրահատուկ, որ այս կամ այն չափով հաղթում են մարդիկ, ովքեր բացի ՄՈԳ-ից և հասարակական ակտիվությունից նաև գիտական ակտիվություն ունեն:
Լուսինե Հովհաննիսյան – Մրցույթը եղել է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական: Առաջին անգամ այս մրցույթի մասին լսել եմ երկրորդ կուրսում ու միշտ ցանկացել եմ մասնակցել, սակայն որոշակի պահանջներ կային, որոնք պետք էր բավարարել: Առաջին պահանջն առաջադիմությունն էր, երկրորդը՝ գիտական, իսկ երրորդը՝ հասարակական ակտիվությունը: Այս երեք բաղադրիչներն էլ շատ ժամանակատար են և ջանքեր են պահանջում, որպեսզի կարողանաս իրագործել, քանի որ երբ մի կողմի վրա ես շեշտը դնում, ապա մյուս կողմը կարող է տուժել, պայքարը այդտեղ էր թեժանում: Միշտ հետաքրքրվել եմ գիտությամբ և համալսարանում փնտրել եմ այն միջավայրը, որտեղ հնարավորություն կունենամ այդ ասպարեզում կայանալ, այդպես եկել եմ Ուսանողական գիտական ընկերություն, որտեղ կարողացել եմ իրագործել և լրացնել այդ մրցույթում եղած գիտական և հասարակական բաղադրիչները:
–Բժշկագիտության ո՞ր ճյուղն եք ուսումնասիրում և որպես երիտասարդ գիտնական ի՞նչ արդյունքների եք հասել գիտական գործունեությամբ զբաղվելու ընթացքում:
Սենիկ Մատինյան – Տարբեր զրույցների ժամանակ մեր ուսանողներին միշտ նույն բանն եմ ասում՝ եղեք ոչ թե բժիշկ, այլ բժիշկ-գիտնական, որովհետև գիտությամբ զբաղվող մարդու մտահորիզոնը, չեմ ասի ավելի լայն է, բայց մի քիչ յուրահատուկ է, որը ցանկացած մարդու կօգնի պրակտիկայում և գործունեության ընթացքում:
Ես ինձ չեմ պատկերացնում առանց գիտության և ցանկացած փուլում զբաղվելու եմ: Ուսանողական ամբողջ կյանքի ընթացքում ներգրավված եմ եղել գիտական աշխատանքներում, իհարկե, ուսանողական մակարդակով: Ուզում եմ նաև նշել, որ գիտական այն աջակցությունը, որ ստացել եմ համալսարանի կողմից միշտ եղել է, ինչն ինձ ավելի է ոգևորել:
Ես զբաղվում եմ մի շատ հետաքրքիր և կարևոր խնդրով ՝ ուղեղային արյան շրջանառության խանգարումներով: Ինչու է սա կարևոր: Ամբողջ աշխարհում այս խանգարումները մահացության բավական բարձր ցուցանիշ են ապահովում, թե ինչքանով կկարողանամ ես գիտահետազոտական աշխատանքները շարունակել և ստանալ արդյունք, կախված է շատ հանգամանքներից, իհարկե, առաջինն ինձնից: Երբ զբաղվում ես գիտությամբ և անում ես որևէ հայտնագործություն, ապա կարող ես օգնել բոլորին, իսկ երբ բուժում ես մի մարդու, դա մի հոգի էր: Հենց այստեղ է գիտություն ասվածի հետաքրքրությունը, որ քո հայտնագործածը տարածվում է բոլորի վրա:
Լուսինե Հովհաննիսյան – Իմ կարծիքով գիտական մտածելակերպը բժշկի համար շատ կարևոր է: Ոչ միայն կլինիկական, այլև տեսական բժշկությունը շատ առավելություններ կունենա և առաջընթաց կապրի, եթե բժիշկները մտքի մի ծայրով լինեն գիտնական: Երբ բժիշկն անընդհատ շփվում է պացիենտների հետ, բուժումներ է նշանակում, հետևում է այդ ընթացքին, նկատում է, որ որոշ դեպքերում ինքը չի կարողանում ստանալ իր ուզած արդյունքը. 99 մարդու դեպքում աշխատեց, մյուսի դեպքում չաշխատեց, եւ հենց այստեղ առաջնում է հարցը՝ ինչո՞ւ: Եթե բժշկի մեջ լինի գիտական ջիղը, ապա հնարավոր է, որ տա ճիշտ հարց, ինչն էլ իր կամ այլ գիտնականների միջոցով կբարձրացվի և լուծում կստանա: Ստացվում է, որ բժիշկն անում է այն, ինչ ցուցումներով կա:
Գիտությունից դեպի բուն հոսպիտալային պրակտիկա անցումը լինում է շատ ավելի արագ, երբ բժիշկներն են հասկանում գիտնականներին և գիտնականները ստանում են հետադարձ կապը: Մյուս կողմից էլ կա անցումային բժշկագիտությունը, որը տեսական և կլինիկական բժշկագիտության կապող օղակն է: Դա այն փուլն է, երբ կենդանիների վրա հետազոտություններն անցնում են մարդու վրա և շատ կարևոր է, որպեսզի տվյալ գիտնականը լինի ինչպես տեսական գիտնական, այլև պրակտիկ բժիշկ և աշխատի պացիենտների հետ: Այդպիսի մարդիկ իրականում շատ քիչ են ու հիմա մեծ պահանջարկ կա այդպիսի մասնագետների, իհարկե, նրանց աշխատանքը շատ բարդ և դժվար է՝ միաժամանակ լինել երկու կողմում էլ, բայց նրանք են ապահովում այն անհրաժեշտ կապող օղակը, ինչի շնորհիվ պրոգրեսը ավելի արագ է տեղի ունենում:
Ես միշտ հետաքրքրվել եմ երկու շատ լայն և բարդ արդիական ուղղություններով՝ նեյրոգիտություն և օնկոլոգիա: Ես պլանավորում եմ դառնալ ուռուցքաբան, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում են նյարդաբանական ուղեղի ուռուցքները ու ցանկանում եմ ապագայում կատարել տեսություններ հենց այդ բնագավառում, ինչպես տեսական ,այնպես էլ կլինիկական:
–Անդրադառնանք ամենասկզբին: Ինչու՞ ընտրեցիք ԵՊԲՀ–ն, Ձեր նպատակն էր բժիշկ դառնալ, թե՞ հանգամանքները օգնեցին կողմնորոշվել:
Սենիկ Մատինյան – Ես, ինչպես ցանկացած մարդ, սկզբում փնտրտուքների մեջ էի, սկզբից տիեզերագնաց, հետո գիտնական… Ծնողներս ուսուցիչ են, իմ տարիքում, երբ պետք է որոշում կայացնեի իմ մեծ եղբայրը բժշկական համալսարանի ուսանող էր ու այդ մի քանի տարիներն անցել են, այսպես ասած, բժշկական մթնոլորտում: Ինձ մոտ այդտեղից ձևավորվեց սերը դեպի բժշկագիտությունը, որը շատ հստակորեն ամրապնդվեց արդեն ուսումնառության տարիներին: Բայց որոշման պատճառը միայն այդ չէր: Այն գիտակցումը, որ ի վերջո գործ ունես մարդկային կյանքի հետ, պարտավորեցնում է, քեզ զգում ես մարդ, որը ցանկացած պահի ոչ այնքան գիտելիքների, իրավունքների, այլև ինչ-որ մի տեղ պարտականություն ունի պայքարելու մարդկային կյանքի համար: Ամենամեծ շարժիչ ուժն այն է, երբ դու ունես այդ գիտակցումը և այդ գիտակցումի համար ընդունվում ես համալսարան, ինչը քեզ տանում է առաջ և ստիպում սովորել ինչքան կարող ես:
Լուսինե Հովհաննիսյան – Ինձ համար միշտ դժվար է եղել մասնագիտության ընտրության հարցը, որովհետև դպրոցական տարիներին բոլոր առարկանները լավ եմ սովորել, շատ սիրել եմ ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական առարկաները և այդ ոլորտների մեջ դժվար էր որոշում կայացնել: Բայց, ինչպես ասում են, բժշկությունն ազնվագույն արվեստ է, բոլորն էլ կողքից խորհուրդ էին տալիս, և ես ինքս էլ եկա այն համոզման, եթե կան ընդունակություններ, ապա կարող եմ բժիշկ դառնալ: Կարելի է ներդնել ժամանակ, ջանքեր, էնդոգեն և էգզոգեն բոլոր գործոնները, որպեսզի մարդկությանը պիտանի մասնագետ դառնաս: Այդպես իմ ընտրությունը կայացավ:
–Մի փոքր պատմեք ուսանողական կյանքի մասին:
Սենիկ Մատինյան – Իմ ուսանողական կյանքը տարբերվում է մինչև մագիստրատուրա և մագիստրատուրայից հետո, որովհետև դա ենթադրում է ավելի շատ կլինիկա, ավելի շատ բժիշկներ: Առօրյան սկսում եմ մի բաժակ սուրճով, հետո հիվանդանոց, որտեղ այն մարդիկ են, ում տեսնում ես դու ու կազմում ես քո իդեան, թե դեպի ուր ես ուզում գնալ:
Օրվա երկրորդ մասը հիմնականում անցկացնում եմ համալսարանում՝ Ուսանողական գիտական ընկերությունում, և այն գիտելիքները, որոնք ստացել եմ օրվա առաջին կեսին, փորձում եմ գիտականորեն հիմնավորել: Շատ դեպքերում չի ստացվում, որովհետև գիտությունը ստիպում է ամեն ինչին սկեպտիկ վերաբերվել, շատ դեպքերում հարց է առաջանում այո-ի և ոչ-ի ընտրության: Իսկ վերջում օրն ավարտվում է հանգստով, որից հետո պատրաստվում եմ մյուս օրվա առաջին կեսի դասախոսություններին, նյութերին: Բժշկությունը ենթադրում է ամենօրյա պատրաստություն:
Լուսինե Հովհաննիսյան – Օրն անցնում է շատ հագեցած: Առաջին կեսը կլինիկայում, պարտադրվում է, որպեսզի լինես ավելի վստահ և շփվես պացիենտների հետ, ցույց տաս, օգտագործես քո ողջ գիտելիքներն ու հմտությունները, այդ ընթացքում դու սովորում ես ինչպես կիրառել այն ամենը, ինչը դրանից առաջ սովորել ես: Օրվա երկրորդ կեսը հիմնականում նվիրվում է ընթերցանությանը, այդ ժամանակ փորձում ես հասկանալ մեխանիզմները, ավելի ամրապնդել տեսական հիմքը այն հարցերի, որոնք առաջացել են հիվանդի հետ շփման ընթացքում, և ավելի հստակ իրար չհակասող պատասխաններ գտնել: Փորձում եմ կարդալ տարբեր աղբյուրներից ու հասկանալ, թե որն է ավելի տրամաբանական: Oրվա մյուս մասը կարող է անցնել հիվանդանոցում՝ ուռուցքաբանական բաժանմունքում, կամ լաբորատորիայում՝ փորձ անելիս, տվյալներ վերլուծելիս: Իսկ օրվա վերջում ավելի հաճախ գրադարանում, գիշերն էլ նորից կարդում եմ:
–Ինչպիսի՞ն են դասախոս–ուսանող հարաբերությունները։
Սենիկ Մատինյան – Այդ առումով մեր բախտը բերել է: Մեր համալսարանը բժշկագիտության դարբնոցն է ու այն մասնագետները, ովքեր դասավանդում են մեզ ոլորտի առաջատարներից են, և մենք փորձում ենք ինչքան հնարավոր է շատ բան սովորել իրենցից, կազմել մեր իդեան:
Լուսինե Հովհաննիսյան – Դասախոս-ուսանող հարաբերությունները միշտ բարձր մակարդակի վրա են եղել: Դասախոսները ուղղություն են ցույց տալիս, խորհուրդ են տալիս, ինչպես մասնագիտական, այնպես էլ կյանքի, բժշկի հոգեբանության, փիլիսոփայության, պացիենտի հետ շփվելու, խնդիրներները լուծելու մասին: Այնպիսի գիտելիքներ են տալիս, որոնք գրքերում չես կարդա:
–Ըստ Ձեզ՝ լավ բժիշկ դառնալու համար որո՞նք են ամենակարևոր նախապայմանները:
Սենիկ Մատինյան – Ամեն ինչին պետք է քննադատորեն մոտենալ: Երբ դու կարդում ես նյութ, հոդված, գրականություն և, այսպես ասած, փակ աչքերով հավատում ես այդ գրվածին, ի վերջո դա հանգեցնում է սխալների: Մի շատ լավ Նոբելյան գիտնական կա, որը Նոբելյան օրերի շրջանակում Հայաստանում էր, ասում էր՝ «Ես կարդում եմ ամեն ինչ, բայց հավատում եմ նրան, ինչը տեսնում եմ»: Խորհուրդ կտամ բոլոր այն մարդկանց, ովքեր գնում են այս ճանապարհով, կարդալուց հետո մեկ անգամ մտածեն և փորձեն գտնել այդ ասվածի տարբերակները և հավաստի ապացուցեն այն տարբերակը, որը ճիշտ է: Դա կբերի նրան, որ իրենց մոտ կկառուցվի, այսպես ասած, արմատից դեպի ծառի պտուղ ճիշտ վերլուծություն և կլինիկական ցանկացած իրավիճակում կկարողանան ճիշտ որոշումներ կատարել:
Լուսինե Հովհաննիսյան – Լավ բժիշկ դառնալու համար ամենակարևոր նախապայմանը էմպաթիան է՝ ուրիշի ցավը զգալը: Գիտելիքները, շատ կարդալը դեռևս չի դարձնում քեզ լավ բժիշկ, շատ ավելի կարևոր է հոգատարությունը, աշխատասիրությունը: Այսպիսի դիտարկում կա՝ ամենալավ սովորողները հետագայում շատ հազվադեպ են լավ բժիշկ դառնում, ամբողջ աշխարհում է այդպես, հետաքրքրի է ինչու է այդպես լինում: Պատճառը հիմնականում մարդկանց հետ շփվելու մեջ է, դիմացինին հասկանալու կարողությունն է, նրա հանդեպ ուշադիր լինելը, դա կարող է ունենալ որոշիչ նշանակություն, որ հիվանդը բուժվի: Հենց այս է դարձնում բժշկի աշխատանքը շատ ավելի ծանր, որովհետև պետք է ունենալ անհատական մոտեցում, պետք է յուրաքանչյուրին լսել, հասկանալ, մտնել նրա դրության մեջ և փորձել ցուցաբերել պատշաճ օգնություն: Եթե չլինի լավ վերաբերմունք, ինչքան էլ ճիշտ լինի բուժումը հնարավոր է այն արդյունք չունենա:
–Լավագույն ուսանողի և երիտասարդ գիտնականի ծանրաբեռնված և հագեցած առօրյայից հետո ժամանակ ունե՞ք ընկերների համար:
Սենիկ Մատինյան – Մենք այդ հարցի լուծումն ավելի յուրօրինակ ենք գտել. մեր ընկերները նույնպես գիտնականներ են, շատ դեպքերում այդ հարցը հեշտ լուծվում է: Այսինքն՝ գիտությունից տեղափոխվել ընկերական դաշտ ու հակառակը հեշտ է ստացվում, այդ առումով խնդիրներ չկան:
Լուսինե Հովհաննիսյան – Իհարկե գիտական ոլորտում շատ ընկերներ ունեմ, բայց ունեմ նաև ընկերներ, որոնք այլ բնագավառներից են: Ժամանակ առ ժամանակ հաճելի է լինում նրանց հետ շփվել, այլ ոլորտներից տեղեկանալ՝ ավելի բազմակողմանի մտածելու համար:
Լավագույն ուսանողների հետ զրուցեց Արփինե Թովմասյանը