Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայրենաճանաչ ապագա բժիշկները

Սկսած հայկական բժշկագիտության ամենավաղ շրջանից մինչև միջնադարի հայկական բժշկության զարթոնք և 1920 թվականի Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի բացման ժամանակները և թեկուզ հենց Արցախյան պատերազմում մեր բժիշկների անձնվեր ու հերոսական արարքները՝ հայ ականավոր բժշկապետները և բուժաշխատողները մշտապես կապված են եղել ազգային մշակույթի, պատմության լեզվի, կրոնի և ազգային ինքնագիտակցության հետ՝ իրենց համամարդկային, ամենամարդասիրական մասնագիտությունը միախառնելով հայրենիքի հանդեպ ունեցած անկեղծ սիրուն: Եվ այսօր ուրախությամբ ենք փաստում, որ չնայած ապագա բժիշկ դառնալու դասերով այսքան հագեցած առօրյային և մոտալուտ քննաշրջանի մեկնարկին՝ Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանի նախաձեռնությամբ և ԵՊԲՀ-ի ղեկավարության աջակցությամբ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի մեծաքանակ ուսանողներն ու ամբիոնի մի խումբ դասախոսներ հնարավորություն ստացան մասնակցել ոչ սովորական ուղևորության, որն իրենից յուրօրինակ բաց դաս էր ներկայացնում. հենց բուն պատմական վայրերում տեսնելու էինք մեր հայրենիքի ամենահետաքրքիր և պատմական մեծ արժեք ունեցող հուշարձանները:

Ուղևորության առաջին կանգառը հայ-թուրքական սահմանն էր՝ Ախուրյան գետի ափը, որտեղից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա երևում էին հայ ժողովրդի կողմից միշտ կարոտով և հուզմունքով հիշելի, մեր թերևս ամենահայտնի և երբեմնի շքեղ «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անին: Բագրատունիների օրոք կառուցված և վաղ միջնադարում ողջ տարածաշրջանի համար այդքան նշանակալի քաղաքը հենց պարոն Մելիքյանի բնորոշմամբ մինչ օրս էլ համարվում է «առագաստ մեր քարե ծովին»: Երբեմնի մայրաքաղաքի կիսավեր, բայց անչափ շքեղ վանքերի և բարձրաբերձ պարիսպների տեսարանը դիտող բոլոր ներկաների մոտ նկատելի էր հուզմունքը, չէ որ գրեթե բոլորս էլ ունենք նախնիներ Արևմտյան Հայաստանից, և մեր ազգային հիշողության ու ենթագիտակցության մեջ արթուն է անցյալի մեծ և միացյալ հայրենիքի, մեր ժողովրդի հնագույն ծագման մասին պատկերացումները: Մեր ժողովրդի պատմական հիշողության ամենասարսափելի մասն է նաև հայոց ցեղասպանությունը, բայց հանձին մեր նոր սերնդի՝ մենք ունենք ոչ թե այդ անցյալից խեղճացած և ճնշված, այլ իրազեկ, հայրենասեր և պահանջատեր սերունդ, որի ապացույցն է ազգային երգերով և հին հայկական ռազմապար քոչարիով ուսանողների յուրօրինակ ողջույնը սահմանի այս կողմից դեպի այդքան սիրելի քաղաքը՝ դեպի ողջ Արևմտյան Հայաստանը, որի հանդեպ սերը, գիտակցումը, և հետ վերադարձնելու ձգտումը միմիայն ամրապնդվեց այս ուղևորությունից հետո:

Բժշկականցիների մյուս կանգառը Ներքին Թալին գյուղում գտնվող Դաշտադեմի ամրոցն էր, որն իր ողջ հմայքով և վեհությամբ զբաղեցնում էր մի մեծ ու լայնատարած դաշտ, ուսանողները ամրոցի փոքրիկ վանքը ողողեցին հոգևոր շարական երգերով և անգամ մի փոքր էլ հասցրին տարածքի մաքրությամբ և պահպանությամբ էլ զբաղվել: Դաշտադեմի ամրոցը մեր հայրենիքի քիչ ուսումնասիրված, բայց այս ուղևորությամբ շատերիս համար բացահայտված չափազանց տեսարժան մի վայր է, որի մասին հետագա իրազեկմամբ կզբաղվենք հենց մենք՝ ամրոցի հզորությամբ այդքան տպավորված ուսանողներս:

Մեր վերջին կանգառը անաղարտ բնական միջավայրով և ամենամաքուր լեռնային օդով շրջապատված Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին էր՝ հնադարյան գերեզմանաքարերի իր հսակայական դաշտով, 7-րդ դարի այդ հոյակերտ տաճարը և իր շուրջը տարածվող այդքան դրական և հաճելի մթնոլորտը քաղաքային և համալսարանական առօրյայից ընդիմջում արած ուսանողների համար հրաշալի միջավայր էր, և հնարավորություն՝ կենտրոնանալու և բնությանը ավելի մոտենալու համար: Ուղևորության արդյուքնում էականորեն բարձրացավ ոչ միայն ուսանողներիս հայրենաճանաչության մակարդակը, այլև յուրօրինակ կերպով ձևավորվեց հայրենիքի, մեր պատմական վայրերի և մշակույթի մասին հոգ տանելու, խնամելու ամենահարազատ հատկությունը: Օրվա վերջում հետ վերադառնալով Երևան՝ բոլորի մոտ գրեթե նույն հայրենասիրական զգացումն էր և այն հրճվելի միտքը, որ այս անմոռանալի ուղևորությունը նոր եռանդ տվեց մեզ ոչ միայն ուսման, այլև առհասարակ ողջ կյանքի համար:

Մասնակից ուսանողների ողջ կազմի անունից շնորհակալություն ենք հայտնում մեր ամենահարազատ համալսարանի հետևողական և իրավամբ ուսանողամետ ղեկավարությանը աջակցության համար, նաև այս ուղևորության նախաձեռնող վաստակաշատ դասախոս, գիտանական, անչափ սիրելի պարոն Մելիքյանին՝ հոդվածն ավարտելով նրա՝ 2011 թվականին տպագրված «Անին առագաստ մեր քարե ծովին» ժողովածուի այս բանաստեղծությամբ.

 

ՀՈՒՅՍ

Անի քաղաքի փոշոտ ճամփեքին

Լսում եմ դարձյալ կառքերի ճռռոց,

Եվ ի՜նչ հրաշք է, մեր նոր օրերում,

Տասը դար հետո հայ մնալ նորից:

Ու թե մի հազար տարի էլ անցնի,

Ու թե թուրքի տեղ այլ գազան հյուր գա,

Կույր մկան նման քարեր փախցնի,

Մեկ է՝ քարերն այն միշտ հայ կմնան:

Անիի քարեր՝ դեսուդեն ընկած,

Դուք եք աշխարհին Մայր Տաճար տալու…

 

Հոդվածի հեղինակ՝ «Ընդհանուր բժշկության» ֆակուլտետի 121 խմբի ուսանող Ահարոն Ծատուրյան