Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հետազոտության հիմունքներ» առարկան ուսանողների հետաքրքրության շրջանակում է

«Հետազոտության հիմունքներ» առարկան ուսանողների հետաքրքրության շրջանակում է

«Հետազոտության հիմունքներ» առարկան 2020 թվականին նույնպես շարունակեց հաջողություններ գրանցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների շրջանում: Առարկայի տևողությունը երեք ամիս է՝ հոկտեմբերից դեկտեմբեր, դասավանդման լեզուն հայերենն է, արտասահմանցի ուսանողների համար՝ անգլերենը:

Հայաստանում բժշկական համալսարանն առաջինն էր, որ 2019 թվականին բազային կրթության մեջ ներդրեց «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին:

Դասընթացի վերջում ուսանողներն ընտրում են հետազոտության թեմա և ներկայացնում զեկույցներ: 

Ամփոփելով դասընթացի արդյունքները՝ առարկայի ուսումնական գծով պատասխանատու Մարիամ Մովսիսյանը շեշտեց. «Մենք կարիք ունենք՝ ուժեղ լինելու, իսկ ուժեղ լինելու համար կարևոր է գիտությունը, կարևոր է մեր ուսանողներին սովորեցնել սիրել գիտությունը: Այս դասընթացի ժամանակ մենք բացատրում ենք, թե ինչ է գիտությունը՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր ուսանողի»:

Առարկան ընտրած 70 մասնակիցներից Լաուրա Վարժապետյանը, արտահայտելով իր գոհունակությունը, ընդգծեց, որ ընտրել է «Հետազոտության հիմունքները», քանի որ իր մասնագիտացումը պատկերացնում է գիտական ասպարեզում: «Այն, ինչ սպասում էի, ստացա: Առարկայի շնորհիվ ես սովորեցի ընտրել ճիշտ մեթոդոլոգիա, ինչն է՛լ ավելի արդյունավետ կդարձնի իմ աշխատանքը: Ինձ դուր եկավ այն փաստը, որ մեզ դասավանդող դասախոսները տարբեր ամբիոնններից էին. այսինքն՝ մենք հնարավորություն ստացանք՝ ճանաչելու համալսարանական մասնագետներին, որոնց հետագայում կկարողանանք դիմել մեզ հուզող հարցերով», – նշեց Լաուրան: 

Դասընթացի մեկ այլ մասնակից՝ Համլետ Թորոսյանը, ասաց, որ դեռ առաջին կուրսից որոշել էր անպայման ընտրել «Հետազոտության հիմունքներ» առարկան: «Գիտությունը հիմք է ապացուցողական բժշկության համար: Չնայած հեռավար դասերին՝ մենք կարողացանք հսկայական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել, իսկ դասախոսներն ամեն կերպ մեզ աջակցում էին՝ փոխանցելով իրենց օգտակար փորձը», – ավելացրեց Համլետը: Ձեռք բերված հմտություններից ուսանողն առանձնահատուկ կարևորեց քննադատական մտածողությունը:

Առարկայի լավագույն մասնակիցներից Էլմիրա Շահվերդյանն ընդգծեց. «Հատկապես պատերազմից հետո մենք գիտակցեցինք առարկայի կարևորությունը, քանի որ, եթե ավելի շատ զբաղվեինք գիտական գործերով, միգուցե, ավելի լավ զենքեր կամ բուժման ավելի լավ միջոցներ ունենայինք: Դասախոսների կողմից կատարված ահռելի աշխատանքի շնորհիվ մենք սովորեցինք ավելի հեշտ ու արագ գտնել անհրաժեշտ նյութը: Ես հասկացա, որ համալսարանում մենակ չեմ. մեր կողքին են իսկական մասնագետներ»:

Իսկ Մովսես Աղեկյանի կարծիքով՝ առարկայի միջոցով իրենք սովորեցին ճիշտ ուսումնասիրել արտասահմանյան գրականությունը: «Ինքնակրթությունը դանդաղ գործընթաց է, իսկ ուսուցչի դերը ճիշտ ուղղորդելն է: Առարկայի և մեր դասախոսների շնորհիվ մենք մյուս առարկաները ևս կկարողանանք ավելի խորն ընկալել և ուսումնասիրել:  Շատ կարևոր էր պլագիատի մասին դասախոսությունը: Կարծում եմ՝ դա կարևոր թեմա է և ամբողջ համալսարանին օգտակար կլինի: Մեզ շատ անհրաժեշտ են նաև գիտական նորարարություններ», – ավելացրեց Մովսեսը: