Բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի վեցերորդ կուրսի ուսանողուհի Ֆալակ Անսարին ցանկանում է դառնալ գինեկոլոգ և մասնագիտանալ կանանց վերարտադրողական առողջության ոլորտում։
Ծնվել և մեծացել է Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգի Ամբիկապուր քաղաքում։
Դպրոցական տարիներին ապագա բժիշկը զբաղվում էր գեղագրությամբ և ժողովրդական պարերով, որոնք հնդկերենում կոչվում են «բհարատնատյամ»:
«Չորսից մինչև 12-րդ դասարան ամեն տարի պարգևատրվում էի, վազքի մրցույթներում ևս բազմաթիվ պետական մրցանակների եմ արժանացել: Մասնակցել եմ նաև հեռացատկի առաջնությունների, բայց հետո ստիպված էի կենտրոնանալ բարձրագույն կրթության վրա», – պատմում է Ֆալակը, որը նաև ակտիվ մասնակցել է Ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհրդի միջոցառումներին:
24-ամյա հնդկուհուն մանկուց էին գրավել բժշկի մասնագիտությունն ու դրանից բխող կարգապահությունը:
«Ինձ համար պաշտամունքի առարկա էին բժիշկների աշխատանքային էթիկան և այն ջանքերը, որոնք այս ազնվական մասնագիտության տեր մարդիկ ներդնում են իրենց հիվանդների առողջության վերականգնման համար», – անկեղծանում է Ֆալակը:
ԵՊԲՀ-ն, նրա խոսքով, Հնդկաստանից դուրս գտնվող համալսարանների շարքում առաջատարներից է: «Այս համալսարանի կրթական համակարգը, հոգատարությունն ու ուշադրությունը, որոնց արժանանում են ուսանողները, աննկարագրելի են: Համալսարանի բոլոր շրջանավարտները, որոնց հետ ես հնարավորություն ունեցա զրուցելու, կիսվում էին գեղեցիկ նվիրական հուշերով՝ դեկանատների շենքի միջանցքներով շտապելուց մինչև համալսարանն ավարտելու հիշարժան օրը: Ինքս համոզվեցի դրանում․ անկեղծ սիրով և խորը հիացմունքով կարող եմ ասել՝ Երևանն իմ երկրորդ տունն է՝ տնից հեռու», – վստահեցնում է Ֆալակը։ Այն ջերմությունը, որով հայ ժողովուրդը դիմավորում է զբոսաշրջիկներին և ուսանողներին իր երկրում, ավելացնում է ուսանողուհին, իսկապես գնահատելի է:
Բոլոր նրանց, ովքեր մտադիր են ապրել բժշկի կյանքով և կարգապահությամբ, նա խորհուրդ է տալիս միշտ հիշել հանգիստ և համբերատար լինելու կարևորության մասին: «Ճշտապահությունը և հարգալից վերաբերմունքն այս մասնագիտության մեջ երկարակեցության երաշխիքն են», – եզրափակում է Ֆալակ Անսարին։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան