Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հնդիկ շրջանավարտ Ականշա Միշրային հնարավորություն տվեց՝ իրագործելու իր մեծ ցանկությունը:
Նրա խոսքով՝ ԵՊԲՀ-ն բժշկական կրթություն տրամադրող լավագույն համալսարաններից մեկն է աշխարհում։
«Յուրաքանչյուրս կյանքում ինչ-որ իրավիճակում առնչվել է բժշկի կամ բուժքրոջ հետ, որն անձնուրացաբար հոգ է տարել մեր առողջության, մեր վերքերի և հոգեբանական վիճակի մասին: Ահա թե ինչում է կայանում բժշկի մասնագիտությունն ու առաքելությունը», – ասում է Ականշան։
Հնդիկ ապագա բժիշկը պատմում է, որ ծնողները միշտ աջակցել են իրեն՝ հետամուտ լինելու իր երազանքի կարիերայի իրականացմանը։
«Երևանի պետական բժշկական համալսարանում գտա հիանալի ընկերներ ու դասախոսներ, որոնց հետ կպահպանեմ կապը երկար տարիներ», – շեշտում է նա՝ շնորհակալություն հայտնելով բուհի ընձեռած հնարավորությունների և հեռանկարների համար:
Ականշան խորհուրդ է տալիս կրտսեր ապագա գործընկերներին երբեք չբավարարվել ունեցած գիտելիքներով:
«Բժշկությունն անծայրածիր ոլորտ է: Պարզապես վստահեք ինքներդ ձեզ, հետևեք ձեր սեփական ուսումնական պլանին: Նույնիսկ եթե զգում եք, որ հետ եք մնում ինչ-որ բանից, փորձեք սովորել, հասկանալ և կրկնել որևէ մեկի հետ համեմատվելու փոխարեն», – ավելացնում է շրջանավարտը։
Նշենք, որ այսօր ԵՊԲՀ-ում սովորում է շուրջ 2000 օտարերկրացի ուսանող, որից 800-ը՝ ազգությամբ հնդիկ։