Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպումը հնդիկ ապագա բժիշկների հետ։
Դիվանագետը հիշեցրեց, որ հնդիկ ուսանողների հետ իր առաջին հանդիպումն այս տարվա ապրլին էր, երբ բժշկական բուհում հեռարձակվեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Mann Ki Baat-ը` երկրի ղեկավարի 100-րդ ռադիոհաղորդումը։ «Նոյեմբերի 12-ին մենք միասին նշեցինք Դիվալին։ Հունվարի 26-ին Երևանում կնշենք մեր ազգային տոնը՝ Հնդկաստանի Հանրապետության օրը»,- նշեց Նիլակշի Սահա Սինհան` հավելելով, որ դեսպանատան թիմը պատրաստ է աշխատել սովորողների հետ ազգային տոների առիթով միջոցառումների կազմակերպման գործում:
Հանդիպմանը ներկա էին Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Անահիտ Ազնաուրյանը, Օտարերկրացիների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին։
Ուսանողները դեսպանին ուղղեցին իրենց հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին դեսպանության կողմից ուսանողությանը ցուցաբերվող աջակցությանը:
Պատասխանելով անգլերեն դասագրքերի մասին հնդիկ ուսանողուհու հարցին՝ Գայանե Ավետիսյանը տեղեկացրեց, որ բժշկական համալսարանը գտնվում է միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացում, և ուսումնական ծրագրերի փոփոխությամբ պայմանավորված՝ բուհական դասագրքերին վերաբերող չափորոշիչները ևս ենթակա են որոշակի բարեփոխումների։
Նշենք, որ բժշկական մեկդարյա բուհում կրթություն է ստանում շուրջ 500 հնդիկ սովորող: