Հայաստանում հունվարի 10-ին նշվեց Հնդկերենի (Հինդիի) համաշխարհային օրը: Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կազմակերպված միջոցառումը նշանավորվեց մրցույթով, որի ընթացքում երիտասարդ հայ մասնագետները հնդկերենով ներկայացրին բանաստեղծություններ, հանդես եկան ելույթներով։
Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ողջունելով ներկաներին, ընթերցեց երկրի վարչապետի ուղերձը։
Կարևորելով Հինդիի նշանակությունն աշխարհում՝ դիվանագետը նշեց, որ հնդկերենն ունի միջազգային լեզվի վերածվելու ներուժ։
«Եթե ուզում ես, որպեսզի քո լեզուն ու մշակույթը հարգեն, պետք է հարգես դիմացինի լեզուն ու մշակույթը», – միաժամանակ ընդգծեց Նիլակշի Սահա Սինհան։
Մրցույթի ժյուրիի կազմում միջոցառմանը հրավիրված էր ԵՊԲՀ օտարերկրացիների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհիին՝ հաշվի առնելով նրա բազմամյա միջազգային փորձն այս ոլորտում։
Համալսարանական ազգությամբ հնդիկ մասնագետն իր մայրենիով բանաստեղծություն ընթերցեց՝ մասնակիցներին ներկայացնելով հրապարակային ելույթներ ունենալու նրբությունները և կիսվելով սեփական փորձով։
Միջոցառման ավարտին մրցույթի հաղթողներն արժանացան մրցանակների։