Հունվարը`արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս

Հունվարը`արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս

Աշխարհում հունվար ամիսը համարվում է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս: Արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելի և բուժելի է, եթե այն վաղ հայտնաբերվի և արդյունավետ կերպով կառավարվի։ Այնուամենայնիվ, այն կանանց շրջանում քաղցկեղի 4-րդ ամենատարածված ձևն է ամբողջ աշխարհում, որը յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ խլում է մեկ կնոջ կյանք։ Արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը հանրային առողջապահության հիմնական նպատակ է։ Նպատակն է, որ բոլոր երկրները հասնեն և պահպանեն 100 000-ից 4 կնոջից ցածր ցուցանիշ։

Այս նպատակին հասնելը նշանակում է, որ պետք է հասնել հետևյալ նպատակներին.

✅ մինչև 15 տարեկանը աղջիկների 90%-ը պատվաստել ՄՊՊ պատվաստանյութերով

✅ մինչև 35 տարեկանը և կրկին մինչև 45 տարեկանը կանանց 70%-ը սկրինինգ անցկացնել ՄՊՊ սկրինինգի նման բարձր արդյունավետության թեստով

✅ բուժել արգանդի պարանոցի նախաքաղցկեղային բջիջներ կամ արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող կանանց 90%-ը։

Գնահատվել է, որ 2022թ.-ին աշխարհում կանանց մոտ արձանագրվել է ավելի քան 660.000 արգանդի պարանոցի քաղցկեղի և շուրջ 350.000 մահվան դեպք: Ի դեպ, հիվանդության և մահվան դեպքերը միջին եկամուտ ունեցող երկրներում 2-4 անգամ գերազանցում են բարձր եկամուտ ունեցող երկրների տվյալները, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում` արգանդի պարանոցի քաղցկեղի մահվան դեպքերը գերազանցում են գրեթե 9 անգամ:

Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի վիճակագրությունը մտահոգիչ է, չնայած պատվաստանյութի առկայությանը և կանխարգելելի լինելուն, այնուամենայնիվ 2022թ.-ին արձանագրվել է այս տեղակայման քաղցկեղի 251, 2023թ.` 242 դեպք, 2024թ.` 243 դեպք:

2024թ.-ին աշխարհում մինչև 15 տարեկան աղջիկների գլոբալ ընդգրկվածությունը 1-ին դեղաչափ մարդու պապիլոմավիուսային պատվաստումներում (ՄՊՊ) կազմել է 21%, Եվրոպական տարածաշրջանում` 40%, Հայաստանում` 43%, որն արդեն իսկ կարելի է գնահատել որպես ձեռքբերում և ներդրում կանանց առողջության ոլորտում:

Հայաստանում մարդու պապիլոմավիրուսային պատվաստանյութը ներդրվել է 2017թ.-ին` որպես պլանային պատվաստում: Համաձայն ՀՀ պատվաստումների ազգային օրացույցի` ներկայումս այն իրականացվում է 1 դեղաչափ մինչև 15 տարեկան աղջիկների շրջանում, իսկ 15 տարեկանից բարձր տարիքի աղջիկների և կանանց շրջանում` 3 դեղաչափ: Կարևոր է նշել, որ պատվաստումը խրախուսվում է նաև տղաների համար:

Հաջողած երկրների փորձը մեջբերենք Դանիայի օրինակով: 2008թ.-ին Դանիայում ՄՊՎ պատվաստանյութի ներդրումից ի վեր` պատվաստված կանանց շրջանում վարակի մակարդակը նվազել է մինչև 1%-ից էլ պակաս: Նույնիսկ չպատվաստված կանայք ավելի քիչ հավանական է, որ վարակվեն ընդհանուր բնակչության մակարդակով կոլեկտիվ իմունիտետի շնորհիվ, նշվում է GAVI-ի հրապարակման մեջ: Այս երկրում պատվաստումից առաջ ՄՊՎ-ի 16 և 18-ի շտամների տարածվածությունը 15-17% է եղել, մինչ երկրում 2008թ.-ին  սկսեց ՄՊՎ պատվաստանյութի ակտիվ կիրառությունը, պապիլոմավիրուսի 16-րդ և 18-րդ շտամները պատճառ էին հանդիսանում արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի մոտ երեք քառորդի համար (74%):

Այս պատվաստման ծրագրերի ազդեցությունն ավելի լավ հասկանալու համար ՄՊՎ-ի տարածվածության վրա, անհարժեշտ էր, որ պատվաստված աղջիկները հասնեն արգանդի պարանոցի սկրինինգային տարիքի (Դանիայում` 23-ից 64 տարեկան), և Զելանդիայի համալսարանական հիվանդանոցի դոկտոր Մետտե Հարթման Նոնբոն վերլուծել է դանիացի կանանցից, 2017-ից 2024 թվականներին, երբ նրանք 22-ից 30 տարեկան էին, հավաքված արգանդի պարանոցի բջիջների երեք հաջորդական նմուշներ։ Պարզվել է, որ նախորդ սերունդների համեմատ, այս կանանց մոտ արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման ռիսկը զգալիորեն ցածր է գնահատվել, և կարևոր է պահպանել նրանց ապագա սկրինինգի անհրաժեշտությունը։

Դանիայի պատմությունը վառ ապացույց է, որ մշտական պատվաստումների դեպքում հնարավոր է փոխել քաղցկեղի դեպքերի վիճակագրությունը։

Համաձայն Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի հետազոտության տվյալների, մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստվածների շրջանում 37%-ով նվազում է վուլվովագինալ քաղցկեղի հավանականությունը, երբ համեմատում ենք չպատվաստվածների հետ, իսկ այն կանանց շրջանում, որոնք պատվաստվել են 10-16տ․, այն հասնում է 55%-ի, ընդգծելով վաղ տարիքային շրջանում պատվաստման կարևորությունը։ Այս հետազությունն իրականացվել է 778,943 կանանց շրջանում, որոնց 32.9%-ը ստացել է ՄՊՎ ի դեմ առնվազն մեկ պատվաստում։

Այս հետազոտությունը հաստատեց 2019թ․ իրականացված համակարգային վերլուծության (systematic review) տվյալները որոնք վերաբերում էին կլինիկական փորձարկումներին, երբ արձանագրվեց նշված քաղցկեղների առաջացման 71%-ով ռիսկի նվազում։

Նման արդյունքներ պատվաստվածների շրջանում 2021թ․ արձանագրեցին նաև դանիացի գիտնականները նշելով 52% ռիսկի նվազում վուլվար և 70% ռիսկի նվազում վագինալ քաղցկեղների դեպքում։

Նշված օրգանների քաղցկեղային և նեոպլաստիկ փոփոխությունների դեպքում պապիլոմավիրուսը, որպես պատճառագիտական գործոն, հանդես է գալիս 40-ից 85% տիրույթում։

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ մարդու պապիլոմավիրուսային պատվաստանյութը եզակի և արդյունավետ միջոց է քաղցկեղային հիվանդության կանխարգելման համար: