Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իրանահայ շրջանավարտը ցանկանում է ստացած գիտելիքներով զարգացնել ստոմատոլոգիական տուրիզմը

Նիքոլէթ Զարգարյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք և ուսումը շարունակել Հայաստանում:

«Երազանքս էր սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում, որոշեցի ընդունվել Ստոմատոլոգիական ֆակուլտետ: Բժշկի մասնագիտությունը շատ եմ սիրում, հայրս ևս մասնագիտությամբ բժիշկ է, թերապևտ, տանը հաճախ եմ լսել բժշկական թեմաների մասին, ինչն էլ առիթ է դարձել մասնագիտության ընտրության հարցում: Շատ հաճելի է, երբ մարդկանց օգնում ես վերագտնել առողջությունը, լուծել առողջական խնդիրները»,-նշում է ապագա բժիշկը:

Նիքոլէթ Զարգարյանը օրեր առաջ է ավարտել ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետը բարձր առաջադիմությամբ: Ցանկանում է սովորել կլինիկական օրդինատուրա և ավարտելուց հետո ծավալել բժշկական ակտիվ գործունեություն, իր ներդրումն ունենալ ստոմատոլոգիայի ոլորտի զարգացման գործում: «Աշխարհում բժշկության այս ճյուղը դինամիկ զարգացում է ապրում: Հայաստանում ևս ատամնաբուժական ծառայությունները բարձր մակարդակի վրա են:

«Բժշկական մայր բուհը, լինելով առաջատար, համագործակցելով միջազգային լավագույն հաստատությունների հետ, մեզ է փոխանցում մասնագիտական խորը գիտելիքներ, հմտություններ, փորձ, տալիս հնարավորը, որպեսզի մենք համալսարանից դուրս գանք՝ որպես լավագույն մասնագետներ»,-նշում է իրանահայ շրջանավարտը:

Նիքոլէթ Զարգարյանն ուրախությամբ է խոսում Հայաստանում ձեռք բերած ընկերների, դասախոսական կազմի մասին:

«Ստոմատոլոգիական տուրիզմը բժշկական զբոսաշրջության այն տեսակներից է, երբ զբոսաշրջիկն ակնկալում է օտար երկրում ստանալ նույնքան որակյալ բուժում, որքան իր բնակության վայրում՝ ավելի մատչելի գնով`միաժամանակ համադրելով բուժումը հանգստի հետ։ Իմ ցանկությունն ու նպատակն է թեկուզ փոքր, բայց ներդրում ունենալ, Հայաստանում առաջատար ու հեռանկարային այս ոլորտում»,-եզրափակում է ապագա բժիշկը: