Ջրծաղիկը շնչառական վարակիչ հիվանդություն է՝ հարուցվող Varicella Zoster (VZV) վիրուսով: Այն տարածված է ամբողջ աշխարհում: Ըստ ԱՀԿ-ի հրապարակումների՝ ջրծաղիկի գլոբալ բեռը կազմում է տարեկան 140 միլիոն դեպք՝ 42 միլիոն ծանր և 4200 մահվան դեպքերով:
Ջրծաղիկով հիվանդանում է տարեկան 16/1000 մարդ։ Դեպքերի ավելի քան 90%-ը, հոսպիտալացումների 70%-ը ու մահվան դեպքերի 50%-ը բաժին են ընկնում երեխաներին:
Հայտնի է, որ VZV վիրուսով առաջնային վարակը հանգեցնում է ջրծաղիկի զարգացմանը: Լավանալուց հետո վիրուսը պահպանվում է ինակտիվ ձևով նյարդային բջիջներում և հետագայում 1/3-ի մոտ կյանքի ավելի ուշ շրջանում իմունիտետի թուլացման պատճառով այն վերաակտվանում է՝ հանգեցնելով գոտևորող որքինի (շինգլեր, herpes zoster):
Հատկանշական է, որ վարակի աղբյուր են ջրծաղիկով և գոտևորող որքինով հիվանդները: Վիրուսը փոխանցվում է ջրծաղիկով հիվանդի հազալիս կամ փռշտալիս վարակված կաթիլների արտազատման դեպքում, օդակաթիլային մեխանիզմով, ինչպես նաև ջրծաղիկի բշտիկների կենսահեղուկների հետ անմիջական շփման միջոցով: Ջրծաղիկն ունի բարձր հպավարակելիություն (61-100%, միջինում՝ 90%): Varicella-zoster-ի երկրորդային վարակման մակարդակը կազմում է՝ R0=3.5-5: Հարկ է նշել, որ ջրծաղիկով վարակված մարդը համարվում է վարակիչ` ցանի հայտնվելուց 1-2 օր առաջ և մինչև բոլոր էլեմենտների կեղևավորումը: Ի դեպ, գոտևորող որքինով հիվանդները վարակիչ են համարվում 7-10 օր: Վիրուսը կարող է փոխանցվել նաև ուղղահայաց մեխանիզմով՝ մորից պտղին: Ջրծաղիկին բնորոշ է նաև սեզոնայնությունը՝ առավել հաճախ այն տարածվում է ձմռանը և գարնանը: Բնորոշ է նաև 2-5 տարի ընդմիջումով պարբերականությունը:
Ջրծաղիկի հիմնական ախտանիշը քոր առաջացնող ցանն է, որը վերածվում է հեղուկով լցված փոքր բշտիկների, այնուհետև՝ կեղևների, որոնք անհետանում են 1-2 շաբաթում: Գաղտնի շրջանը տևում է 10-21 օր: Ցանը հաճախ սկսվում է գլխից և դեմքից, այնուհետև տարածվում իրանի և վերջույթների վրա: Դրան կարող են նախորդել մի քանի օր ջերմություն, ընդհանուր անհանգստություն և ախորժակի կորուստ: Հիվանդությունը զարգանում է մոտ 5-7 օրվա ընթացքում: Չպատվաստված մարդկանց մոտ սովորաբար առաջանում են մոտ 300 ցանային էլէմենտներ։ Այսպիսով, ջրծաղիկի ամբողջական ընթացքը՝ սկսած ցանի առաջին նշանների ի հայտ գալուց մինչև կեղևների անհետացումը, կարող է տևել մոտ 2-4 շաբաթ: Լավանալուց հետո ձևավորվում է կայուն իմունիտե, կրկնակի վարակման դեպքերը հազվադեպ են:
Չնայած ջրծաղիկը սովորաբար մեղմ է ընթանում, սակայն այն կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, երբեմն մահացու ելքով՝ ինչպիսիք են թոքաբորբ, էնցեֆալիտ, մաշկի բակտերիալ վարակներ, հեմոռագիկ ջրծաղիկ: Այս բարդությունները հիմնականում զարգանում են ռիսկի խմբերի անձանց շրջանում՝ մինչև մեկ տարեկան երեխաներ, հղի կանայք, մեծահասակներ և իմունանբավարարություն, քրոնիկ հիվանդություններ՝ հատկապես բրոնխիալ ասթմա, լյարդի հիվանդություն կամ նեֆրոտիկ համախտանիշ, արյան համակարգի չարորակ նորագոյացություններ, աուտոիմուն հիվանդություններ ունեցող անձինք: անհրաժեշտ է նշել, որ բարդությունները որոշ դեպքերում զարգանում են նաև նշված խնիրները չունեցող երեխաների մոտ:
Քանի որ ջրծաղիկի վիրուսը փոխանցվում է նաև ուղղահայց մեխանիզմով, այն տարբեր դրսևորումներ է ունենում նորածինների մոտ՝ կախված հղիի վարակման հղիության ժամկետից: Նորածինների մոտ ջրծաղիկը կարող է կյանքին վտանգ ներկայացնել, եթե մոր մոտ ջրծաղիկը զարգանում է ծննդաբերությունից 5 օր առաջ: Հղիության մինչև 28 շաբաթականը հղիի վարակման դեպքում զարգանում է բնածին ջրծաղիկային համախտանիշ (0.4%-2%-ի մոտ)՝ մաշկի վրա սպիներ, վերջույթների, գլխուղեղի և աչքերի անոմալիաներ, ցածր քաշ: Նորածինները, որոնց մայրերը հղիության վաղ ժամկետներում ընթացքում հիվանդացել են ջրծաղիկով, կյանքի առաջին տարիներին հերպես զոստերի զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն:
Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ջրծաղիկի դեպքերի ավելացում: 2022թ.-ին արձանագրվել է 18795 դեպք, ինչը կրկնակի անգամ գերազանցում է 2021թ.-ի դեպքերը: 2024թ.-ին արձանագրվել է 22011 դեպք, որը 1.5 անգամ է գերազանցում նախորդ տարվա դեպքերը: 2024թ. արձանագրված դեպքերի 91%-ը եղել է մինչև 18 տարեկանների շրջանում: Հայաստանում ջրծաղիկի դեպքերի շարժընթացը արտացոլված է ստորև բերված նկարում:
Ջրծաղիկով հիվանդներին առաջարկվում է ախտանշանային բուժում, ացետամինոֆենը (պարացետամոլ)՝ որպես ջերմիջեցնող, քորը հանգստացնելու համար՝ խոնավեցնող թրջոցներ, երկրորդային վարակը կանխելու համար՝ պարբերաբար լոգանքի ընդունում: Սովորաբար հակավիրուսային դեղեր (ացիկլովիր) չի տրվում, այն կարող է առաջարկվել ծանր բարդությունների մեծ ռիսկ ունեցող անձանց և տարածուն ջրծաղիկով հիվանդներին: Հարկ է հիշեցնել, որ ասպիրինը ցուցված չէ ջրծաղիկով հիվանդ երեխաներին, քանի որ այն կարող է առաջացնել Ռեյի համախտանիշ: Խորհուրդ չի տրվում կիրառել քսուքներ, որոնք հանգեցնում են բշտիկների երկրորդային բակտերիալ վարակի առաջացմանը, խորհուրդ չի տրվում նաև զբաղվել ինքնաբուժմամբ:
Ջրծաղիկի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել հիվանդների հետ շփումից վարակելիության շրջանին համապատասխան ժամկետով: Հաճախակի օդափոխել տարածքը, իրականացնել խոնավ մաքրում:
Կարևոր է նշել, որ ջրծաղիկը պատվաստումներով կանխարգելվող վարակ է: Ջրծաղիկի պատվաստանյութը կիրառվում է աշխարհում դեռևս 1984-ից: Լինելով կենդանի ատենուացված պատվաստանյութ՝ ունի բարձր իմունոգենություն: Ջրծաղիկի մոնովալենտ պատվաստանյութի 1 դեղաչափի նեմուծմամբ երեխաների մոտ ապահովվում է 85%-89%, իսկ 2 դեղաչափից՝ 99% անընկալություն: Բարձր ռիկի խմբի անձանց առաջարկվում է նաև հետազդակային իմունականխարգելում:
Հայաստանում 2025թ. հունվարից իրականացվում է պատվաստումներ 1 տարեկան երեխաների շրջանում, հետագայում այն կտրվի նաև 4-6 տարեկան երեխաներին: Ներկայումս ջրծաղիկի պատվաստումներն իրականացվում են նաև չհիվանդացած նախազորակոչային տարիքի տղաներին, երկու դեղաչափ՝ 1 ամիս ընդմիջումով: Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակումների՝ 26.06.2025թ. դրությամբ Հայստանում իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի պատվաստում, որը կազմում է թիրախային խմբի 29.1%-ը:
Անհրաժեշտ է նշել, որ որոշ ծնողներ կազմակերպում են այսպես կոչված «Ջրծաղիկի խնջույքներ» (chickenpox party)՝ իրենց չհիվանդացած և չպատվաստված երեխաներին վարակվման նպատակով միտումնավոր շափում ապահովելով ջրծաղիկով հիվանդ երեխայի հետ: Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս նման միջոցառումներ անցկացնել, քանի որ, ջծաղիկը կարող է ծանր ընթանալ և հանգեցնել լուրջ բարդությունների և մահվան ելքի նույնիսկ առողջ երեխաների մոտ: Երեխաներին ջրծաղիկից պաշտպանելու լավագույն միջոցը պատվաստումն է:
Հայաստանում ջրծաղիկի դեպքերի շարժընթացը՝ ընդհանուր և մինչև 18 տարեկանների շրջանում