Մի քանի տարի առաջ միջազգային «International Cesarean Awareness Network» կազմակերպությունն ապրիլ ամիսը հռչակեց կեսարյան հատման (ԿՀ) իրազեկման ամիս։
ԿՀ-ը մանկաբարձական վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը հեռացվում են արգանդից՝ արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջոցով։ Այն հաճախ իրականացվում է այն դեպքերում, երբ հեշտոցային (բնական) ծննդաբերությունը կարող է վտանգ ներկայացնել մոր կամ նորածնի առողջության և կյանքի համար:
ԿՀ մասին առաջին պատմական հիշատակումները հանդիպում են Հին Եգիպտոսի, Չինաստանի և Հնդկաստանի բժշկական տեքստերում, որտեղ այս միջամտությունն իրականացվում էր մահացած մայրերի արգանդից պտղի փրկության նպատակով։ Հին հունական դիցաբանության մեջ ԿՀ-ը նկարագրվում է Ասկլեպիոսի՝ բժշկության աստծո ծննդի մասին առասպելում, երբ Ապոլլոնը դուրս է բերում նրան Կորոնիդեի արգանդից։
Վիրահատության անվանումը ծագում է լատիներեն «caesarea section» արտահայտությունից, որը թարգմանվում է որպես «կայսերական հատում»։ Ըստ առասպելի՝ Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է այս եղանակով, իսկ հետագայում հրամայել փրկել նորածիններին, եթե մայրը մահացել է ծննդաբերության ընթացքում՝ նպատակ ունենալով ապահովել կայսրության ժողովրդագրական կայունությունը։
Ըստ որոշ աղբյուրների՝ առաջին փաստագրված ԿՀ-ը, որի ընթացքում մայրը փրկվել է, տեղի է ունեցել 1337 թվականին Պրահայում՝ Չեխիայի թագուհի Բեատրիս դե Բուրբոնի՝ թագավոր Յոհան Լյուքսեմբուրգցու կնոջ մոտ։
1876 թվականին ԿՀ-ից հետո բժշկական պրակտիկայում ներդրվեց հիստերէկտոմիայի կիրառումը, որն զգալիորեն նվազեցրեց մայրական մահացության ցուցանիշները։ Սակայն այս մոտեցումը բացառեց հետագա վերարտադրողական ֆունկցիայի պահպանումը։ 1882 թվականին գերմանացի բժիշկ Մ. Զենգերը առաջարկեց ԿՀ-ից հետո արգանդի կարումը իրականացնել արծաթե թելով, ինչը բարձրացրեց վիրահատության հաջող ելքերի տոկոսը մինչև 85%։
Անտիսեպտիկայի զարգացման և հակաբիոտիկների հայտնագործման շնորհիվ ԿՀ-ը զգալիորեն ավելի անվտանգ դարձավ։ 20-րդ դարում այն լիարժեք ներառվեց կլինիկական պրակտիկայում, իսկ դարի վերջում դարձավ լայնորեն կիրառվող մեթոդ՝ ինչպես պլանային, այնպես էլ շտապ բժշկական ցուցումներով։
Անհետաձգելի ԿՀ-ն բժշկական ցուցումներ՝
Պլանային ԿՀ-ն բժշկական ցուցումներ՝
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայիս առաջարկությամբ՝ ԿՀ-ն օպտիմալ հաճախականությունը պետք է կազմի ծննդաբերությունների 10-15%-ը։ Այս սահմանաչափի պահպանումը կարող է զգալիորեն նպաստել մայրական և նորածնային մահացության ցուցանիշների նվազմանը՝ բացառելով անհարկի վիրահատական միջամտությունների հետ կապված ռիսկերը։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ԿՀ-ի հաճախականությունը զգալիորեն աճել է։ Այս միջամտությունը սկսեցին կիրառել ոչ միայն բժշկական ցուցումներով, այլև հղի կնոջ ցանկությամբ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կեսարյան հատումների 1-10%-ը իրականացվում է մոր խնդրանքով:
Այսօր բազմաթիվ երկրներում ԱՀԿ-ի կողմից առաջարկվող «չափորոշիչները» գերազանցվում են երկու, երբեմն՝ երեք անգամ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի երկրներում, Գերմանիայում գրեթե յուրաքանչյուր երրորդ ծննդաբերություն կատարվում է ԿՀ-ն միջոցով։ ԿՀ-ն թվերով բացարձակ առաջատարը Թուրքիան է․ 2018 թվականին այնտեղ ամեն երկրորդ երեխան ծնվել է ԿՀ-ն միջոցով։ Իսկ ահա Իսրայելին և Նորվեգիային հաջողվել է արձանագրել այնպիսի ցուցանիշներ, որոնք ըստ ԱՀԿ-ի՝ մոտենում են օպտիմալ մակարդակին։
2018 թվականին իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ ԿՀ-ն գլոբալ ցուցանիշը կազմել է 21.1%, ինչը համարժեք է տարեկան 29.7 միլիոն վիրահատության՝ գրեթե կրկնակի ավել՝ համեմատած 2000 թվականի 12.1% ցուցանիշի (16 միլիոն դեպք) հետ: Կանխատեսվում է, որ կանխարգելիչ միջոցառումների բացակայության դեպքում, 2030 թվականին այս ցուցանիշը կհասնի 28.5%-ի (38.2 միլիոն դեպք):
Միևնույն ժամանակ, ցածր եկամուտ ունեցող երկրներում ԿՀ-ն հասանելիությունը սահմանափակ է։ Օրինակ, Սահարայից հարավ ընկած Աֆրիկյան երկրներում ցուցանիշը կազմում է ընդամենը 5%, ինչը վկայում է չբավարարված կարիքի մասին։
Հայաստանում ԿՀ-ն մակարդակը կրկնում է գլոբալ աճի միտումները։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրված տվյալների վերլուծության՝ 2000-2017 թթ․ ընթացքում ԿՀ-ի հաճախականությունը մեր երկրում աճել է 7.2%-ից մինչև 31.0%։ Այս ցուցանիշը գերազանցում է ԱՀԿ կողմից սահմանած շեմը և դասում է Հայաստանն այն երկրների շարքին, որտեղ արձանագրվում է ցուցանիշի կտրուկ աճ։
Բացի հղի կնոջ անձնական խնդրանքից, ԿՀ-ն ոչ բժշկական պատճառների շարքում առանձնանում են նաև ֆինանսական խթանները։ Օրինակ՝ Հայաստանում բժիշկները ԿՀ-ն համար ստանում են միջինում 11 անգամ ավելի բարձր վարձատրություն, քան հեշտոցային ծննդաբերության դեպքում, ինչը կարող է նպաստել վիրահատությունների չափազանցված կիրառմանը։
Կանանց բարձր կրթական մակարդակը և քաղաքային բնակավայրում բնակվելը նույնպես հանդիսանում են ԿՀ-ն թվի աճին նպաստող գործոններ՝ 1.5–2.0 անգամ մեծացնելով դրա հավանականությունը։
Ըստ ԱՀԿ-ի՝ եթե ԿՀ-ը կատարվում է 15%-ից ավելի հաճախ, ապա այն չի նպաստում մայրական և նորածնային մահացության նվազմանը, սակայն կարող է բարձրացնել ինչպես կանանց, այնպես էլ նորածինների առողջությանը սպառնացող կարճաժամկետ և երկարաժամկետ ռիսկերը։
ԿՀ-ն հնարավոր առողջական հետևանքները կնոջ համար.
ԿՀ-ն հնարավոր առողջական հետևանքները երեխայի համար.
Ազդեցությունն առողջապահական համակարգի վրա
ԿՀ-ի անհամաչափ բարձր հաճախականությունը հանգեցնում է առողջապահական ռեսուրսների չարդարացված ծախսերի, քանի որ ԿՀ-ը ֆինանսապես 2–3 անգամ ավելի ծախսատար է, քան հեշտոցային ծննդաբերությունը։
«Կեսարյան հատման համաճարակի» դեմ պայքարը պահանջում է համապարփակ մոտեցում։