Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատորը պապից ժառանգել է մասնագիտությունն ու մարդկանց օգնելու մեծ ցանկությունը

Կլինիկական օրդինատորը պապից ժառանգել է մասնագիտությունն ու մարդկանց օգնելու մեծ ցանկությունը

Էդուարդ Մարտիրոսյանն այս տարի գերազանց առաջադիմությամբ է ավարտել ԵՊԲՀ-ն։ Լինելով բժիշկների ընտանիքից՝ բժշկի ուղին ընտրել է դեռ մանկուց։ Նա բժշկությունն ամենամարդասիրականն է համարում բոլոր մասնագիտություններից։

«Տեսել եմ, թե որքան հարգանք ու սեր է վայելել պապիկս՝ Կամիս Իվանի Մարտիրոսյանը, որը տարիներ առաջ եղել է Առաջին հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչը: Նա միշտ պատրաստ էր օգնել բոլորին՝ առանց նախապայմանների և ակնկալիքների։ Երբեք չեմ մոռանում պացիենտների այն շնորհակալական խոսքերը, որոնք ուղղված էին պապիկիս»,- պատմում է Էդուարդը, որի համար չկա ավելի բարձր արժեք, քան մարդու կյանքի փրկությունն է:

Ուսանողական տարիների ընթացքում դեպքեր են եղել, երբ իր ավագ գործընկերները՝  բժիշկ-գիտնականները, դասախոսներն իրեն պատմություններ են պատմել պապիկի մասին՝ նախքան իմանալը, թե ում թոռնիկն է:

«Դրանից ավելի հաճելի պահ ես չեմ հիշում իմ կյանքում․ նրա մասին խոսում և պատմում են նոր սերունդներին, նրա օրինակով կրթում են ապագա բժիշկներին։ Միշտ հպարտ եմ եղել՝ լինելով նման մարդու ժառանգը, ումից կարելի էր միշտ օրինակ վերցնել ՝ թե՛ որպես բժիշկ, թե՛ որպես մարդ։ Ավագ սերնդի բուժաշխատողներից շատ եմ լսել , թե որքան սրտացավ և հոգատար բժիշկ է եղել։ Իր վիրաբուժական ձեռագիրը շատ հստակ էր՝ ուներ հետաքրքիր տեխնիկա և օժտված էր գերարագ կողմնորոշվելու ունակությամբ»,- նշում է բժշկական գերդաստանի ներկայացուցիչը` հավելելով, որ տասնամյակներ առաջ, երբ բժշկության ոլորտն այսքան զարգացած չէր և չկար ներկայիս տեխնիկական հագեցվածությունը, Կամիս Մարտիրոսյանը միանգամից կարողանում էր հասկանալ, ախտորոշել և բուժել հիվանդին։

Մարտիրոսյանների բժշկական ընտանիքի կրտսեր ներկայացուցիչը նպատակ ունի դառնալ այնպիսի բժիշկ, որն ընտանիքի մյուս բժիշկ անդամներին ևս հպարտանալու շատ առիթներ պարգևի։  

Ինչպես հաճախ է պատահում բժշկագիտության բնագավառում, կլինիկական մթնոլորտի հետ շփումն է կանխորոշել նրա հետագա մասնագիտությունը:

«Միշտ մտածել եմ, որ ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարել՝ ձգտելով լինել լավագույնը քո ընտրած ոլորտում։ Համալսարանում վեց տարիների ընթացքում անցել ենք շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ ճանապարհ։ Դժվար կլիներ հաղթահարել այն առանց ընկերներիս օգնության։ Միշտ նպատակ եմ ունեցել դառնալ բժիշկ, որն անմիջական կապ կունենա կյանքի հետ և ում գործնական հմտություններն ու բժշկական գիտելիքները թույլ կտան փրկել կյանքեր»,- նկատում է Էդուարդը:

Արդեն կլինիկական օրդինատորի կարգավիճակում՝ հետբուհական կրթությունը շարունակում է հենց այն բժշկական հաստատությունում, որտեղ պապիկը տասնամյակներ առաջ բեղուն մասնագիտական ճանապարհ է անցել: Նա «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, սրտաբանություն մասնագիտությամբ, բուժում է մարդկանց՝ նպաստելով վիրաբուժության զարգացմանը։