Համալսարանական բուժհաստատությունների գլխավոր բժիշկների, կլինիկաների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի, բուհի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել էր քննարկում՝ նվիրված 2026 թվականի հունվարի 1-ից մեր երկրում առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրմանը։
Միջոցառմանը ներկա էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Համալսարանական լսարանին ներկայացված երեք զեկույցներից առաջինը՝ Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանի մեկնաբանությամբ, վերաբերում էր առողջության ապահովագրության միջազգային համակարգերին։ Նա խոսեց հիմնական առողջապահական համակարգերի մոդելների, սոցիալական պաշտպանվածության մեխանիզմների և այլ ենթահարցերի մասին։ Բելգիայի և Գերմանիայի օրինակով ներկայացրեց ապահովագրության Բիսմարկյան մոդելների համեմատությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում առողջապահական համակարգի ֆինանսական բնութագրիչներին։ Ըստ երկրների՝ նա խոսեց նաև համակարգերի առանձին տարբերություններից։
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի՝ կոլեգաներին փոխանցվող նյութը ուղղված էր առողջապահական համակարգի ներդրման առաջին տարիների կանխատեսվող մարտահրավերներին։ Մասնագետի խոսքով՝ ներդրման առաջին տարիների մարտահրավերներն ու առաջացող խնդիրները հիմնականում արտահայտվում են ֆինանսական ճնշման աճով, կառավարման բարդացմամբ, ծառայությունների հասանելիության և որակի ժամանակավոր խաթարումներով։ Նշված խնդիրները, ըստ նրա, կանխատեսելի են և կառավարելի, եթե դրանց համար նախապես մշակված լինեն համապատասխան քաղաքական և կառավարչական լուծումներ։
Իր դիտարկումներում զեկուցողը փաստեց, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը միանվագ բարեփոխում չէ, այլ բազմափուլ կառավարման գործընթաց։
«Համաճարակաբանական դիտարկման համակարգերը մինչև առողջապահական պարտադիր ապահովագրության ներդրումը և ներդրման փուլում» թեման Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանի ելույթի նյութն էր։
«Որքանով է ապահովագրությունը պահանջված, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ հարց չի առաջացնում։ Այս տեսակետից մենք ունեցել ենք աղետալի ծախսերի բավականին մեծ տոկոս։ Ի՞նչ է նշանակում աղետալի ծախս․ երբ տնտեսությունն իր բյուջեի 40 տոկոսից ավելին տրամադրում է առողջապահությանը»,– համակարգելով միջոցառումը մանրամասնեց պրոֆեսոր Տեր-Ստեփանյանը՝ խոսքը համադրելով թվային ցուցանիշներով։
Ապահովագրությունը ժողովրդագրական տեսանկյունից մեկնաբանելիս նա փաստեց, որ Հայաստանում առկա է լուրջ դեմոգրաֆիկ խնդիր այն առումով, որ տարեցների մասնաբաժինը բնակչության ընդհանուր կառուցվածքում գնալով ավելանում է։
Երեք պրոֆեսորներին էլ մասնակիցները հարցեր հղեցին։ Նիստը ամփոփեց և բուհի ղեկավարության կողմից ներկաներին դիմեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը։
«Շատ կարևոր հարց ենք քննարկում, որը 2026 թվականի առաջին օրվանից մտավ բոլորիս կյանք։ Համոզված եմ, որ այս հարցը «Հերացի» վերլուծական կենտրոնը՝ ի դեմս Մերի Տեր-Ստեփանյանի, դեռ բազմիցս կքննարկի, որովհետև այսօր մենք խոսեցինք և լսեցինք վերլուծություններ աշխարհում եղած համակարգերի վերաբերյալ, աշխարհում արդեն իսկ հայտնի համակարգերի ներդրումից առաջացող խնդիրների և դրանց ռիսկայնության աստիճանի մասին»,– ասաց պրոռեկտորը՝ ավելացնելով, որ պարբերական են լինելու քննարկումներն այն ամենօրյա խնդիրների մասին, որոնց քաղաքացին, ապահովագրված անձը բժշկական կազմակերպությունում՝ թե՛ առաջնային օղակում, թե՛ մասնագիտացված բուժհաստատություններում հանդիպելու է:
Պրոռեկտորը համոզմունք հայտնեց, որ առողջապահության ապահովագրությունը պետք է փուլային առաջ ընթանա և միանշանակ սպասված գործընթաց էր, որի շուրջ ծագող խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները շարունակաբար կքննարկվեն նաև համալսարանական տանիքի ներքո։