Ապագա բժիշկ Եվգենյա Հակոբյանը նախորդ տարվա սկզբին կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված որպես կամավոր եկավ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և մոտ մեկ տարի այլևս չհեռացավ համալսարանական հիվանդանոցից:
«Իսկ որտեղ պետք է լիներ ապագա բժիշկն այն օրերին, երբ աշխարհը կանգնած էր կորոնավիրուսի պանդեմիայի մարտահրավերի առաջ: Դա եղել է ոչ թե որոշում, այլ ցանկություն, լինել թե հիվանդների, թե բուժանձնակազմի կողքին, օգնել և կիսել դժվարությունները»,- ասում է ԵՊԲՀ ուսանողը:
Նա սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Մասնագիտության ընտրության հարցում գլխավոր խթանը եղել է իր՝ որպես պացիենտի հիացմունքն ակնաբույժի հանդեպ:
Նրա գնահատմամբ՝ հիվանդանոցում չափազանց հետաքրքիր է: Ուսուցանող և մոտիվացնող ազդեցություն ունեն տարբեր կլինիկական իրավիճակներում հիվանդի ընդունման պահից մինչև դուրս գրման պահին հետևելը, կայացած և բանիմաց բժիշկների հետ ամենօրյա շփումը։ «Օգտագործելով առիթը՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց փորձն ու գիտելիքը փոխանցելու համար»,- նկատում է ապագա բժիշկը:
Խոսելով որպես կամավոր հիվանդանոցում անցկացրած ամիսների մասին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում որպես բուժակ մեկնել է Արցախ, վիրավոր զինծառայողներ տեղափոխելու: «Իմ խոնարումն ու երախտագիտությունն եմ հայտնում մեր քաջարի մարտիկերին, որոնց սխրանքն անմահ է»,-ընդգծում է Եվգենյան:
Նրան՝ ինչպես և բուժօգնության ոլորտի շատ ներկայացուցիչների, չհաջողվեց խուսափել Քովիդ-19 վարակից: Նշում է՝ չնայած ծնողներն անհանգստանում էին իր առողջության համար, ամեն կերպ օժանդակել են իրեն: Նույնը ասում է համակուրսեցիների մասին, որոնք ևս միայն ոգևորության խոսքեր են ուղղել ապագա ուռուցքաբան-վիրաբույժի՝ հիվանդանոցում որպես կամավոր աշխատելու որոշման համար: Բոլոր նրանց, ովքեր առաջին քայլերն են կատարում բժշկության ոլորտում ուսանողը խորհուրդ է տալիս լինել աշխատասեր, պատրաստակամ, հոգատար և ամբողջ սրտով նվիրվել բժշկի վեհ կոչմանը: Այդպիսին է փորձում լինել և այդպես ապրել նաև ինքը: