Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2 վարակի և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։
Ե՞րբ են սկսում արտադրվել կորոնավիրուսի հանդեպ հակամարմինները և ինչքան ժամանակ են պահպանվում:
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Եվրոպական կենտրոնի տվյալների, SARS-CoV-2-ով վարակվածների մեծ մասի շրջանում արյան մեջ հակամարմիններ սկսում են հայտնաբերվել վարակվելուց հետո 10-20-րդ օրերի ընթացքում՝ գագաթնակետին/ամենաբարձր թվերին/ հասնելով 18-22-րդ օրերին: Առաջինը օրգանիզմում սկսվում է արտադրվել IgM-ը: 3 շաբաթից անց IgM-ի մակարդակը սկսում է դանդաղ իջնել: Ախտանիշների զարգացումից հետո12-րդ և 14-րդ օրերը համարվում են սեռոկոնվերսիայի միջին ժամանակահատվածը, երբ IgM-ը սկսում է փոխարինվել IgG հակամարմիններով: Հիվանդության մեղմ ընթացքի դեպքում սեռոկոնվերսիան կարող է լինել ավելի ուշ (չորս շաբաթ կամ ավել) և, հազվադեպ, հակամարմինները ընդհանրապես չեն հայտնաբերվում:
Ի՞նչ տվյալներ են հայտնի կրկնավարակների մասին:
Հայտնի է, որ կորոնավիրուսների ընտանիքի այլ անդամների նկատմամբ հակամարմինները ժամանակի ընթացքում պակասում են (միջինում՝ 3-13 ամիս անց) և բոլոր սեզոնային կորոնավիրուսներով էլ հնարավոր է կրկնավարակ, պաշտպանիչ իմունիտետի մոտ 6-12 ամիս տևողությունից հետո։
Ներկայումս, COVID-19-ով կրկնավարակի հստակ դեպքեր գրանցված չեն, ինչը թույլ է տալիս ենթադրել հակամարմիններով գոնե ժամանակավոր պաշտպանության մասին։ Այնուամենայնիվ, հակամարմինների պաշտպանության երկարակեցությունը դեռևս անհայտ է, այնպես, ինչպես անհայտ է, թե արդյո՞ք հակամարմիններ ունեցող անձը պաշտպանված է կրկնավարակից, և եթե պաշտպանված է, ապա ո՞րն է նվազագույն շեմը:
Օրգանիզմը վիրուսի դեմ պայքարում է ոչ միայն հակամարմիններով, այլ նաև T-բջիջներով, որոնք վիրուսի կրկնակի մուտքի դեպքում ակտիվացնելով իրենց հիշողությունը ,պայքարում վիրուսի դեմ: Ըստ շվեդների կողմից արված վերջին հետազոտության, խոսքը T-քիլլերների մասին է, որոնց թիվը բարձր էր նույնիսկ այն անձանց շրջանում, ովքեր հիվադությունը տարել են առանց ախտանիշների և ունեն հակամարմինների ցածր մակարդակ արյան մեջ:
Ի՞նչ է կոլեկտիվ իմունիտետը և ինչու՞ է այն կարևոր:
Կոլեկտիվ իմունետետը զարգանում է այն ժամանակ, երբ համայնքի մեծ մասը դառնում է անընկալունակ հիվանդության հանդեպ՝ հիվանդության տարածումը մարդուց այլ անձի դարձնելով անհավանական:
Բնակչության ո՞ր տոկոսը պետք է լինի իմունիզացված, որպեսզի հասնի կոլեկտիվ իմունիտետի:
Այդ թիվը տատանվում է հիվանդությունից հիվանդություն: Որքան վարակիչ է հիվանդությունը, այնքան մեծ է բնակչության այն մասնաբաժինը, որը պետք է անընկալունակ լինի հիվանդության հանդեպ` դրա տարածումը կանգնեցնելու համար: Օրինակ, կարմրուկը խիստ վարակիչ հիվանդություն է: Ենթադրվում է, որ բնակչության 94%-ը պետք է անձեռնմխելի լինի փոխանցման շղթան ընդհատելու համար:
Ինչպե՞ս է ձեռք բերվում կոլեկտիվ իմունիտետը:
COVID-19-ի համար երկու ճանապարհ կա. պատվաստանյութերը և վարակը: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը իդեալական մոտեցում է կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար: Պատվաստանյութերը ստեղծում են պաշտպանություն՝ առանց հիվանդություն պատճառելու կամ բարդությունների առաջացման: Օգտագործելով կոլեկտիվ իմունիտետի հայեցակարգը՝ պատվաստանյութերը հաջողությամբ վերահսկողություն են սահմանել այնպիսի մահացու վարակիչ հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են պոլիոմիելիտը, դիֆթերիան և շատ ուրիշներ:
Պատվաստման միջոցով կոլեկտիվ իմունիտետի հասնելը ունի իր թերությունները: Որոշ պատվաստանյութերից պաշտպանությունը ժամանակի ընթացքում կարող է թուլանալ, ինչը պահանջում է կրկնակի պատվաստումներ: Բացի այդ, որոշ մարդիկ դեմ են պատվաստումներին, ինչը կարող է իսկական մարտահրավեր հանդիսանալ կոլեկտիվ իմունիտետի համար:
Կոլեկտիվ իմունիտետին հնարավոր է հասնել նաև այն դեպքում, երբ բնակչության բավարար մասը բուժվել է հիվանդությունից և առաջացրել է հակամարմիններ հետագա վարակի դեմ: Այնուամենայնիվ, COVID-19-ի դեպքում կոլեկտիվ իմունիտետի առաջացումը ունի մի քանի խնդիրներ: Նախ, դեռևս պարզ չէ, թե արդյոք COVID-19 վիրուսով վարակումը մարդուն դարձնում է անձեռնմխելի հետագա վարակի դեմ: Նույնիսկ եթե կորոնավիրուսով վարակվելը երկարատև պաշտպանություն է առաջացնում, մեծ թվով մարդիկ պիտի վարակվեն, որպեսզի հասնեն կոլեկտիվ իմունիտետի շեմին: Փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-ում բնակչության 70%-ը՝ ավելի քան 200 միլիոն մարդ, պետք է վերականգնվի COVID-19-ից՝ համաճարակը դադարեցնելու համար: Եթե մեծ քանակով մարդիկ միանգամից հիվանդանան COVID-19-ով, առողջապահական համակարգը կարող է արագորեն ճնշվել: Վարակման այս մեծ քանակը կարող է միլիոնավոր մարդկանց մոտ հանգեցնել լուրջ բարդությունների և մահվան:
Ինչպե՞ս կարող ենք դանդաղեցնել COVID-19-ի փոխանցումը:
Մինչև COVID-19 պատվաստանյութի մշակումը, շատ կարևոր է դանդաղեցնել COVID-19 վիրուսի տարածումը և պաշտպանել ծանր հիվանդության ռիսկի ենթարկված անձանց, ներառյալ տարեցներին և քրոնիկ հիվանդություններով անձանց:
Կարևոր է նշել, որ օրգանիզմում իմունիտետի առանձնահատկությունից և ներթափանցած վիրուսի գումարային դոզայից է կախված, թե տվյալ անձի մոտ կզարգանա հիվանդություն, թե ոչ և ինչպիսին կլինի հիվանդության ընթացքը: Վիրուսի ամենամեծ դոզա ներշնչում են առաջնագծում աշխատող բժիշկները: Հետազոտությունների համաձայն, երիտասարդ տարիքում մահացածության ամենամեծ ցուցանիշը բաժին է ընկնում հենց այս թիրախ խմբին: Կարելի է նվազեցնել վիրուսի` օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը` հնարավորինս սահմանափակելով մարդկային շփումները։