Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար․ 

  1. Վայելեք ձեր փոքրիկներին
  2. Կրծքով կերակրելը լավագույնն է երեխայի համար
  3. Բժշկի կանոնավոր այցեր
  4. Ապահովեք երեխայի անվտանգությունը
  5. Եղեք լավագույն ծնողը
  6. Պլանավորեք հղիությունը 

Վայելեք Ձեր փոքրիկին 

ՁԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ երեխայի կյանքում ամենակարևորն են, նույնքան կարևոր, որքան սնունդն ու ապրելու վայրը: Երբ դուք գրկում եք ձեր երեխային, նա իրեն երջանիկ է զգում: Երբ դուք մխիթարում եք նրան, նա իրեն ապահով է զգում: Զվարճացեք ձեր երեխայի հետ: Խաղացեք, երգեք երգեր, ծիծաղեք միասին: Ձեր արած կամ գնած որևէ բանն այնքան կարևոր չեն երեխայի համար, որքան ձեր հարաբերությունները նրա հետ:

ՀՈԳ ՏԱՐԵՔ ձեր մասին. աշխատեք լավ սնվել և բավականաչափ քնել՝ հեռու մնալով սթրեսներից։ Խնդրեք օգնություն, եթե դրա կարիքն ունեք: Առողջ ծնողներ նշանակում է առողջ երեխաներ:

Օգնեք ձեր երեխային ՍՈՎՈՐԵԼ ԵՎ ԱՃԵԼ: Ձեր երեխան սովորում է կենտրոնանալ, լսել և հասկանալ, նույնիսկ երբ դեռ նորածին է: Գրկեք ձեր երեխային: Երեխան հիշում է ձեր սրտի բաբախյունը: Երբ գրկում եք նրան, նա իրեն սիրված է զգում։ Երբեմն ընդամենը մեկ հպումը կամ ժպիտը բավարար են:

ԽՈՍԵՔ ձեր երեխայի հետ: Հնչյունները խոսքի և լեզվի հիմքն են: Երբ ձեր երեխան հնչյուններ է արտաբերում, պատասխանեք նրան: Ընթերցանությունը, երգելը և պատմություններ պատմելը օգնում են երեխային կապվել ձեզ հետ և զգալ այն սերն ու ջերմությունը, որոնք անհրաժեշտ են նրան աճելու և զարգանալու համար: Բայց սահմանափակեք հեռուստացույցի և մյուս բոլոր թվային սարքավորումների դերը, քանի որ դրանք չեն փոխարինում ձեր ձայնը և ջերմությունը:

ԻՆՉՊԵ՞Ս մխիթարել ԼԱՑՈՂ երեխային. Լացը սովորաբար երեխայի դժգոհության արտահայտությունն է և միակ միջոցը, որով նա կարող է ասել ձեզ, որ ցանկանում է շփվել ձեզ հետ, ջերմություն ունի կամ ուզում է քնել, քաղցած է, շոգում կամ մրսում է կամ նոր տակդիրի կարիք ունի:

  • Փորձեք փոխել տակդիրը կամ կերակրել:
  • Անջատեք բոլոր լույսերը և հեռուստացույցը։
  • Խոսեք կամ երգեք ձեր երեխայի հետ կամ հաճելի երաժշտություն միացրեք:
  • Մեղմորեն օրորեք ձեր երեխային կամ քայլեք՝ երեխային գրկած:
  • Երեխային տարեք զբոսանքի։

 

Կրծքով կերակրելը լավագույնն է երեխայի համար

Կրծքի կաթը կատարյալ սնունդ է ձեր երեխայի համար: Այն միշտ պատրաստ է (առանց շշերի մաքրման անհրաժեշտության) և այն միակ սնունդն է, որն անհրաժեշտ է ձեր երեխային առաջին վեց ամսվա ընթացքում:

Կրծքով կերակրումը կանխում է ալերգիան, պաշտպանում է վարակներից: Կրծքով կերակրվող երեխաների մոտ ավելի քիչ փսխում և փորլուծություն է նկատվում:

Կրծքով կերակրելն օգտակար է նաև մայրերի համար: Այն օգնում է արգանդին վերադառնալ նախկին չափերին և նվազեցնել արյունահոսությունը ծննդաբերությունից հետո: Կրծքով կերակրումը նաև նվազեցնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի ռիսկը և կարող է օգնել ավելի արագ նիհարել, ինչպես նաև կանխել հղիությունը:

Կրծքով կերակրման ցանկացած քանակություն օգտակար է մոր և երեխայի համար: Բայց բացառապես կրծքով կերակրումը վեց ամսվա ընթացքում ձեր երեխային ավելի առողջ է դարձնում: Կրծքով կերակրեք այնքան ժամանակ, որքան դուք և երեխան ցանկանում եք՝ վեց ամիս, 1 տարի և ավելի, որքան երկար, այնքան լավ:

 

Բժշկի կանոնավոր այցեր

Բժշկի կանոնավոր այցերն օգնում են ձեզ և ձեր ընտանիքին առողջ լինել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո 3-5 օրվա ընթացքում ձեր երեխան կհանդիպի իր բժշկին, և դրանից հետո կսկսվեն կանոնավոր այցելությունները՝ համոզվելու, որ նա լավ է աճում և զարգանում, տեսնելու, թե ինչպես է ընթանում կրծքով կերակրումը և ստանալու կարևոր պատվաստումները:

 

Ապահովեք երեխայի անվտանգությունը

  • Երեխայի համար ավելի լավ է միայնակ քնել․ ձեզ հետ քնելը կարող է վտանգավոր լինել: Մեծահասակը կարող է հեշտությամբ գլորվել և վնասել կամ նույնիսկ խեղդել երեխային: Պաշտպանեք ձեր երեխային շնչահեղձությունից և հանկարծակի մանկական մահվան համախտանիշից (SIDS): Երեխային քնեցրեք միայնակ, մեջքի վրա, ամուր ներքնակի վրա, առանց դեմքին մոտ գտնվող բարձերի, խաղալիքների կամ վերմակների:
  • Թույլ մի տվեք, որ որևէ մեկը ծխի ձեր երեխայի մոտ։ Ծխող ծնող ունեցող երեխաների մոտ ավելի մեծ է SIDS-ից մահանալու հավանականությունը: Իսկ այն երեխաները, որոնք ապրում են երկրորդային ծխի պայմաններում, մեծ հավանականությամբ կարող են ունենալ ասթմա, բրոնխիտ, ականջի վարակներ և թոքաբորբ: Ազատեք ձեր տունը ծխից։
  • Ձեր երեխային հեռու պահեք թունավոր նյութերից։
  • Կանխարգելեք կապարից թունավորումը․ կապարը կարող է վնասել ձեր երեխայի առողջությանը, ուսմանը և վարքին:
  • Երեխային հեռու պահեք վերանորոգման աշխատանքներից:
  • Համոզվեք, որ ձեր երեխայի ձեռքերը, խաղալիքները և ծծակները միշտ մաքուր են:
  • Օգտագործեք սառը (ոչ տաք) ծորակը ջուր խմելու և կերակուր պատրաստելու, ինչպես նաև մանկական կաթնախառնուրդը խառնելու համար:

 

Եղեք լավագույն ծնողը 

Ձեր երեխայի մասին լավ հոգ տանելու համար դուք պետք է լավ հոգ տանեք ինքներդ ձեր մասին:

Յուրաքանչյուր ծնող աջակցության կարիք ունի: Ծնող լինելը կարող է լինել ամենադժվար աշխատանքը, որը դուք երբևէ կունենաք, բայց հարկավոր չէ դա անել միայնակ: Գտեք հանգստանալու առողջ ուղիներ: Ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնք սիրում և աջակցում են ձեզ: Երբ դուք երջանիկ եք, ձեր երեխան նույնպես երջանիկ է:

Ընկճախտը, ալկոհոլը և թմրանյութերը ազդում են ձեր ամբողջ ընտանիքի վրա։ Շատ նորաթուխ մայրեր ունենում են փոփոխական տրամադրություն և ավելի հաճախ լաց են լինում երեխաների ծնվելուց հետո: Այս խնդիրները սովորական են և սովորաբար տևում են մի քանի շաբաթ: Բայց եթե շատ եք լաց լինում կամ շատ ժամանակ տխուր, մեղավոր, հուսահատ կամ ծանրաբեռնված եք զգում, խոսեք ձեր բժշկի կամ հոգեբանի հետ:

Տուն առանց բռնության․ տունը, որը զերծ է ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, օգնում է երեխային մեծանալ և դառնալ ուժեղ, առողջ անհատ: 

Հղիության պլանավորում 

Յուրաքանչյուր կին իրավունք ունի որոշելու՝ երբ հղիանալ և արդյոք հղիանալ, թե ոչ: Հղիության պլանավորումը կանխում է բազմաթիվ խնդիրներ: Համոզվեք, որ առողջ եք, նախքան նորից հղիանալը: Հղիությունների միջև պետք է լինի առնվազն 18 ամսվա տարբերություն, որպեսզի մարմինը կարողանա վերականգնվել: