Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շվեդ մասնագետներն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Շվեդ մասնագետներն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի «Ռիհովի» շրջանային հիվանդանոցի կլինիկայի մանկաբուժական թիմի ներկայացուցիչներ Ֆրեդրիկ Ինգեմանսոնը, Սայմոն Ռունդքվիստը, Մարիա Էկելունդը, Քարին Օլդին և Գյորան Հենրիքսն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, հանդիպումներ ունեցել ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի, ինչպես նաև բաժանմունքների ղեկավարներրի և բժիշկների հետ:

Շվեդ գործընկերների հետ համագործակցությունն ավելի քան 25 տարվա պատմություն ունի: Կորոնավիրուսային համավարակի բռնկումից հետո նրանք առաջին անգամ էին այցելում համալսարանական հիվանդանոց: Երկու երկրի մասնագետներն ուրախ էին համագործակցության վերսկսման համար: Գյորան Հենրիքսը՝ Յոնշոփինգ տարածաշրջանի Qulturum-ի ուսուցման և նորարարության գլխավոր գործադիր տնօրենը, պրոռեկտոր Արմեն Մինասյանի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները:

Հյուրերը շրջել են բաժանմունքներում, ծանոթացել նոր սարքավորումներին, հիվանդանոցի հաջողություններին, կիսվել իրենց խորհուրդներով և դիտարկումներով: Շվեդ բժիշկները տպավորված են եղել հիվանդանոցի իրենց վերջին այցից (2019 թվականին) հետո կատարված բարեփոխումներով, որոնք, առաջին հերթին, ուղղված են երեխաների բուժմանը և առողջության պահպանմանը: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկները հաճախ են առցանց խորհրդատվություններ, փորձի փոխանակում անցկացնում արտերկրի գործընկերների հետ և արդյունավետ համագործակցում նեոնատալ ծառայության ոլորտում:

Նշենք, որ բժշկական համալսարանի և Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի մարզային խորհրդի միջև համագործակցությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: 2014թ. դեկտեմբերին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը երկու տարածաշրջանի բուժանձնակազմի միջև:

Հուշագրի կնքմամբ ամրապնդվում է հայ-շվեդական համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1988թ., երբ շվեդ բարեգործներ՝ ամուսիններ Ուլֆ և Մարգարետա Սթրոմբերգների ղեկավարությամբ օգնության ծրագիր իրականացվեց Երևանի թիվ 4 մանկական հիվանդանոցում, այժմ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում: