Բժշկական համալսարանում անցկացվեց «Կրծքով սնուցման նշանակությունը երեխայի կյանքում» խորագրով կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին։ Կոնֆերանսի նպատակն էր ընդգծել կրծքով սնուցման կենսական նշանակությունը նորածնի և մանկահասակ երեխայի առողջ զարգացման, իմունային համակարգի ամրապնդման, ինչպես նաև տարբեր վարակիչ հիվանդություններից պաշտպանության գործում։
Մասնագետները ներկայացրին նորագույն միտումները, միջազգային ուղեցույցների տվյալները, կիսվեցին իրենց փորձով:
«Կրծքով կերակրումը հանդիսանում է երեխայի կյանքի առողջության առաջին քայլը, որը կարող է տալ մայրը երեխային: Ինչու՞ ենք նշում հենց այս օրը, որովհետև Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի մեկնարկում է օգոստոսի 1-ից, և տարվա կարգախոսն է՝ «Առաջնահերթություն տալ կրծքով կերակրմանը. ստեղծել աջակցության կայուն համակարգեր։ ՀՀ-ում մինչև 6 ամսական բացառապես կրծքով կերակրվող երեխաները կազմում են մոտ 40–45%, իսկ մայրերը միջինում կրծքով կերակրում են մինչև 13 ամիս՝ ցանկալի 24-ի փոխարեն», – բացման խոսքում նշեց ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր–Ստեփանյանը:
Առաջին, «Կրծքով սնունցման դերը երեխաների կյանքում, կրծքով սնուցման խոչընդոտները, կրիտիկական շրջանները, դրանց հաղթահարման ուղիները» թեմայով զեկույցը ներկայացրեց Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության կլինիկայի բժիշկ Անահիտ Գրիգորյանը:
«Յուրաքանչյուր բժիշկ կհամաձայնի այն մտքի հետ, որ բնությունն իդեալական հոգացել է մարդու պահանջները: Մենք գիտենք, թե ինչ առավելություններ ունի կրծքի կաթը երեխայի կյանքում», – ասաց մասնագետը՝ նշելով կրծքով սնուցման վերաբերյալ մի քանի հիմնական կետ:
Նրա փոխանցմամբ՝ վաղ սկսված սնուցումը խթանում է նորածնի աղիների գործունեությունը, ապահովում է ջերմություն, մտերմություն և շփում մոր հետ, այն նորածնի հիպոգլիկեմիան կանխելու լավագույն մեթոդն է: «Կրծքի կաթի բաղադրությունը բավարարում է երեխայի բոլոր սնուցողական կարիքները, նպաստում աճին ու զարգացմանը: Կրծքով սնուցվող երեխաների մոտ նվազում է հետևյալ հիվանդությունների ռիսկը՝ բրոնխեալ ասթմա, շնչուղիների ծանր վարակներ, ճարպակալում, 1-ին տիպի շաքարային դիաբետ, սուր ականջաբորբ (օտիտ), հանկարծակի մանկական մահվան համախտանիշ (SIDS), փորլուծություն և փսխում, նեկրոտիզացնող էնտերոկոլիտ (NEC)», – ընդգծեց Անահիտ Գրիգորյանը:
Մանկաբույժի խոսքով՝ կրծքով սնուցումը կարևոր է նաև մոր համար, քանի որ այն բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը՝ նվազեցնելով հետծննդյան արյունահոսությունները, բարելավում է ոսկրերի հետծննդյան հանքայնացումը և կանխում ազդրի կոտրվածքները տարեց հասակում, նվազեցնում է ձվարանի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, դրա շնորհիվ ավելի արագ է վերականգնվում մարմնի այն քաշը, որ կինն ունեցել է մինչև հղիանալը:
Անահիտ Գրիգորյանը մասնագետների ուշադրությունը հրավիրեց նաև կրծքով սնուցման խոչընդոտներին՝ տեղեկատվության և գիտելիքի պակաս, կրծքի ցավեր և լակտացիոն խնդիրներ, hոգեբանական խնդիրներ, սոցիալական և մշակութային խոչընդոտներ, սոցիալական սխալ պատկերացումներ և մեթոդների քարոզում, ընտանիքի կամ շրջապատի աջակցման պակասը, գործնական դժվարությունները՝ աշխատանքի վերադարձ, հանրային տեղերում կրծքով սնուցման հնարավորության բացակայություն:
«Կրծքով կերակրումը բոլոր պարագաներում լավագույնն է նորածնի և մանկահասակ երեխաների համար, և անկախ իրավիճակից՝ խրախուսվում է կերակրել կրծքով, սակայն, ցավոք, կան իրավիճակներ ինֆեկցիոն հիվանդությունների առումով, որոնց դեպքում հարկավոր է պահպանել զգուշությունը և կրծքով կերակրմանը զուգահեռ նաև աշխատել կանխարգելիչ քայլերի ուղղությամբ: Բացի այն, որ երեխան կրծքի կաթով ստանում է լավագույնը՝ որպես սնուցում, երեխան ստանում է նաև իմունիտետ վարակների նկատմամբ, և զրկել նրան այդ հզոր ռեսուրսից հիմնավորված չէ, եթե իսկապես չունենք հիմնովին պատճառ: Կան վարակներ, որոնց ժամանակ կրծքով կերակրումը կարող է դառնալ վտանգավոր երեխայի համար, ուստի որոշակի պայմաններում է թույլատրելի դառնում», – նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը «Կրծքի կաթով փոխանցվող վարակներ, կրծքով սնունցման հակացուցումներ, կրծքով սնունցման դերը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում» թեմայով զեկույցի շրջանակում:
Նրա հավելմամբ՝ ՄԻԱՎ վարակը, օրինակ, փոխանցվում է կրծքով կերակրման միջոցով, ուստի ցանկալի չէ կրծքով կերակրելը վարակի առկայության դեպքում, և անհրաժեշտ է անցնել արհեստական կաթնախառնուրդի: «Այս կոնտեքստում այսօր ժամանակակից մոտեցումներով նախընտրելի է մոր համար ապահովել հակավիրուսային բուժումը՝ հասցնելով վիրուսի քանակը նվազագույնի: Սակայն շատ հիվանդությունների դեպքում վարակը կրծքով չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել հազի, փռշտոցի միջոցով: Ծննդատնից երեխան ստանում է հեպատիտ Բ-ի դեմ իր առաջին պատվաստանյութի չափաբաժինը, սակայն եթե մայրն ունի հեպատիտ Բ, բացի այդ պատվաստումից, երեխան ստանում է նաև իմունոգլոբուլին, որը նույնպես ապահովում է կայուն պաշտպանություն, և մայրը կարող է շարունակել կրծքով կերակրել», – նշեց Հռիփսիմե Ապրեսյանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր դեպքի պետք է մոտենալ անհատական, գրագետ ձևով, վերլուծել բոլոր դրական և բացասական կետերը և գնահատել երեխայի ստացած օգուտը, սպասվելիք վնասը, որից հետո որոշում կայացնել՝ արժե կերակրելը շարունակել, թե ոչ, իսկ այնպիսի փոքր խնդիրները, ինչպես, օրինակ, տեղային թարախային բորբոքումները, մաստիտները, վերքերը, հակացուցում չեն կերակրման համար։
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր–Ստեփանյանի զեկույցը վերաբերում էր երեխայի մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում մայրական պատվաստումների դերին։
Մայրական պատվաստումները, նրա խոսքով, կարևոր նշանակություն ունեն երեխայի պաշտպանության առումով։ «Հայաստանում, ըստ մեր ուղեցույցների, մայրը պետք է պատվաստվի դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի և գրիպի դեմ, ինչպես նաև խրախուսվում են COVID-19 պատվաստումները, եթե կա լարված համաճարակային իրավիճակ։ Միջազգային փորձն այսօր ունի նաև հղիների համար ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրում, որը կանխում է վիրուսի զարգացումը մինչև 2 ամսականում», – տեղեկացրեց համալսարանական մասնագետը։
Մորից երեխային հակամարմինները, Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ, հիմնականում անցնում են ընկերքի միջոցով՝ հղիության երրորդ եռամսյակում։ «Կրծքի կաթի միջոցով անցնում են ավելի շատ ոչ սպեցիֆիկ պաշտպանություն ապահովող հակամարմինները․ դա հիմնականում ապահովում է աղիքային և շնչառական ինֆեկցիաներից պաշտպանություն, այսինքն՝ այդ հակամարմիններն ապահովում են լորձաթաղանթային, տեղային պաշտպանությունը։
Ինչ վերաբերում է հղիության և կրծքով սնուցման ժամանակ հակացուցված պատվաստանյութերին, դրանք երկուսն են՝ դեղին տենդ և բնական ծաղիկ, որն այս փուլում չի կիրառվում։ Մնացած պատվաստումները կերակրող մայրիկին հակացուցված չեն անգամ կենդանի վակցինաների դեպքում», – ընդգծեց համաճարակաբանը։
Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, բժիշկ-օրդինատոր Աննա Մխիթարյանը ներկայացավ «Կրծքով կերակրման դերը անհաս ծնված երեխաների շրջանում» խորագրով զեկույցով։
Մասնագետն անդրադարձավ կրծքով կերակրման վրա բացասաբար ազդող գործոններին, որոնց թվում մատնանշեց ծայրահեղ անհաս ծնված երեխաներին, մոր երիտասարդ տարիքը, մոր բարձրագույն կրթության բացակայությունը և ընտանիքի անբավարար աջակցությունը։
Ընդգծելով կրծքի կաթի դերն անհաս երեխայի կյանքում՝ Աննա Մխիթարյանը նշեց, որ այն կանխում է նեկրոտիզացնող էնտերոկոլիտի (ՆԷԿ), սեպսիսի զարգացումը (<32 շաբաթ ծնված), կանխում է քրոնիկ թոքային հիվանդությունների զարգացումը և նպաստում է գլխուղեղի ավելի արագ աճին ու զարգացմանը։
Իսկ կրծքով կերակրմանն անհաս երեխայի պատրաստ լինելու նշանների շարքում նա առանձնացրեց կլման ռեֆլեքսի ձևավորումը (28-30 շաբաթ), ծծման ռեֆլեքսի ձևավորումը (31-33 շաբաթ) և բավարար կերակրումը (գնահատումը կերակրումից առաջ/հետո կշռումներով)։
Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Մարի Դարակչյանը «Կրծքով կերակրման տևողությունը․ հավելյալ սննդի ներմուծումը երեխայի սննդակարգ․ համակցված սնուցում» զեկույցի շրջանակում մանրամասնեց, թե ինչպիսին պետք է լինի հավելյալ սնուցումը․ ժամանակին (այսինքն՝ բոլոր երեխաները, ի հավելումն կրծքի կաթի, պետք է սկսեն հավելյալ սնունդ ստանալ՝ 6 ամսական հասակից սկսած), համապատասխան (հավելյալ սնունդն իր սնուցիչ արժեքավորությամբ պետք է առնվազն չզիջի կրծքի կաթին), անվտանգ եղանակով պատրաստված (այսինքն՝ պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա՝ ախտածին մանրէներով վարակվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ), պետք է տրվի համապատասխան ձևով․ (այսինքն՝ սնունդը պետք է ունենա համապատասխան խտություն և երեխային տրվի բավարար քանակությամբ)։
Անդրադառնալով հարցին՝ ինչու չսկսել ավելի վաղ՝ մասնագետն ընդգծեց․ «Մինչև 6 ամսական երեխայի ստամոքս-աղիքային տրակտը պատրաստ չէ մարսման լիարժեք գործընթացին։ 6 ամսականից վաղ հավելյալ սննդի սկիզբը կարող է խանգարել մինչև 6 ամսական բացառապես կրծքով կերակրման հիմնարար սկզբունքին։ 6 ամսականից առաջ սկսված հավելյալ սնունդը կարող է նպաստել ճարպակալման և մարմնի հավելյալ զանգվածի ձևավորմանը»։
Մարի Դարակչյանը կարևորեց 6-23 ամսական երեխաների սննդային բազմազանությունը․ «Կենդանական մթերքներից յուրաքանչյուր օր պետք է ներառված լինեն միս, ձուկ, ձու։ Մրգերն ու բանջարեղենը պետք է ներառված լինեն օրական։ Ընդեղենը, ձավարեղենը, սերմերը ևս պետք է ներառված լինեն երեխայի սննդակարգում, մասնավորապես՝ վերջիններիս արժեքը բարձրանում է, երբ այլ սննդամթերքները սահմափակ են։ Օսլայի պարունակությամբ սնունդը պետք է հասցվի նվազագույնի․ այդ տեսակի սնունդը չի պարունակում նույն որակի սպիտակուց, որը կարելի է գտնել կենդանական սննդում։ Վերջինները նաև երկաթի, ցինկի և B12-ի վատ ռեսուրս են»։
Զեկույցների ավարտին մասնագետները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։
Ամփոփելով կրծքով սնուցման նշանակությանը նվիրված ինտերակտիվ քննարկումը՝ Մերի Տեր-Ստեփանյանը, որպես հանրության շրջանում լուրջ խնդիր, ընդգծեց կրթության և գիտելիքի պակասը՝ կարևորելով համապատասխան իրազեկման միջոցառումների անցկացումը։