Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկական նյարդավիրաբույժի մասնագիտությունն ընտրած Փայլակ Սուջյանի կարծիքով՝ բժիշկը պատերազմում է կյանքի համար՝ մահվան դեմ

Մանկական նյարդավիրաբույժի մասնագիտությունն ընտրած Փայլակ Սուջյանի կարծիքով՝ բժիշկը պատերազմում է կյանքի համար՝ մահվան դեմ

Ապագա մանկական նյարդավիրաբույժ Փայլակ Սուջյանը բժշկությունից բացի այլ ոլորտում իրեն երբևէ չի պատկերացրել: «Ինձ համար գոյություն ունի երկու մասնագիտություն՝ բժշկությունը և «մնացածը»։ Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ ոլորտում, նույնիսկ փորձեր չեմ արել։ Քանի անգամ էլ ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայի, այդքան անգամ կընտրեի նույնը: Որքան էլ բժշկությունը բարդ, լարված, պատասխանատու մասնագիտություն է, երբ նույնիսկ անձնական ժամանակն ինչ-որ չափով ետ է մղվում»,-նշում է նա։

Բժշկագիտության ոլորտներից նյարդավիրաբուժությունը միշտ ավելի հոգեհարազատ է եղել Փայլակին: Ժամանակի ընթացքում շփվելով երեխաների հետ՝ վերջնական որոշում է կայացրել դառնալ մանկական նյարդավիրաբույժ. «Երեխաների հետ աշխատելն ինձ մոտ ավելի հեշտ և արդյունավետ է ստացվում։ Այժմ երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր եմ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ էլ աշխատում եմ նաև որպես նյարդավիրաբույժ»։
Սովորողի կարծիքով՝ բժիշկը մասնագիտական որակների հետ մեկտեղ պետք է ունենա պատասխանատվություն, նվիրվածություն, վստահություն, արագ կողմնորոշվելու ունակություն, համբերատարություն. «Բժշկին հարիր հատկանիշներն ի ծնե են, որոնք ժամանակի ընթացքում համալսարանում, հիվանդանոցներում, աշխատելու ընթացքում հղկվում են»։

Արցախյան վերջին պատերազմի օրերին Երևանի շտապօգնության ծառայությունում աշխատելով՝ մանկական նյարդավիրաբույժը զբաղվել է վիրավորների տեղափոխմամբ՝ Ստեփանակերտից Գորիս և Երևան։ «Պատերազմի վերջին օրերին եղել եմ Գորիսի բժշկական կենտրոնում, օգնել ավագ ընկերներիս՝ մասնագիտական պարտքը կատարելիս։ Խաղաղ և պատերազմական իրավիճակում միևնույնն է բժիշկը միշտ պատերազմում է, պատերազմում է կյանքի համար՝ մահվան դեմ։ Երկու դեպքում էլ նպատակը մեկն է՝ փրկել ամենաթանկը՝ կյանքը։ Պատերազմի ժամանակ այս ամենին գումարվում են ականների պայթյունները, վիրավորների մեծ հոսքերը, ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնների պահպանման դժվարացումը, հանգստի ժամանակի իսպառ բացակայությունը»,-նշում է նա:

Կլինիկական օրդինատորը պատերազմի օրերին սովորել է ավելի արագ, սթափ մտածել, սառնասիրտ լինել. «Ձեռք բերեցի բազում նոր ընկերներ թե՛ բժշկական, թե՛ այլ ոլորտներից։ Տեսա, թե ինչպես անծանոթը միանգամից կարող է դառնալ հարազատ. պատերազմի ժամանակ չկա անծանոթ»,-ընդգծում է նա՝ հավելելով, որ մինչ պատերազմն իր մասնագիտական պարտքն է կատարել նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում՝ երեք ամսով աշխատելով Սպիտակի բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-թերապևտ։

ԵՊԲՀ սովորողը սիրում է նկարել տարբեր ժանրերում, նկատել գեղեցիկն ու օրինաչափը։