ԵՊԲՀ բոլոր մասնաշենքերում այսօր ակտիվ ուսանողական մթնոլորտ էր: Մեկդարյա բուհը դիմավորեց առաջին կուրսեցիներին: Ապագա բժիշկների նոր սերունդ, որը կկրթվի բժշկական կադրերի դարբնոցում, կանցնի բժիշկ դառնալու ուղին:
«Հիշարժան օր է բոլորիս համար: Դուք ընտրել եք մեր բուհը և դարձել եք մեր ընտրյալները, իսկ դա անչափ մեծ պատասխանատվություն է և՛ ձեզ համար, և՛ մեզ համար: ԵՊԲՀ-ն մեծ ու համերաշխ ընտանիք է, որն իր հարկի ներքո ընդունել է բազմաթիվ ուսանողների, նրանց կրթել և ճանապարհել մեծ կյանք որպես կայացած մասնագետների: Մեծ պատիվ է այստեղ սովորելը: Այսօր հերթը ձերն է, դուք պետք է անցնեք բարդ, բայց շատ պատասխանատու և հետաքրքիր ճանապարհ, որտեղ կհանդիպեք տարբեր իրավիճակների, կտեսնեք հիվանդների, որոնց բժշկելու հույսը ապագայում ձերն է: Կլսեք բազմաթիվ մանկան ճիչեր, որ ձեր հոգին կլցնի գորովանքով և ջերմությամբ»,- նորեկներին ողջունելով՝ նշեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը` հավելելով, որ կատարած ընտրությունը պետք է պահել բարձր պատասխանատվությամբ և պատվով, շարունակելով աշխարհի տարբեր անկյուններում մասնագիտական գործունեություն ծավալող ԵՊԲՀ շրջանավարտների կարևոր առաքելությունը:
Կարինե Բարոյանն ընդգծեց, որ բժշկական բուհում ստեղծված են բոլոր պայմանները` մարզադահլիճից մինչև լսարաններ լավ մասնագետներ ձևավորելու համար:
Նա հանգամանալից ներկայացրեց ԵՊԲՀ գործունեությունը` ընդունվելուց- ավարտելու երկար ճանապարհը, որը կանցնեն համատեղ աշխատանքի շնորհիվ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանն ընդգծեց, որ յուրաքանչուր ուսանող պետք է ծանոթանա ԵՊԲՀ պաշտոնական` ysmu.am կայքում ներկայացված ներքին կանոնակարգերին, բարձրագույն կրթության կանոնակարգերին, իրավական այլ կարևոր փաստաթղթերի, որոնք սահմանում են սովորողների իրավունքներն ու պարտականությունները:
Դեկան Բարոյանի կարևոր հորդորն էր առաջին կուրսեցիներին լինել հնարավորինս ուշադիր, հետևողական, ձգտել չգործել սխալներ, որոնց համար պետք է կրեն պատասխանատվություն, նույն սկզբունքը հետագայում պետք է տարածվի նաև բուժառուների հետ աշխատանքի վրա, քանի որ ամեն մի թույլ տրված սխալ մարդկանց առողջության և կյանքի որակի վրա է անդրադառնալու:
Առաջին կուրսեցիները բարձր տրամադրությամբ ու հետաքրքրասիրությամբ էին եկել համալսարան, մի մասը ծնողերի ուղեկցությամբ` ապագայի ծրագրերով զինված: