ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրս փոխադրված ուսանող Էրիկ Աբրահամյանը ևս մասնակցել է 44-օրյա պատերազմին: Սովորում էր 2-րդ կուրսում, երբ սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին զինկոմիսարիատից Արցախ մեկնելու մասին ծանուցագիր ստացավ: Առանց երկմտելու Էրիկ Աբրահամյանը զինվորագրվեց հայրենիքի փրկության գործին:
Բժշկական մայր բուհի ուսանողը, թեև Արցախ է մեկնել որպես զինվոր, բայց իր հետ վերցրել է բժշկական պարագաներ՝ գիտակցելով, որ կարող է կիրառել բուհում ստացած գիտելիքները:
«Գնացի Գյումրի, ծնունդով այնտեղից եմ ու սեպտեմբերի 27-ին զորակոչվեցի: Որպես զինծառայող եմ գնացել ռազմաճակատ, ես հրետանավոր եմ»,-նշում է Էրիկ Աբրահամյանը:
Նա մասնակցել է Քարվաճառի, Իվանյանի, Շուշիի մարտերին: Ապագա բժիշկը զորացրվել է դեկտեմբերի 16-ին:
«Ամեն վայրկյան կար գիտակցում, որ հնարավոր է նաև զոհվենք, բայց նահանջի ցանկություն ու ձգտում չունեինք, քանի որ կռիվը հայրենիքի, ապրելու համար էր: Անկեղծ կարող եմ նշել՝ եթե անգամ չզորակոչեին, կամավոր մեկնելու էի առաջնագիծ»,-ասում է ապագա բժիշկը:
Եղել են դեպքեր, երբ բուժօգնություն է ցուցաբերել վիրավոր զինծառայողներին. առաջին օգնություն է ցույց տվել ոտքի, ձեռքի վնասվածքով զինծառայողներին: Վիրակապել է այդ պահին ձեռքի տակ ընկած նյութերով, վիրավորին հասցրել շտապօգնության մեքենային:
«Քարվաճառում զինծառայողը ոտքի բեկորային վիրավորում՝ բաց կոտրվածք էր ստացել, այդ պահին փորձել եմ հիշել համալսարանում ձեռք բերած գիտելիքներս, որ կարողանամ օգնեմ վիրավորին: Իսկ նոյեմբերի 16-ին, պատերազմն արդեն ավարտվել էր, մարտական հենակետում էինք, երբ զինվորական ավտոմեքենան մոտ 150 մ գլորվեց ձորը: Փրկարարներից 40 րոպե պահանջվեց հասնելու դեպքի վայր: Օգնել ենք տղային, բարձրացրել վերև և ճանապարհել բուժկենտրոն»,- ապագա բժիշկը հիշում է՝ որպես բուժակ կատարած աշխատանքը:
Նա ժամկետային զինծառայությունն անցկացրել է Տավուշում, ավարտել այն 2019-ին: Զինծառայության ընթացքում Էրիկ Աբրահամյանն արժանացել է 3-րդ բանակային կորպուսի լավագույն դասակի հրամանատարի տեղակալ կոչմանը:
Ապագա բժիշկը մարտադաշտում շատ ընկերների է կորցրել, նաև համակուրսեցուն՝ Սամվել Գասպարյանին:
«Նա նպատակասլաց էր, շատ ծրագրեր ուներ, որոնք, ցավոք, կիսատ մնացին: Նպատակ ուներ դառնալ լավ բժիշկ: Ճիշտ է՝ շատ քիչ սովորեցի նրա հետ, ընդամենը մեկ կիսամյակ, բայց հասցրեցի ճանաչել նրան: Ընկերացանք կարճ ժամանակում»,-պատմում է Էրիկ Աբրահամյանը:
Պատերազմը նրա կյանքում ևս շատ բան է փոխել, նշում է, որ կյանքում շատ հարցերի սկսել է նայել ավելի լուրջ ու խորը: Որոշել է ընտրել առողջապահության կազմակերպիչ մասնագիտացումը:
Ապագա բժիշկը շնորհակալություն է հայտնում բժշկական մայր բուհին, այն բոլոր դասախոսներին, որոնք պատերազմի ժամանակ ու նաև հետո առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերել իր՝ կյանքի ու մահվան սահմանագծին կռիվ տված իրենց ուսանողի նկատմամբ: