Դիմածնոտային վիրաբույժ Ռաֆիկ Շահպարոնյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտն ավարտել է 2014 թվականին: Նա այժմ դասախոսում է հարազատ բուհում, նաև շուրջ երկու տարի ղեկավարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Պլաստիկայի և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:
«Եթե չսիրես մասնագիտությունը՝ չես կարող աշխատել: Ձեռքբերումները, որոնք ունեցել եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում, նաև իմ թիմի շնորհիվ, ապացուցում են, որ մենք մեր մասնագիտությունը սիրում ենք և չենք սխալվել բժշկի մասնագիտության ընտրության հարցում: Միայն, թե հուսանք, որ մեր մասնագիտական կարողություններն ու հմտություններն այսուհետև կկարողանանք կիրառել խաղաղ երկնքի տակ: Եվ ինչպես հիմա, մինչև 44-օրյա պատերազմն էլ հիմնականում զբաղվել ենք էսթետիկ և պլաստիկ միջամտություններով, առողջ մարդկանց էլ ավելի գեղեցկացնելով, կշարունակենք նման ոճով, ոչ թե Աստված մի արասցե, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած դեպքերով»,-ընդգծում է ԵՊԲՀ դասախոսը:
Նա ծնունդով Գյումրիից է: Այս տարի ավարտել է նաև բժշկական մայր բուհի Հանրային առողջության ֆակուլտետի և «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը: Բժիշկն ընդգծում է, որ նույնիսկ ակտիվ վիրահատական պրակտիկան, վիրաբուժական գործունեությունը չպետք է խոչընդոտի մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ու համալրմանը:
44-օրյա պատերազմի ընթացքում Ռաֆիկ Շահպարոնյանն ու նրա գործընկերները վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել Վարդենիսի կայազորային հոսպիտալում, ղեկավարել դիմածնոտային ծառայությունը:
«Տեղեկանալով, որ դիմածնոտային մասնագետների կարիք կա, մեկնել ենք այնտեղ, բուժօգնություն ենք ցուցաբերել մինչև պատերազմական գործողությունների վերջին օրը: Մեր բաժանմունքի բժիշկներն ու կրտսեր գործընկերները՝ կլինիկական օրդինատորները, ևս մեզ հետ էին, փորձում էինք ամեն ինչ անել՝ առաջնագծում վիրավորված զինծառայողներին անհրաժեշտ, պատշաճ, որակյալ բժշկական օգնություն ցույց տալու, նրանց կյանքը փրկելու համար»,-նշում է Ռաֆիկ Շահպարոնյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն Ապրիլյան քառօրյայի, որի ժամանակ ինքը կլինիկական օրդինատոր էր և աշխատում էր Գորիսի հոսպիտալում, 44-օրյա պատերազմի հետևանքով տղաները ստացել են հիմնականում բեկորային վիրավորումներ, վնասվածքներ: Վիրահատությունները կազմակերպվել են տեղում՝ Վարդենիսի կայազորային հոսպիտալում: Բուժօգնությունից հետո վիրավորներին տեղափոխել են Երևան: «Մեր հոսպիտալը ընդհանուր օղակների մեջ տարանցիկ կետ էր, ցուցաբերում էինք այնպիսի բուժօգնություն, որն այդ պահին հրատապ էր համարվում: Հոսպիտալի գործիքային ու մասնագիտական հագեցվածությունը բարձր մակարդակի էր: Ինչ-որ պակասում էր անմիջապես համալրվում էր, թե մեր անձնական միջոցներով, թե մեր գործընկերների շնորհիվ: Իրականացնում էինք առաջին բուժօգնությունից հետո տարանցիկ օղակում կատարվող վիրահատություններ, բացառություն էին կազմում դեպքերը, երբ առկա էին այդ ընթացքում առաջացող երկրորդային արյունահոսություններ»,-ասում է դիմածնոտային վիրաբույժը:
Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ ոչ միայն դիմածոնտային, յուրաքանչյուր պրոֆիլի մասնագետն էլ արել է ամենը, ինչ պահանջվել է՝ անկախ իր մասնագիտությունից, անկախ նրանից գտնվել են առաջնագծում, թե երկրորդ օղակի հոսպիտալում:
«Մանավանդ, ցավոք, վիրավորների նման մեծ հոսքի դեպքում նեղ մասնագիտացումն անցնում է երկրորդ պլան, այն մարդիկ, ովքեր գնացել են օգնելու և իրենց մասնագիտական պարտքը կատարելու, անում են ամենը, ինչ այդ պահին պահանջվում է՝ սկսած պատգարակը կրելուց, վերջացրած դիմածնոտային վիրաբույժին օգնելով»,-ամփոփում է ԵՊԲՀ շրջանավարտը: