Էմիլիա Մելոյանը ԵՊԲՀ այն շրջանավարտներից է, որը բժշկական կրթությանը զուգահեռ, որպես մասնագետ թրծվել է նաև կլինիկական մթնոլորտում: 2010-ին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Երկու տարի անց հանրապետության խոշոր բժշկական կենտրոններից մեկում սկսել է բժշկական հմտություններ ձեռք բերել, իսկ 2017 թվականից ՝ արդեն աշխատել է անզգայացման բաժանմունքում։
«Ուղիղ տասը տարի առաջ ընդունվել եմ բժշկական համալսարան անվճար՝ ցուցակում առաջին 10-այակի մեջ էի: Շարունակել եմ կրթությունս անվճար համակարգում: 2018 թվականին ընդունվել եմ քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական օրդինատուրա՝ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Նունե Նահապետյանի և հմուտ օտորինոլարինգոլոգ և դասախոս Ավետիք Մինասյանի ղեկավարությամբ»,- պատմում է ԵՊԲՀ շրջանավարտը, որը կլինիկական օրդինատուրայի երկրորդ տարվա կեսին, որպես կամավոր, ակտիվ մասնակցել է Covid-19-ը համավարակի կանխարգելման գործին, ինչպես նաև ներգրավվել է պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների բուժական և վերականգնողական աշխատանքներին ՝ բաժանմունքի այլ օրդինատորների հետ միասին։
«Հետագայում՝ չարաբաստիկ վարակին գումարվեց նաև պատերազմը և մենք էլի նույն կազմով՝ կամավոր, այս անգամ սկսեցինք օգնություն ցուցաբերել վիրավոր զինծառայողներին: Մասնակցություն եմ ունեցել նաև զինծառայողների համար անհրաժեշտ պարագաներ հավաքագրելու և Արցախ ուղարկելու գործին»,- հիշելով նախորդ տարվա իրադարձությունները՝ նշում է Էմիլիան:
Նրա գնահատմամբ՝ ճերմակ համազգեստ կրող մարդիկ անչափ պատասխանատու աշխատանք են կատարում, քանի որ բժշկի մարդասիրական մասնագիտությունը նաև կոչում է, նվիրական առաքելություն:
«Մասնագիտական կողմնորոշման հարցում մեծ դեր է ունեցել մայրս, ընթացքում համոզվել եմ, որ դա լավագույնն էր, որ նա կարող էր ընտրել ինձ համար: Շարունակելու եմ ամեն գնով անմնացորդ նվիրվել մասնագիտությանս։ Շատ լավ եմ գիտակցել, որ ճանապարհ հարթելու համար պետք է շատ ուժ ու համբերություն ներդնել: Քանի որ մայրս երկար տարիների փորձ ունեցող անզգայացման և վերակենդանացման բժիշկ է, խորհուրդ տվեց բժշկության հետ ծանոթանալ վերակենդանացման բաժանմունքից»,- նշում է բժիշկը՝ հավելելով, որ բավական դժվար ու անհաղթահարելի թվացող օրեր է անցկացրել՝ հենց վերակենդանացման բաժանմունքում:
«Կարծես ամեն հիվանդի հետ մահանում ու վերակենդանանում էի ՝ մինչև հաշտվեցի այն մտքին, որ պիտի սովորեմ լինել հոգեպես կայուն՝ բժիշկ դառնալ և մարդկանց օգնելու համար: Շուրջ երկու տարի վերակենդանացման բաժանմունքում գիտելիքներ ձեռք բերելուց հետո՝ տեղափոխվեցի անզգայացման բաժանմունք այն նպատակով, որ ավելի մոտ լինեմ վիրաբուժությանը և այնտեղ էլ աշխատեցի մոտ 3 տարի՝ որպես բուժքույր-անեսթեզիստ, որից հետո սկսվեց իմ շատ ավելի դժվար, բայց ղեկավարներիս շնորհիվ շատ հետաքրքիր կլինիկական օրդինատուրայի տարիները»,- եզրափակում է Էմիլիան:
Այժմ նա աշխատում է իր նեղ մասնագիտությամբ՝ կերտելով մասնագիտական ուղին, նպաստելով տասնյակ բուժառուների ապաքինմանն ու հստակ գիտակցումով, որ բժիշկը պետք է լինի անկոտրում՝ անկախ եղանակից, ժամանակից և իրավիճակից։