Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատորը բժշկի աշխատանքում կարևորում է սառնասրտությունը

Կլինիկական օրդինատորը բժշկի աշխատանքում կարևորում է սառնասրտությունը

ԵՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Արթուր Ղարիբյանը օրդինատուրան անցնում է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Սովորողը խոստովանում է, որ բժիշկ դառնալու որոշումը վաղուց է կայացրել, երբեք չերկմտելով մասնագիտության ընտրության հարցում. «Այնպես չէ, որ պատերազմն այդ առումով որևէ բան փոխեց իմ կյանքում: Վաղուց եմ ցանկացել բժիշկ դառնալ»:

Արթուր Ղարիբյանը ծնունդով Գյումրիից է: 44-օրյա պատերազմի օրերին նա աշխատել է զինվորական հոսպիտալում:

«Մինչև հոկտեմբերի կեսը եղել եմ «Մուրացան» հոսպիտալում, գրեթե տուն չեմ գնացել: Այնուհետև մեկնել եմ Վարդենիսի հոսպիտալ՝ օգնելու վիրավոր զինծառայողներին»,-պատմում է կլինիկական օրդինատորը:

Նրա խոսքով, նման ծանր ու դժվար պայմաններում աշխատում էր առաջին անգամ: Եղել են ժամանակներ, որ կրակոցների հետևանքով հոսպիտալում լարված իրավիճակներ են ստեղծվել, բայց նման ծավալի դեպքեր, ըստ Արթուր Ղարիբյանի, իր պրակտիկայում չեն եղել: Նա ընդգծում է, որ տարբեր բժիշկների, դիմածնոտային վիրաբույժների կարիք ևս շատ կար:

«Հրազենային վնասվածքները շատ էին: Դիպուկահարների կրակոցների, ականների պայթյունների հետևանքով զինծառայողները ստացել էին ծանր վիրավորումներ, և ակնաբույժների, դիմածնոտային վիրաբույժների և բոլոր բժիշկների աշխատանքը լարված էր: Վիրավոր տղաներին կայազորային հոսպիտալներից մեզ մոտ էին բերում, մենք վիրահատում էինք»,- նշում է կլինիկական օրդինատոր Արթուր Ղարիբյանը:

Վարդենիսի հոսպիտալում ևս նա ավագ գործընկերների հետ ջանք չի խնայել՝ կյանքեր փրկելու համար:

«Լինում էր, որ հենց առաջին օգնություն էինք ցուցաբերում: Եթե ծանր դեպք էր, չէինք տեղափոխում, միանգամից վիրահատում էինք վիրավորին: Պատրաստ էի ամեն տեղ լինել, նաև՝ Արցախում»,-ասում է կլինիկական օրդինատորը և խոստովանում, որ վիրավոր տղաների շրջանում ձեռք է բերել շատ ընկերներ. «Ամենակարևորը՝ կոտրված չէին տղերքը: Հայի տեսակն է՝ չկոտրվելը»:

Արթուր Ղարիբյանի փոխանցմամբ, այդ օրերին, ռազմական գործողությունների էպիկենտրոնում, թե թիկունքում, յուրաքնաչյուրի համար ամենակարևորը սառնասրտությունը պահպանելն էր, զգացմունքներին չտրվելը, անգամ շտապ քայլերից առաջ «սառը գլխով» երկար մտածելը, քանի որ ամեն քայլը կարող էր ճակատագրական լինել»,-նշում է Արթուր Ղարիբյանը: