Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմական բժշկից մինչև դիմածնոտային վիրաբույժ ուղին բարդ էր, բայց տվեց անփոխարինելի փորձ, ռազմական և բժշկական խորը գիտելիքներ

Բժշկական տարբեր ֆակուլտետներում կրթություն ստացող շրջանավարտները, թրծվելով բժշկագիտության 100-ամյա դարբնոցում, շարունակում են իրենց մասնագիտական և մարդկային առաքելությունը՝ տարածելով հերացիական լինելու բարձր պատիվը հանրապետությունում և հայրենիքի սահմաններից դուրս:

 Մասնագիտական և շարունակական կենտրոնի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի օրդինատոր Կառլեն Հակոբյանը ծնվել ու մեծացել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ Դպրոցում սովորել է գերազանց, դեռ մանկուց իրեն հետաքրքրել է մարդու հետ կապված ամեն ինչ՝ ֆիզիոլոգիան, առողջությունը, նաև հիվանդությունները։

 «Երբ առաջին դասարանն ավարտում էինք մեզ բաժանված «երազանքի թղթի» վրա նշել էի, որ ուզում եմ դառնալ բժիշկ։ Որոշ ժամանակ անց մոռացել էի այդ թղթի մասին։ Տասը տարի անց, երբ այդ թուղթը բացեցի, հասկացա, որ ցանկությունս չի փոխվել, ավելին` ցանկությունս այնքան մեծ էր, որ այն դարձավ նպատակ։ Նախքան բժշկական համալսարան ընդունվելը, ավարտելով դպրոցը, սովորել եմ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում։ Այնուհետև որոշում կայացրի, որ պետք  է ստանամ  նաև բարձրագույն բժշկական կրթություն»,- պատմում է Կառլենը։

 Արդեն զորակոչային տարիքում էր, իսկ քանի որ բժշկական համալսարանում  ուսում ստանալու որոշումը հստակ էր, ցանկանում էր լինել նաև զինծառայող, հասկացավ, որ Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվելով, կարող է համատեղել, ըստ իրեն, տղամարդու համար ամենակարևոր երկու մասնագիտութունները:

 «Ռազմաբժշկական ֆակուլտետը ինձ վերաձևավորել է որպես  անհատականություն բոլոր առումներով, ինձ տվել է անփոխարինելի փորձ, ռազմական և բժշկական խորը գիտելիքներ, որոնք փայլուն ձևով կիրառում եմ կյանքում, հստակ մտածելակերպ և աշխարհայացք, որը մեծամասամբ բխում է հենց ռազմաբժշկական գաղափարախոսությունից` օգնել, փրկել և հայրենիքին ծառայել։ Առհասարակ ռազմաբժշկական ֆակուլտետը մի մեծ, ջերմ ընտանիք էր, որտեղ մեզ կրթած զինվորականները ուրույն և անջնջելի տեղ ունեն իմ կյանքում, քանի որ ամեն ինչի ճիշտ հիմքը է դրվել հենց նրանց կողմից»,- ասում է ԵՊԲՀ շրջանավարտը:

 Բուհում են անցել նրա կյանքի շրջադարձային ու հիշարժան օրերը, այստեղ է ձեռք բերել ուսանողական ընկերներ, որոնք դարձան նաև մարտական ընկերներ: Բուհում է հանդիպել իր ապագա կնոջը, որը ևս մասնագիտությամբ բժիշկ է` մանկական ստոմատոլոգ։

 «Բուհում եմ առաջին անգամ հասկացել, թե ինչ է նշանակում պատերազմ, քանի որ քառօրյա պատերազմի ժամանակ մենք դեռ հոսպիտալում ուսանող էինք, և այդ ժամանակ եմ առաջին անգամ տեսել վիրավոր զինվորի աչքերի խիզախությունը։ Ես իմ կյանքում կատարած որևէ  ընտրության հարցում չեմ կասկածել երբեք, որպես ռազմական բժիշկ` առավելևս, նույնիսկ այն ժամանակ, երբ պատերազմի դաշտում էի։ Որքան էլ բարդ լիներ այս կոչումով ապրելը, այնուամենայնիվ ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ աշխատանքին»,- նկատում է ռազմական բժիշկը:

 Պատերազմը Կառլենի կյանքը կիսել է երկու մասի՝  «մինչև» և «հետո»: 2018 թվականից ծառայում էր Արմավիրի ուսումնական զորամասում՝ որպես բուժկետի բժիշկ, 2020 թվականի սեպտեմբերին 11-ին նշանակվել է Սիսիանի զորամասում՝ որպես բժիշկ։

 «Սեպտեմների 27-ի առավոտյան ժամը 7֊ին նորից զանգ ստացա և ծանր լուր, որ պատերազմ է, պետք է շտապ գնալ զորամաս…այդ շրջանում մենք զբաղվում էինք մոբիլիզացիոն ուժերի բուժզննմամբ, կարծես թե ավելի հեռվից էինք մասնակցում պատերազմին, ծանր էր դա գիտակցել։ Հոկտեմբերի 6֊ին առավոտյան կնոջս նույնպես ճանապարհեցի Երևան և մեր զորքի հետ մեկնեցի ռազմաճակատ,  հոկտեմբերի 6֊ի լույս 7-ի գիշերը, հասկանում էինք, որ գնում ենք մի տեղ, որտեղ մեզ սպասում են ամենաշատը, քանի որ պատերազմի ժամանակ բժշկի ներկայությունը զինվորներին տալիս է ուժ, հույս, վստահություն, որ ցանկացած իրավիճակում իրենց համար բոլորը կանեն հնարավորն ու անհնարը»,- հիշում է Կառլեն Հակոբյանը` շարունակելով, որ ամբողջ կյանքում կհիշի այդ գիշերը, երբ ավտոշարասյունը Սիսիան քաղաքից դուրս էր գալիս, ողջ քնած քաղաքը արթնացել էր, իրենց ճանապարհեց գնդի նվագախումբը, պատուհանից նայող  մարդիկ ծափահարում էին, ոգևորում:

 Արցախ հասնելով՝  ընկան հրետակոծության տակ և ունեցան առաջին վիրավորները, արագ դիրքավորվեցին, սկսեցին կազմակերպել իրենց աշխատանքը։ Հիմնականում զբաղվում էին վիրավորների տարհանմամբ, տեղափոխմամբ տարբեր հոսպիտալներ. «Պետք է խոստովանեմ, որ  հոսպիտալի անձնակազմը հպարտանում էր մեր աշխատանքով, մենք էլ` իրենց, առհասարակ այնտեղ  բոլորը բոլորին օգնում և ուժ էին տալիս։ Հիմնականում եղել եմ Կարմիր շուկայում, հետո` Ֆիզուլիում: Ամենակարճ ժամանակահատվածում բոլորս փորձում էինք անել ամենաարագ միջամտությունները մեկ զինվորի կյանքը փրկելու, մյուսին տեղափոխելու, երրորդին առաջին օգնություն ցույց տալու համար, քանի որ ոչ մի բժիշկ չի կարող համակերպվել մահվան հետ, որքան էլ, որ դա պատերազմի ընթացքում պատահում էր ամեն պահ, այնուամենայնիվ յուրաքանչյուրս մի պահ մահանում էինք ամեն զինվորի հետ, մյուս փրկված զինվորի հետ` վերածնվում: Համակերպվել էինք այն մտքի հետ, որ ողջ չենք վերադառնալու, բայց, ամեն րոպե տեսնելով զինվորների  կամքի ուժը, հասկանում էինք՝ մահվան մասին մտածելու ժամանակ չունենք: Դժվար էր, իհարկե․ պատերազմները հեշտ չեն լինում»:

Ռազմի դաշտում Կառլեն Հակոբյանը եղել է մինչև հոկտեմբերի 14-ը, այդ օրը վիրավորում է ստացել,  իրեն տեղափոխել են Ստեփանակերտ, ապա՝ Երևան: Բուժման և վերականգնողական փուլերը երկար տևեցին, չնայած ցանկությունը մեծ էր հնարավորինս շուտ նորից վերադառանալու։  Բուժումն ավարտելուց հետո կրկին վերադարձել է ծառայության նույն զորամասում արդեն հրադադարի պայմաններում։ «Դժվար էր վերադառնալը, քանի որ ունեինք զոհված, ծայրահեղ ծանր վիրավորում ստացած բժիշկներ, բուժանձնակազմը ամբողջական չէր այլևս»,- ցավով հիշում է Կառլենը։

 Այժմ ծառայությունը շարունակում է արդեն ոչ միայն որպես բժիշկ, այլև որպես եղբայր, խորհրդատու, հոգեբան։

 Իր գնահատմամբ` պատերազմը ավելի շատ ոչ թե փոխեց իրեն, այլ հնարավորություն տվեց հասունացնել այն զգացողությունները, որոնք գուցե պիտի լինեին դեռ մի քանի տասնամյակ հետո: Իր մեջ ամեն օր ամրանում է  հայրենասիրությունը, հաճախ է լինում Եռաբլուրում, ամեն անգամ այլ հոգեվիճակով է լինում այնտեղ, բայց նույնն  է մի բան՝ համոզմունքը, որ պետք  ապրենք միայն ու միայն մեր երկրում, հերոսների կողքին:

  Առողջական խնդիրների պատճառով 2021 թվականի մայիսին զորացրվեց։ Գիտեր, որ չի հեռանալու իր մասնագիտությունից ու  որոշեց ընդունվել և շարունակել հետբուհական կրթությունը։ Աշխատանքի բերմամբ շատ հաճախ է հանդիպել գլխի, դիմածնոտային շրջանի վիրավորումով զինվորների և որոշեց այս անգամ ընտրել դիմածնոտային վիրաբույժի մասնագիտությունը։

 «Ցավալի է, բայց գիտակցում եմ, որ մենք ապրում ենք պատերազմող երկրում, ապահովագրված չենք այդ արհավիրքից և քանի որ ինչպես ասում են «եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի», վստահ եմ՝ անհրաժեշտության դեպքում գիտելիքներս և փորձս կծառայեցնեմ հայրենիքիս»,- եզրափակում է ապագա դիմածնոտային վիրաբույժը։

 Կյանքում որևէ կարգախոսով չի առաջնորդվում,  բայց որպես բժիշկ սկզբունք ունի. «Եթե չես կարող օգնել, մի վնասիր»։

 Հետաքրքրությունները շատ են, սիրում է անընդհատ նոր բան սովորել, ստեղծել:  Զբաղվում է այգեգործությամբ, բնությունը, հողը իրեն ուժ են տալիս, բնությունն օգնում է մտածել, կիսվել, արարել, վայելել ստեղծածը։  Երիտասարդ մասնագետի հետագա ծրագրերը մեծամասամբ կապված են  մասնագիտության հետ։ Մասնագիտանում է նաև մանկական դիմածնոտային վիրաբուժության մեջ, շատ է շփվում բնածին արատներ ունեցող երեխաների հետ և մեծ ցանկություն ունի մանկական առողջության կենտրոն ստեղծելու, որը կլինի փոքրիկների համար նաև խնամքի, հանգստի կենտրոն՝ պատկերացնելով, որ այն լինելու է բնության գրկում՝ մի տեղ, որտեղ ինքը իրեն հանգիստ է  զգում: