Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռեանիմացիայից հետո ապրել տենչացող ուժեղների աչքերը տեսնելով ապագա բժիշկը մոռացել է հոգնածության մասին

Ռեանիմացիայից հետո ապրել տենչացող ուժեղների աչքերը տեսնելով ապագա բժիշկը մոռացել է հոգնածության մասին

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում կենտրոնացավ ապագա բժիշկ Գուրգեն Մելքոնյանի աշխատանքը համավարակի օրերին:   Այդ ժամանակ սովորում էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում, նախքան այդ՝ դեղատանն աշխատելուց բացի, արդեն մի տարուց ավելի աշխատում էր շտապօգնությունում որպես բուժակ: Համատեղելով երեք աշխատանք, պատերազմի երկրորդ օրն արդեն կամավոր սկսեց մասնակցել վիրավորների տեղափոխմանը Արցախից ու Գորիսից Երևան, ինչպես առողջապահական գերատեսչության  կամավոր բժիշկների հետ, այնպես էլ շտապօգնության ծառայության բրիգադի կազմում։ Գուրգենը մեծացել է բժիշկների միջավայրում, ինչը մեծ դեր ունեցավ մասնագիտություն ընտրելու ժամանակ առանց երկար մտածելու ընտրել բժշկությունը։ Լավ բժիշկ դառնալու համար, կարծում է, պետք է լինել և՛ լավ հոգեբան, և՛ ունենալ գիտելիքների վրա հիմնված հարուստ փորձ, նաև սառնասրտության որոշակի չափաբաժին:

«Բավականին փորձառու էի ու գիտեի, որ պետք կգամ անձնակազմին, դրա համար հենց հայտարարվեց, որ պետք են կամավորներ ռեանիմացիայում հերթապահելու համար՝ անմիջապես դիմեցի ու ընդունվեցի։ Պատերազմի ժամանակ արդեն 6-րդ կուրսում էի։ Սեպտեմբերի 27-ին կանգնեցի դժվար ընտրության առջև․ քովիդի բաժանմունքը թողնելու մասին նույնիսկ չէի մտածում, քանի որ ի սկզբանե գնացել էի այնտեղ օգնելու, իմ լուման ներդնելու՝ գիտակցելով բոլոր դժվարություններն ու ռիսկերը»,- պատմում է Գուրգենը:

Կամավորագրվելով Արցախ մեկնող բժիշկների կազմում՝ մի օր մեկնում էր Ստեփանակերտ, հաջորդ օրը հեթապահում էր Covid բաժանմունքի ռեանիմացիայում, երրորդ օրն էլ իր հիմնական աշխատանքն էր կատարում և շտաբօգնության բրիգադի կազմով գնում էր Արցախ կամ Գորիս։

«Հոգնածությունն աննկարագրելի մեծ էր, գիշեր-ցերեկ հասկացողությունները խառնվել էին իրար, բայց ադրենալինի մշտական նորացվող չափաբաժինը բարձր էր պահում հարաբերական առողջ օրգանիզմիս տոնուսը, իսկ երբ Ստեփանակերտից տեղափոխվող ծանր վիճակում գտնվող տղերքը մի բան էլ հումոր էին անում, երբ ռեանիմացիայից հետո տեսնում էիր ապրել տենչացող ուժեղների աչքերը՝բացարձակ կորչում էր ամեն հոգնածություն ու երկրորդ, երրորդ շնչառություն էր բացվում»,- անցած օրերը հիշելով ասում է ԵՊԲՀ ուսանողը:

Պատերազմի ընթացքում հիմնականում առնչվել է իր համար անսովոր վերքերի, վիրավորումների հետ, որոնցից ամեն մեկը նախորդներից էականորեն տարբերվում էր և յուրաքանչյուրը կարծես նոր մարտահրավեր լիներ, ինչը հնարավոր էր լինում հաղթահարել, իր բնորոշմամբ,  մեկ գիտելիքի, մեկ փորձի, մեկ ավելի փորձառուների խորհուրդների շնորհիվ, որոնք օգնում էին արագ և ճիշտ որոշումներ կայացնել։

ԵՊԲՀ բարձր կուրսի ուսանողը ՀՀ առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել է  ռազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին անմնացորդ ծառայության համար: