ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի համաշխարհային օրը` բժշկական բուհում

ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի համաշխարհային օրը` բժշկական բուհում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը նշվում է դեկտեմբերի 1-ին, որովհետև 1988 թվականին` այդ օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագիրը (UNAIDS) առանձնացրին որպես հնարավորություն՝

  • բարձրացնելու տեղեկացվածությունը ՄԻԱՎ-ի մասին,
  • աջակցելու վիրուսով ապրող մարդկանց,
  • հիշելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատճառով մահացածներին,
  • խթանելու կանխարգելման, բուժման և հետազոտության ծրագրերը։

Բժշկական բուհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա շրջանակում անցկացվեց ուսանողական հանդիպում-քննարկում:

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը բացման խոսքում ընդգծեց, որ ՄԻԱՎ-ի համաշխարհայիւն օրն առաջիններից է` որպես ԱՀԿ գլոբալ նախաձեռնություն, որը նշվում է իրազեկվածությունը բարձրացնելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանը և ժխտողականությունը նվազեցնելու և, ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ գիտելիքը տարածելու նպատակով:

Կարմիր ժապավենը (Red Ribbon) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային խորհրդանիշն է։ Այն ունի հետաքրքիր պատմություն․

Ինչու հենց կարմիր ժապավեն։ Կարմիր գույնը խորհրդանշում է՝

  • սեր և համերաշխություն,
  • արյուն, որն ուղղակիորեն կապ ունի վիրուսի փոխանցման հետ,
  • ուժ և պայքար այս համավարակի դեմ։
  • ժապավենի ձևը ընտրվել է, քանի որ այն հեշտ է կրել և մասնակից դառնալ համերաշխության շարժմանը։

Ամեն տարի դեկտեմբերի 1-ը նշվում է  որպես մարդու իմունային անբավարարության վիրուսային (ՄԻԱՎ) վարակի դեմ պայքարի համաշխարհային օր:  2025թ.-ին այն նշվում է «Հաղթահարել խոչընդոտները, վերափոխել ՄԻԱՎ-ի արձագանքման միջոցառումները» խորագրով` կոչ անելով պահպանել քաղաքականության առաջնահերթությունը, միջազգային համագործակցությունը և մարդու իրավունքները ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումներոում:

ՄԻԱՎ վարակը շարունակում է մնալ հանրային առողջության գերխնդիր ամբողջ աշխարհում՝ խլելով շուրջ 42.3 միլիոն մարդու կյանք: Ըստ ԱՀԿ գնահատման՝ 2024թ.-ին աշխարհում 40.8 միլիոն մարդ համարվում է ՄԻԱՎ-ով վարակված:   Գնահատվել է նաև, որ 2024թ.-ի ընթացքում  աշխարհում 1.3 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, իսկ 630000-ը` մահացել  ՄԻԱՎ-ի բարդություններից:

Կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին լուրջ մարտահրավեր է դարձել ՄԻԱՎ-ի դեղակայուն տեսակների տարածվածությունը, ինչը հարաճում է վարակվածների բուժման  ընդգրկվածության ընդլայնմանը զուգահեռ:

Համաձայն պաշտոնական հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում 1988թ.-ից մինչև 2025թ. սեպտեմբեր արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 6522 դեպք, որից 70%-ը տղամարդկանց, 30%-ը՝ կանանց շրջանում։ Նույն ժամանակահատվածում ՁԻԱՀ-ի դեպքերը եղել են 2915, իսկ մահվան դեպքերը՝ 1455: Կարևոր է նշել, որ 0-14 տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 90 դեպք, ՁԻԱՀ-ի 47  և մահվան 12 դեպքեր։ Ներկայումս ՄԻԱՎ ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է 5067  (հաշվարկային թիվը՝ 7300), որոնցից հակառետրովիրուսային բուժում են ստանում 4192 հիվանդներ: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի մակարդակները 2025թ․ դրությամբ կազմել  են 76%, 80% և 86%:

Հիշեցնենք, որ վարակի աղբյուրը ՄԻԱՎ-ով վարակված մարդն է, վիրուսը փոխանցվում է ՄԻԱՎ-ով վարակված անձի կեսահեղուկների՝ արյան, կրծքի կաթի, սերմնահեղուկի և հեշտոցային արտազատուկի միջոցով, ինչպես նաև՝ մորից պտղին:

Հատկանշական է, որ Հայաստանում 2025թ․-ին գրանցված նոր դեպքերի գերակշռող մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է՝ 81.6%, այնուհետև` հոմոսեքսուալ հարաբերությունները՝ 13%, թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 4.4%, մորից երեխային փոխանցումը՝ 0.5% և անհայտ` 0.5%:

Կարևոր է ընդգծել, որ ՄԻԱՎ-ը կանխարգելելի հիվանդություն է, ուստի առաջարկվում է՝

  • օգտագործել պաշտպանիչ միջոցներ պատահական սեռական հարաբերությունների դեպքում,
  • ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություններ, հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում,
  • կամավոր բժշկական արական թլփատում,
  • իրազեկում միանվագ ներարկիչների օգտագործման վերաբերյալ,
  • արյան, սերմնահեղուկի և օրգանների դոնորների, հղիների հետազտություն,
  • բժշկական կամակերպություններում պատշաճ հակահամաճարակային ռեժիմի պահպանում,
  • նախա և հետկոնտակտային կանխարգելում հակառետրովիրուսային դեղերի կիրառմամբ: Հետազոտությունները փաստում են, որ ազդեցությունից հետո 72 ժամվա ընթացքում ՀԿԿ-ի իրականացման դեպքում ՄԻԱՎ-ի ձեռք բերման ռիսկը նվազում է 81%-ով:

Բժշկական բուհում անցկացված մասնագիտական քննարկման ընթացքում առաջին զեկուցողը Համաճարակաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Հասմիկ Հովսեփյանն էր, որը ներկայացրեց ՄԻԱՎ-ի պատմությունը և ընդհանուր իրավիճակն աշխարհում: Խոսելով այն մասին, թե ինչ է ՄԻԱՎ-ը` համալսարանական մասնագետը նշեց, որ այն վիրուսային հիվանդություն է, որի պաթոգենեզի հիմքում իմունային անբավարարությունն է, ինչի հետևանքով զարգանում են մի շարք օպորտունիստական վարակներ և ուռուցքային գործընթացներ: Հասմիկ Հովսեփյանն անդրադարձավ ՄԻԱՎ տիպերին և դրանց առանձնահատկություններին, մեջբերեց ԱՀԿ 2024 թ. տվյալները, որոնց համաձայն` ամենատուժած տարածաշրջանը համարվում է Աֆրիկան, որտեղ գրանցվում է նոր դեպքերի շուրջ 50%-ը, խոսեց նաև ՄԻԱՎ-ի համաճարակաբանական առանձնահատկութունների, փոխանցման մեխանիզմների, ընկալունակության, կլինիկական ախտանիշների մասին և ամփոփեց զեկույցը կանխարգելման հիմնական միջոցառումներով:

Համաճարակաբանության ամբիոնի մագիստրոս Նելլի Ղահրամանյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով պայմանավորված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում: Նրա փոխանցմամբ` 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 364 դեպք, ՁԻԱՀ-ի 130 դեպք, մահվան` 81 դեպք: Նելլի Ղահրամանյանը ցուցադրեց ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի (1988-2024թթ.) հարաբերական բաշխումն ըստ մարզերի` 100 հազար բնակչի հաշվով.

Շիրակի մարզ` 301 դեպք,

Լոռու մարզ` 274 դեպք,

Գեղարքունիքի մարզ` 250 դեպք:

Համալսարանականն անդրադարձավ նաև հետկոնտակտային կանխարգելմանը (ՀԿԿ), որը տրամադրվում է ՄԻԱՎ-ի հետ մասնագիտական և ոչ մասնագիտական շփման ենթարկված անձանց:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներ Աշխեն Հակոբյանի և Հայկազ Թորոսյանի համատեղ զեկույցը վերաբերում էր Հայաստանում և այլ երկրներում ՄԻԱՎ-ի գրանցված ցուցանիշներին և դրա դեմ պայքարի մեխանիզմներին: Մասնավորապես` անդրադարձ կատարվեց հիվանդության տարածվածությանը մեր և մի քանի այլ երկրներում: «Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը համեմատաբար ցածր է: 15-49 տարեկանների մոտ այն մոտ 0.4% է: Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ երկրում վիճակը վերահսկվող է», – ընդգծեց Հայկազ Թորոսյանը:

Աշխեն Հակոբյանը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնությունում ախտորոշումը բավականին ուշանում է, որովհետև մարդկանց` բժշկին դիմելիությունը շատ ուշ է լինում: Ապագա բժիշկների փոխանցմամբ` համեմատական կարգով լավ ցուցանիշներ են գրանցվել Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում, ինչն առողջապահական համակարգի հետևողական աշխատանքի արդյունք է, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտ 1.2 միլիոն մարդ է ապրում ՄԻԱՎ-ով, և նոր վարակների 67%-ը կազմում են նույնասեռական հարաբերությունները:

Պրոֆեսոր Տեր-Ստեփանյանն ամփոփեց արդյունավետ քննարկումը` հիշեցնելով, որ դեռևս 2016 թվականին Հայաստանը հավաստագրվեց որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ուղղահայաց փոխանցումն ընդհատած երկիր: