Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Ռազմաբժշկության ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին դիմավորեցին ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև շնորհավորական խոսք հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Դուք գտնվում եք մի բուհում, որը 100 տարվա պատմության մեջ եղել է մեր ժողովրդի պաշտպանը: Ես խնդրում եմ խորը գիտակցությամբ լցվեք, այս տանիքի ներքո սովորել են, պատրաստվել են, աշխատել են և շարունակում են աշխատել մարդիկ, որոնք օր ու գիշեր կանգնած են եղել ձեր պապերի, ձեր ծնողների կողքին, ձեզ նորածին տեսել: Բժշկական համալսարանում կարևորագույն մոտեցումներ կան, որոնք ձեզ համար առաջին իսկ օրվանից կլինեն հասանելի: Յուրաքանչյուրդ կարող եք ձեր նկրտումներով, գիտական պրպտումներով, մոտեցումներով հանգիստ դիմել ավագ ընկերներին: Դուք կարող լինել ակտիվ, միևնույն ժամանակ կարգապահ, հարգանքով լի, պատասխանատվության բարձր զգացողություն ունենալ: Խնդրում եմ մեծ հարգանք ունենալ ձեր զգեստի նկատմամբ: Սպիտակ խալաթը, որը ձևավորում է սպիտակ բանակը, վերջին երկու տարվա ընթացքում ապացուցեց ևս մեկ անգամ, որ նրա հանդեպ յուրաքանչյուր մարդ պետք է տածի ակնածանք և հարգանք»,-Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին շնորհավորելով՝ նշեց բուհի ղեկավարը՝ նրանց բարի երթ մաղթելով:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը՝ շնորհավորելով ուսանողների մուտքը բժշկական համալսարան, նշեց, որ ուսանողներն ընտրել են կարևոր, պատասխանատու և դժվար մասնագիտություն:
«Ձեր կյանքում կարևոր փուլ է, կարողացաք հաղթահարել և ընդունվել բժշկական համալսարան, իրականացնել ձեր և ձեր ծնողների երազանքը: Ցանկանում եմ, որ այս տարիները ձեզ համար լինեն ամենահիշվող տարիները, այս տարիների ընթացքում դուք կարողանաք իրականացնել ձեր ցանկությունների մեծ մասը: Բժիշկ դառնալու ճանապարհը այնքան էլ հեշտ չէ: Ընդունվել դեռ չի նշանակում, որ կարող եք ավարտել բուհը: ԵՊԲՀ-ն ամենակարգապահ և ամենապահանջկոտ բուհերից մեկն է, այստեղ պետք է կատարեք ամենօրյա աշխատանք, ամենօրյա դասապատրաստում և մասնակցում դասերին: Մեզ համար կարևոր է ամենօրյա պատրաստվածությունը, կարգապահությունն ու ազնվությունը»,-նշեց Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանը:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան Աննա Ավետիսյանը միանալով բոլոր շնորհավորանքներին, որոնք մինչև այժմ հնչել էին, շեշտեց, որ միայն լավ կրթությամբ է հնարավոր նպաստել հայրենիքի ապաքինմանը և առաջընթացին:
«Շնորհավորում եմ ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրելու առթիվ, դա արդեն զգալի խոսում է ձեր մասին, մաղթում եմ, որ լինեք լավ բժիշկներ, իսկ լավ բժիշկը պետք է ունենա պարտքի և պատասխանատվության գիտակցում: Վատ մարդը չի կարող լավ բժիշկ լինել, որովհետև բժիշկը պետք է օժտված լինի գթասրտությամբ, կարեկցանքով այլոց ցավի հանդեպ: Լավ բժիշկը կոչում է, առաքելություն է, մեծածավալ աշխատանք է և անսահման նվիրում: Ցավոք սրտի ձեր սերունդը ևս ականատես եղավ պատերազմ կոչվող արհավիրքին: Մեր հայրենակիցների անդառնալի կորուստը և հայրենիքի մի մասի կորսման կսկիծը պետք է հաղթահարենք ձեռք ձեռքի տված: Լինի ռազմաճակատում, գիտահետազոտական լաբորատորիայում, համաճարակի դեմ պայքարում բժշկի մասնագիտությունը պահանջում է անձնազոհություն, իզուր չէ, որ բժշկի մասնագիտութնուն բնութագրվում է այսպես՝ «այրվում եմ՝ ուրիշներին լուսավորելով»»,-ընդգծեց փոխդեկանը:
Այնուհետև ուսանողներին ներկայացվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, կազմակերպչական և կարգապահական հարցերը: