Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալել էր Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Տյուբինգենի փորձարարական և կլինիկական ֆարմակոլոգիայի և թունաբանության ինստիտուտի ղեկավար Մաթիաս Շվաբին և Տյուբինգենի համալսարանի բջջային/մոլեկուլային ֆարմակոլոգիայի լաբորատորիայի վարիչ (Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոն) Լուսինե Դանիելյանին։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ շրջայցից հետո գիտնականներին ընդունեց բուհի ղեկավար Արմեն Մուրադյանը։
Մաթիաս Շվաբը նշեց, որ տպավորված է կենտրոնում առկա տեխնոլոգիաներով և լայն հնարավորություններով։
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց․ «Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ։ Մենք անում ենք ամեն ինչ փոխադարձ համագործակցությունն ավելի խորացնելու համար։ Համագործակցությունն ընդլայնելու տեսակետից երկու ուղղություն ունենք՝ հրավիրել առաջատար մասնագետներին և, իհարկե, պատրաստել մեր մասնագետներին»։
Մաթիաս Շվաբը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու կրթության, հետազոտությունների և այլ մակարդակներում։
«ԵՊԲՀ-ն, ինչպես նաև համալսարանի կազմում գործող «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը տարածաշրջանում առաջատար են ու շատ գրավիչ։ Դուք կրթություն եք տալիս բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ գիտնականների։ «Ուղեղի կենտրոնն» ունի բոլոր նախադրյալները գերազանցության կենտրոն դառնալու համար», – ընդգծեց գերմանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին և 30-ին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում Մաթիաս Շվաբը և Լուսինե Դանիելյանը կներկայանան գիտահեն դասախոսություններով։