Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Կապիկի ծաղկի վիրուսը նման է բնական ծաղկի վիրուսին:
Մայիսի կեսերից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնեց Աֆրիկայից դուրս գրանցված Կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի մասին՝ Եվրոպայում (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա), Իսրայելում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում:
Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի փորձը՝ շատերի մոտ մտավախություն առաջացավ, որ մարդկությունը կարող է բախվել երկրորդ գլոբալ, վիրուսային ճգնաժամին՝ կապիկի ծաղիկ (Monkeypox) հիվանդությանը:
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հանրային առողջության ոլորտում հայտարարեց արտակարգ դրություն՝ պայմանավորված Կապիկի ծաղիկ հիվանդությամբ:
COVID-19-ը շատ երկրներում բացահայտեց ազգային առողջապահական ենթակառուցվածքի թերությունները՝ սկսած առողջապահական հավասարության խնդիրներից մինչև մատակարարման շղթայի դադարեցման նկատմամբ խոցելիությունը:
Ջոնս Հոփքինսի համալսարանի փորձագետները ներկայացրել են հնարավոր համավարակի վերաբերյալ իրենց մտքերն ու առաջարկները:
Բլումբերգի հանրային առողջության դպրոցի դոցենտ, Ջոնս Հոփքինսի համալսարանի առողջության անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ամեշ Ադալյան Կապիկի ծաղիկի համավարակի բռնկման դեպքում կարևորում է COVID-19-ին ԱՄՆ արձագանքի սխալներն ու թերությունները։ «Օրինակ՝ դեպքերը բացահայտելու խոչընդոտները, հակավիրուսային բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ պարտադիր թղթաբանությունը, բյուրոկրատական արհեստական սահմանափակումները Դանիայում չափազանց երկարաձգեցին պատվաստանյութերի կիրառումը: Այս ձախողումները կարելի է միավորել նախաձեռնողական դիրքորոշման բացակայության ներքո», – ավելացնում է փորձագետը:
Բլումբերգի հանրային առողջության դպրոցի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության դոկտորանտ Թոմ Կարպինոյի համոզմամբ՝ Կապիկի ծաղիկ վիրուսի (Monkeypox Virus – MPV) առաջացումը համաշխարհային սպառնալիք է, որը պետք է լրջորեն ընդունվի բոլորի կողմից: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, նրա խոսքով, այս վիրուսն ախտահարել է ավելի քան 25,000 մարդու ամբողջ աշխարհում և շրջանառվում է 75 երկրում, ներառյալ ԱՄՆ-ը:
Որքանո՞վ է իրավիճակը մտահոգիչ:
Ջոնս Հոփքինսի բուժքույրական դպրոցի վարակիչ հիվանդությունների համաճարակաբան Ջեյսոն Ֆարլին նշում է, որ հիվանդության մասով մահացությունը ցածր է, սովորաբար՝ 3%-ից պակաս: «Կապիկի ծաղիկ վարակը կարող է առաջացնել ցավոտ ախտանիշներ և հանգեցնել ընտանիքից, ընկերներից ու աշխատանքից հեռու լինելուն: Կարծում եմ, որ բոլորը պետք է ունենան համապատասխան մակարդակի մտահոգություն այս հիվանդության վերաբերյալ», – շեշտում է փորձագետը: Նրա խոսքով՝ ռեսուրսներով հարուստ երկրներից կրկին պահանջվում է հաշվի նստել այն հանգամանքի հետ, թե ինչպես են գլոբալիզացիան, անտառահատումները, կլիմայի փոփոխությունը և ճանապարհորդությունները շարունակելու ազդել հիվանդությունների տարածման վրա: «Աշխարհի ցանկացած վայրում բացահայտված վարակիչ հիվանդությունը կարող է մեկ ակնթարթում հայտնվել հենց մեր տանը», – եզրափակում է Ջեյսոն Ֆարլին:
Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ, ըստ վերջին տվյալների, հիվանդ մարդու հետ սերտ կոնտակտ չունեցած բնակչության համար վարակվելու հավանականությունը գնահատվում է չափազանց ցածր։