Բժշկական բուհը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիի (նստավայրը՝ Հռոմ) գլխավորած պատվիրակությանը։
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը եվրոպացի հյուրերին ներկայացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրման պատմությունը, ուսումնական ծրագրերը, ֆակուլտետները և հիվանդանոցները։ «Մեր համալսարանում ուսանողների թիվն անցնում է 5000-ից, որոնցից 2000-ն արտասահմանցի ապագա բժիշկներ են 33 երկրից», – նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ն ներկայումս անցնում է միջազգային հավատարմագրման գործընթաց։
Երվանդ Սահակյանի խոսքով՝ բժշկական համալսարանը համագործակցում է Եվրոպայի, ԱՄՆ-ի, ասիական ու հետխորհրդային երկրների մոտ 22 համալսարանի հետ։
Դեսպան Դոմենիկո Արդուինին հայտնեց, որ իր առաքելությունն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի բնակչությանը։ Դիվանագետը կարևորեց Երևանի պետական բժշկական համալսարանի և Հռոմի պետական համալսարանի միջև համագործակցության խորացումը՝ դիտարկելով առաջիկայում բուհերի միջև հուշագրի ստորագրումը։ Անդրադարձ կատարվեց նաև ուսանողների և կլինիկական օրդինատորների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորություններին։