Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջբուհական բարեկամություն և համագործակցության ծրագրեր Կոպենհագենի համալսարանի հետ սննդաբանության ոլորտում

Միջբուհական բարեկամություն և համագործակցության ծրագրեր Կոպենհագենի համալսարանի հետ սննդաբանության ոլորտում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Կոպենհագենի համալսարանի հետ, Erasmus + ծրագրի շրջանակում բիլատերալ/երկկողմ հանդիպումներ է անցկացրել: 

Հիգենիայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը պատմել է այցի, միջբուհական հետագա համագործակցության մասին: 

«Սա Erasmus + երկրորդ բիլատերալ ծրագիրն էր Կոպենհագենի համալսարանի և ԵՊԲՀ միջև: Փոխանակային առաջին ծրագիրն իրականացվել է 2017-2018թթ.: Այդ ժամանակ միայն դասախոսներն էին ընդգրկված ծրագրում. մասնակցություն թրեյնինգների, դասընթացների: Կոպենհագենի համալսարանի 3 պրոֆեսոր մեզ մոտ դասախոսություններ են հանդես եկել: Անմիջապես ծրագրի ավարտից հետո Կոպենհագենի համալսարանի սննդաբանության երկու մագիստրոս են գործուղվել ԵՊԲՀ՝ մասնագիտական պրակտիկան անցնելու մեր ամբիոնում: Դրական արձագանքներից հետո դանիական կողմն առաջարկեց, որին մենք սիրով համաձայնեցինք. երեք կլինիկական օրդինատոր մրցութային կարգով ընտրվեց և մայիսի 15-ին՝ 3 շաբաթով մեկնեց Կոպենհագեն. գաստրոէնտերոլոգ Անուշ Մկոյանը, մանկաբույժ Անի Ալավերդյանը և էնդոկրինոլոգ Դալար Թումասյանը: Որոշել էինք այնպիսի ամբիոններից օրդինատորների ընդգրկել, որոնք շատ են առնչվում սննդաբանական խնդիրների հետ մասնագիտական ոլորտում»,-նշում է Արմեն Մկրտչյանը՝ շեշտելով, Կոպենհագենի համալսարանի սննդաբանության և սպորտի ամբիոնը լավագույն սննդաբանական ամբիոններից է Եվրոպայում:

Կլինիկական օրդինատորները մասնակցել են ուսանողնական խմբային աշխատանքների, հետազոտական խմբերի աշխատանքներին բազմաթիվ հանդիպումներ են ունեցել կլինիկական սննդաբանների հետ, ճարպակալման կենտրոնի ղեկավարի հետ, և դրական էմոցիաներով և գիտելիքներով ու գործնական հմտություններով զինված վերադարձել հարազատ ամբիոններ: 

«Այնուհետև Հիգենիայի և էկոլոգիայի ամբիոնից 4 դասախոս մեկնեց՝ պրոֆեսոր Արմինե Քոթանյանը, դոցենտ Նաիրա Խաչիկյանը, ավագ դասախոս Արմինե Ասլանյանը և ես: Մարդիկ, որոնք սննդաբանության ոլորտում են աշխատում արդեն վաղուց: Բավականին հագեցած ծրագրով էինք մեկնել․ դասընթացների մասնակցություն, անհատական հանդիպումներ հետազոտական խմբերի ղեկավարների հետ: Քննարկումներ ունեցանք սիրտ-անոթային համակարգի և սննդի կապն ուսումնասիրող գիտական խմբի ղեկավարի հետ, տրանս ճարպերի վերաբերյալ ևս հետաքրքիր քննարկումներ ունեցանք»,-ընդգծում է ամբիոնի դոցենտը: 

Մեզ հրավիրեցին նաև գիտական թեզի պաշտպանության, և որ ամենակարևորն է ես մասնակցեցի սննդաբանության ծրագրի վերանայման և հաստատման հանդիպում-քննարկումների շարքի։ 

Հետաքրքիր էին նաև հանդիպումները գործնական հմտությունների և կլինիկական սննդաբանության դասընթացների պատասխանատուների հետ։ 

Նրա խոսքով, հագեցած օրակարգից բացի, նրանց ջերմ վերաբերմունք են ցուցաբերել՝ ցանկացած հարցում պատրաստ աջակցելու: 

«Մենք շատ կարևոր և լավ ծրագիր ունենք: Ցանկանում ենք փակել Հայաստանում գոյություն ունեցող բացը՝ դիետալոգիայի և կլինիկական սննդաբանության հետ կապված: Այժմ  շատերն են զբաղվում  սննդաբանությամբ: Մենք ջանքեր չենք խնայում, որպեսզի բժշկական համալսարանում ստեղծենք առողջ ապրելակերպի և սննդաբանության ժամանակակից գիտակրթական կենտրոն: Ինձ համար շատ ուրախալի և կարևոր էր լսել, թե դանիական կողմից ծրագրի կոորդինատոր պրոֆեսոր Սյուզան Բյուգելն որքան լավ կարծիք ուներ մեր կլինիկական օրդինատորների վերաբերյալ և ինչպես սիրով համաձայնեց շարունակել մեր բուհերի միջև արդեն ձևավորված բարեկամությունը, աջակցելով մեզ մեր նպատակին հասնելու բարդ ճանապարհին»,-իր խոսքն ամփոփելով՝ ապագա ծրագրերի մասին է մանրամասնում Արմեն Մկրտչյանը: